1lurer.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիի կենտրոնում անկարգությունների վերածված բողոքի ցույցերը Վրաստանում մայդան կազմակերպելու անհաջող փորձ է անվանել և բնակչությանը վստահեցրել է, որ իրավիճակը վերահսկելի է։
«Եվրոպացի քաղաքական գործիչներն անտեսում են Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ արմատական ուժերի կողմից բռնության փաստերը, ինչը վկայում է նրանց երկակի ստանդարտների մասին»,- ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետը։ Նա նշել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն արդեն ունի եզրակացություն հոկտեմբերին կայացած խորհրդարանի ընտրության վերաբերյալ, և դա ընդհանուր առմամբ դրական է, բայց նույն եվրոպացի քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները հրաժարվում են ճանաչել այդ ընտրության օրինականությունը։
Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչներն էլ խուզարկություններ են կատարել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» և «Հանուն փոփոխությունների» կոալիցիա գրասենյակներում, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։
«Ոստիկանությունը կուսակցությունների ղեկավարներին թույլ չի տալիս մտնել իրենց աշխատասենյակներ: Սա ընդդիմությանը վախեցնելու փորձ է»,- լրագրողներին ասել է «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդներից Նիկա Մելիան։ Նրա խոսքով՝ իշխանությունների նման գործողությունները կհանգեցնեն Վրաստանում բողոքի ցույցերի ընդլայնմանը։
Այս պահին հայտնի է երեք ընդդիմադիր առաջնորդի, այդ թվում՝ մեդիա մենեջեր և «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդ Նիկա Գվարամիայի ձերբակալության մասին։
comment.count (0)