Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի շրջանի Այգեստան գյուղում 73 զինծառայողների զոհվելու դեպքի վերաբերյալ գործով տուժողների հարցաքննությունը։ Դատարանում ցուցմունք տվեցին զոհված զինծառայողների ծնողներ Ալեքսանդր Ղազարյանը եւ Արթուր Թեւոսյանը։
Ինչում են մեղադրվում սպաները
Այս գործով երկու մեղադրյալ կա՝ ՊԲ N զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ նրանք պատերազմի ընթացքում իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսեւորել եւ չեն կատարել դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։
73 զինծառայողները՝ ՊԲ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի ողջ անձնակազմը, զոհվել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղում, երբ նրանց վրա հարձակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերը։ Նրանք Այգեստան չպիտի գնային, այլ համապատասխան երթուղով մեկնեին Հադրութի շրջանի «9 կմ» կոչվող տեղամաս եւ անցնեին ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի հրամանատարության ներքո։
Ըստ մեղադրանքի՝ ՊԲ հրամանատարի կողմից հոկտեմբերի 11-ին արձակած՝ մեկ վաշտ 18-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո ուղարկելու մարտական կարգադրության հիման վրա ՊԲ N զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը 7-րդ վաշտին նույն օրը տվել է մարտական կարգադրություն, որում չեն ներառվել եւ պահպանվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան դիրեկտիվով մարտական կարգադրության ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները։ Ապա նույն օրը կեսօրին Իշխանյանը ՊԲ օպերատիվ շտաբ է զեկուցել անձնակազմի երթը սկսվելու մասին, որի մասին օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Ջալալ Հարությունյանը հանձնարարել է վաշտի երթի մասին տեղեկացնել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին, մինչդեռ Նվեր Մարտիրոսյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ երթի սկսման մասին չի հայտնել հրաձգային դիվիզիայի հրամանատարին, չի կազմակերպել ու վերահսկել մեկնող անձնակազմի տեղաշարժը։ Այսպիսով, նրանց դիմավորող չի եղել եւ վաշտի անձնակազմը նախանշված տեղից ավելի է անցել ու հայտնվել շրջափակման մեջ։
Այժմ գործով երկու մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրված չբացակայելու արգելքը, իսկ դատական նիստերն ընթանում են առանց նրանց մասնակցության։
Մինչեւ պատերազմի ավարտ ծնողները չեն իմացել, որ որդիները զոհվել են․ Ալեքսանդր Ղազարյանի հարցաքննությունը
Տուժող Ալեքսանդր Ղազարյանի որդին՝ Էդուարդ Ղազարյանը, 44-օրյա պատերազմի սկսվելու ժամանակ արդեն 1 տարի 9 ամիս ժամկետային ծառայության մեջ է եղել Մարտունու N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտում։ Սեպտեմբերի 27-ից նա մարտական հերթապահության է եղել Մարտունու 3-րդ պաշտպանական շրջանի առաջնագծում։ Վերջին անգամ հոր հետ խոսել է հոկտեմբերի 10-ին, դրանից հետո ընտանիքի անդամների հետ կապը կորել է, եւ հարազատները միայն պատերազմի ավարտից հետո են իմացել, որ որդին վաշտի ողջ անձնակազմի հետ զոհվել է Հադրութում։
Զոհվածների հարազատները՝ նիստերի դահլիճում
