Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այցը հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանում ԵՄ առաքելության (EUMA) անդամների ուղեկցությամբ, ցավոք, ԵՄ անդամ տարբեր երկրների և եվրոպական կառույցների «հակաադրբեջանական քաղաքականության» հերթական ցուցադրումն է. նման պնդմամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով Դուդայի այցը սահման:
«Խորապես ցավում ենք, որ պաշտոնապես Ադրբեջանի «ռազմավարական գործընկեր» երկրի նախագահը մասնակցել է անընդունելի դիվանագիտական «հեռադիտակային շոուին», որը հանգեցնում է Ադրբեջանի և Լեհաստանի միջև հարաբերությունների սրմանը։ Չնայած Ադրբեջանի պաշտոնյաների բազմաթիվ դիմումներին՝ ուղղված Լեհաստանի նախագահի աշխատակազմին և ԱԳՆ-ին, լեհական կողմը զերծ չի մնացել այս սադրիչ քայլից։ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան դիվանագիտական միջոցներ այս ոչ բարեկամական գործողության դեմ», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Դուդան Երասխում հանդիպել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի հետ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանի նախագահը նոյեմբերի 25-27-ը Հայաստան կատարած այցի շրջանակում կայցելի Երասխ համայնք՝ մասնակցելու Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։
comment.count (0)