Ալեքսանդր Ղազարյանի խոսքով՝ պատերազմի ընթացքում հույս են ունեցել, որ Էդուարդի հետ ամեն ինչ կարգին է, քանի որ Մարտունու զորամասի դիրքերը լավ կահավորված են եղել։ Հայրը հոկտեմբերի 12-ին Արցախում է եղել եւ Ասկերանում մարտական գործողություններին մասնակից իր ընկերներից է իմացել, որ որդու վաշտի հետ կապը կորել է․ «Ինձ ասեցին ուղղակի կապ չկա, երեխեքը գործողության են, մենք Ասկերանի յան էինք, ռմբակոծում էին։ Ասեցին արխային գնա, արտիլերիան ա աշխատում, մենք բան կանենք, կկապնվեն քո հետ․․․ Բայց դու մի ասա՝ սաղ սուտ էին խոսում էլի»։
Հաջորդ անգամ միայն նոյեմբերի 11-ին են Ալեքսանդրը, կինը եւ նրանց մեծ որդին գնացել Արցախ։
- Այսինքն՝ մինչեւ նոյեմբերի 9 դուք չեք իմացել, որ ձեր որդին զոհված է,- ասաց հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը։
- Չէ, էդի ով ա իմացել։ Ասում էին՝ գնացել են գործողության, կապ չկա, բայց սկի խաբար չէին, թե ոնց կապ չկա։ Բայց հետո, որ գնացինք չաստ, ծնողները մանր-մանր հավաքվան, սկսանք իրար ճանաչել, նայեմ՝ աֆիցեռները ցավակցում են, խառնվանք իրար՝ ոնց ցավակցում են։ Նոր Իշխանյանի հետ հանդիպեցինք, ասեց՝ դե, գնացել են գործողության, կապը չկա, չգիտենք՝ էդ վաշտը ուր ա։
- Մոտ մեկ ամիս եւ ավելի զորամասից որեւէ մեկը ձեզ չի հայտնե՞լ, որ երեխաները չկան կամ կապ չկա, կամ ենթադրենք գերի են, կամ զոհվել են։
- Չէ, ոչ մի բան, ասել են՝ գնացել են գործողության, կապը չկա։
- Երբ պարզ դարձավ, որ ձեր որդիները զոհվել են, դրանից հետո ո՞ւմ եք հանդիպել, ի՞նչ է պարզվել։
- Առաջին հերթին Իշխանյանի հետ էինք հանդիպում, Իշխանյանի կողքը վեչնի եղել ա 3-րդի կամանդիր դիվիզիին՝ Պողոսյան Սամվելը։ Շուշիում, որ դիակներ էինք հանում, խառը վիճակ էր, չէինք իմանում՝ ինչ ա կատարվում, Իշխանյանի հետ էդ վախտ հանդիպեցինք, էլի իրանն էր պնդում, որ էդ երեխեքին հեսա հանգստացեք, կգնանք, կհանենք, կարող ա պախկված են․․․ Ոչ մի բան չէր ասում։
Ալեքսանդր Ղազարյանը
Ալեքսանդր Ղազարյանն ասաց, որ պատերազմի ավարտից հետո Հադրութից կարողացել են հանել իրենց զավակների մարմինները․ «Երեխեքին սկսանք հանելը։ Կոդավորելը, ուղարկելը Երեւան․․․»։
Ըստ տուժողի՝ զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանն ասել է, որ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանն է հրաման տվել, որ զորքը գնա ու անցնի 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի հրամանատարության տակ։ Այդ ժամանակ Ալեքսանդր Ղազարյանն Իշխանյանին հարցրել է՝ բայց Մարտունի 3-ը Կարեն Առստամյանի հետ ի՞նչ կապ ունի։ Այս հարցը ծագում է, քանի որ Մարտունի 2-ն է եղել 18-րդ հրաձգային դիվիզիայի կազմում, ոչ թե Մարտունի 3-ը։ 3-րդ պաշտպանական շրջանի դիվիզիայի հրամանատարը եղել է Ալեքսանդր Ղազարյանի հիշատակած Սամվել Պողոսյանը։
Ինչպես նախորդիվ հարցաքննված ծնողները, այնպես էլ Ալեքսանդր Ղազարյանը հիշատակեց այն հանդիպման մասին, որը տեղի է ունեցել Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ ծնողների եւ հրամանատարների միջեւ։ Տուժողը եւս ասաց, որ երբ Արայիկ Հարությունյանը Գոռ Իշխանյանին հարցրել է՝ ինչո՞ւ չես զանգել երեխեքին [իմանալու համար, թե ուր են հասել], Իշխանյանն ասել է՝ «մտքովս չէր անցնում, որ կարող ա երկու ժամ հետո հասնեն ընդեղ»։
Տուժողը մտաբերեց նաեւ 1-ին գումարտակի հրամանատար (կամ հրամանատարի տեղակալ․ այս հանգամանքը դատարանում չի հստակեցվել) Սեւակ Սարգսյանի հետ ունեցած զրույցը։ Նա այն սպան է, որը նահանջել է իր զբաղեցրած մարտական դիրքից, որտեղ հետագայում նրանց փոխարեն ուղարկվել է 7-րդ վաշտի անձնակազմը։ Սարգսյանին Ղազարյանը հարցրել է՝ ինչո՞ւ ես թողել, փախել, քո պատճառով մեր երեխեքը զոհ դառան, ինչին Սեւակ Սարգսյանն արձագանքել է, թե՝ ո՞նց եմ փախել, եթե Իշխանյանն իմ հետեւից մեքենաներ է ուղարկել, ես էլ 300 հոգուց 3 զոհ տալով նահանջել եմ։
Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը
- Սեւակն ասեց՝ երբ մենք հետ եկանք, իմ ավտոյի մատոռն էր խփում, ես զեկուցել եմ, բան, գնացի, մտա լողանալու, մինչեւ եկա, հասա Ավոյի աղբյուրը, արդեն երեխեքին տարել էին,- նշեց տուժողը։
- Ըստ Սեւակի խոսքերի՝ նա դուրս է եկել, նահանջել էն հատվածից, որտեղ 7-րդ վաշտի զինծառայողներն ընկել են հերտակոծության տա՞կ,- հարցրեց հանրային մեղադրողը։
- Ինքը դեպի 9կմ-ից ա նահանջել, էրեխեքը հլը 9կմ-ն անցել են, իսկ ինքը արդեն 9կմ-ի կողմից ա նահանջել։
- Իսկ Գոռ Իշխանյանը իմացել է՞, որ 9կմ-ի շրջանն արդեն իսկ հրետակոծվում է։
- Բա եթե Սեւակը օգնություն ա խնդրում, ավտոներ ա խնդրում, ո՞նց չի իմացել։
- Երբ Սեւակը տեղեկացել է, որ 7-րդ վաշտի զինծառայողները գնացել են էն շրջան, որտեղից ինքը նահանջել է, որոշակի գործողություններ կատարել է՞, որ կանխի նրանց առաջ գնալը, կամ հայտնե՞լ է Գոռ Իշխանյանին։
- Ինքը մինչեւ էդ ա Գոռին ասել, ասել ա՝ ըտեղ երեխա չուղարկես։
Հաջորդիվ տուժողին հարցեր տվեց պաշտպան Դավիթ Կարապետյանը՝ հետաքրքրվելով՝ արդյոք 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանը մասնակցո՞ւմ էր ծնողների հետ հանդիպումներին։ Ալեքսանդր Ղազարյանն ասաց՝ այո, մասնակցում էր։ Պաշտպանը հարցրեց՝ իսկ Արայիկ Հարությունյանը նրան մեղադրե՞լ է, թե ինչու չի դիմավորել 7-րդ վաշտին։ Տուժողը մտաբերեց, որ ավելի շատ Կարեն Առստամյանն է մեղադրել ՊԲ այդ ժամանակվա հրամանատար Ջալալ Հարությունյանին եւ Գոռ Իշխանյանին․
- [Գոռին] ասեց՝ դու ինձի տեղյակ պահե՞լ ես։
- Գոռն ի՞նչ պատասխանեց,- հարցրեց պաշտպանը։
- Ձեն չհանեցին։ Ջալալը ըտեղ չէր։
- Գոռ Իշխանյանը ի՞նչ պատասխաներ, որ Կարեն Առստամյանի կապը Ջալալի հետ ա եղել, ի՞նչ կարելի էր ակնկալել։
- Վաբշետը կապը երկու դիվիզիաների կամանդիրների մեջ ա լինում,- նշեց տուժողը։
- Ահա, իսկ ինքը դիվիզիայի հրամանատար չի։ Լավ, իսկ Կարեն Առստամյանը Արայիկ Հարությունյանի ընկե՞րն է։
- Ես չեմ կարա ասեմ։
- Խոսքի մեջ տպավորություն ունեցե՞լ եք, որ Կարեն Առստամյանի նկատմամբ մի փոքր կանխակալ վերաբերմունք ունենա Արայիկ Հարությունյանը։
- Որ մոտի՞կ լինեն։
- Որ մոտիկ են, նկատեցի՞ք։
- Դե սաղ էլ իրար մոտիկ են, կարա լինի։
- Գոռ Իշխանյանի նկատմամբ Արայիկ Հարությունյանը մեղադրող հարցեր էր տալի՞ս, իսկ Կարեն Առստամյանի նկատմամբ էդպիսի բան չկա՞ր,- հարցրեց պաշտպանը, եւ ծնողներից մեկը տեղից ասաց, որ ոչ մեկի նկատմամբ էլ մեղադրական չի եղել։
Պաշտպան Դավիթ Կարապետյանը հարցրեց, թե Գոռ Իշխանյանը ինչ պիտի աներ, որ չի արել։ Ալեքսանդր Ղազարյանը նշեց, որ, ըստ իրեն, Գոռ Իշխանյանը պետք է ճանապարհն ապահովեր, պետք է քարտեզ տրամադրեր, կապի մեջ լիներ։ Երբ պաշտպանական կողմն ասաց՝ ի՞նչ քարտեզի անհրաժեշտություն է եղել, երբ զորքին հստակ տեղակայման վայր է ասվել, տուժողն ասաց, որ դեպի 9կմ գնացող երկու ճանապարհ է եղել։ Պաշտպանն էլ նշեց, որ Գոռ Իշխանյանը նաեւ ճանապարհն է ճշտել եւ հաղորդել վաշտին։
Գոռ Իշխանյանի եւ Նվեր Մարտիրոսյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանը, Դավիթ Կարապետյանը, Արման Բայադյանը, Արտակ Հովհաննիսյանը (աջից՝ ձախ)
Պաշտպանը տուժողից հետաքրքրվեց՝ հավատո՞ւմ է, որ իրականում Կարեն Առստամյանը չի դիմավորել զորքին։ Ալեքսանդր Ղազարյանն ասաց, որ հնարավոր է, սակայն միաժամանակ նշեց, որ երբ զանգել են Կարեն Առստամյանին, եկել, հանդիպել է իրենց, իսկ երբ զանգել են Գոռ Իշխանյանին, խուսափել է։
Կարեն Առստամյանն ասել է, որ իրենց տեղյակ չեն պահել վաշտի երթի մասին․ Արթուր Թեւոսյանի հարցաքննությունը
Հաջորդիվ հարցաքննվեց Արթուր Թեւոսյանը, որի երկու զավակներն էլ զոհվել են Հադրութի Այգեստան գյուղում։ Վահե եւ Դավիթ Թեւոսյանները Մարտունու առաջնագծում են եղել մինչեւ 9կմ մեկնելու հրաման ստանալը։ Սեպտեմբերի 27-ին Թեւոսյանի փոքր որդին եղել է Մարտունու առաջնագծում, մեծ տղան՝ Նուբարաշենում է եղել՝ դիպուակահրի դասերի, մի քանի օր հետո է մեկնել Արցախ ու ողբորից 100մ հեռու դիրքավորվել։ Թեւոսյանը շատ մանրամասների չէր տիրապետում իր որդիների զոհվելու հանգամանքի հետ կապված․ ասաց՝ շատ վատ վիճակում է եղել, եւ այդ հարցերով զբաղվել է իր եղբորորդին։
Արթուր Թեւոսյանը
«Ես ծնողներից եմ իմացել՝ ինչն ինչոց ա, որ իրանք գնացել են Արցախ, խաբել են, ասել՝ անտառներում են»,- ասաց Թեւոսյանը։ Ըստ նրա տեղեկությունների՝ Գոռ Իշխանյանն է հրաման տվել մեկնել 9կմ, իսկ այդ հրամանը ստացել է Ջալալ Հարությունյանից։ Հանրային մեղադրողի հարցին, թե ինչպես է ստացվել, որ Կարեն Առստամյանը զորքին չի դիմավորել, տուժողը պատասխանեց, որ Առստամյանն ասել է, որ իրեն որեւէ մեկը տեղյակ չի պահել, որ վաշտ են ուղարկում։
- Դուք հարցրե՞լ եք՝ ով պետք է ասեր,- ճշտեց հանրայն մեղադրողը։
- Ով ուղարկել ա, Գոռ Իշխանյանը, էլի, Ջալալն ա ուղարկել, Ջալալն ասում ա՝ ասել եմ։
- Այդ ժամանակ փորձե՞լ եք Գոռ Իշխանյանին կամ Ջալալ Հարությունյանին գտնել, կապ հաստատել։
- Այո՛, հանդիպել եմ Ջալալի հետ, ասում ա՝ ես ճիշտ եմ ուղարկել, ես էսինչ կոորդինատով եմ ուղարկել, գնդի հրամանատարն ա սխալ ուղարկել։
- Իսկ գնդի հրամանատարը ի՞նչ է ասում։
- Չեմ խոսել, ստեղ եմ տեսել։
Թեւոսյանն այլ տեղեկություններ չէր մտաբերում, շատ բաներ նա իմացել էր այն ծնողներից, որոնք մեկնել էին Արցախ, հանդիպել տարբեր զինվորականների հետ։ Տուժողն ասաց, որ սպասում է, թե երբ է հնարավորություն ունենալու հարցեր տալ Իշխանյանին եւ Ջալալ Հարությունյանին․ «63 տարեկանում ինձ թողեցին առանց ժառանգ, կարո՞ղ էր Գոռ Իշխանյանը ինձ զրկել զավակ ունենալու իրավունքից»։
Նշենք, որ դատական նիստերի դահլիճում իրավիճակն այսօր մի պահ լարվեց, երբ քննարկվում էր դատական նիստի օր նշանակելու հարցը։ Ծնողները մտավախություն ունեն, որ կարող է գործի վաղեմության ժամկետն անցնել, ու մեղավորները չպատժվեն։ Այս գործով նախորդ նիստը կայացել էր մեկ ամիս եւ ավելի առաջ, իսկ հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 10-ին։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)