Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
18:33 - 05 դեկտեմբերի, 2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը

Հայերը՝ որպես էթնիկ խումբ, հազարամյակներ շարունակ բնակվել են Հայկական բարձրավանդակում։ Բայց մեր ծագման մասին գոյություն ունեն բազմաթիվ վարկածներ։ Դրանցից մեկն, այսպես կոչված, բալկանյան տեսությունն է, որի համաձայն հայերը ունեն բալկանյան ծագում։ Եթե պատմական փաստերը սուղ են, ապա գենետիկական տվյալներն այս հարցին ստույգ պատասխան են տալիս և հերքում նշված տեսությունը։ Այս մասին է վկայում օրերս American Journal of Human Genetics հեղինակավոր ամսագրում հրապարակված հետազոտությունը, որի  համահեղինակներն են Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի գիտնականները և նրանց արտասահմանյան գործընկերները։

 

Պատմիչի գրած 3 տողը մեր՝ փռյուգիացիներից սերելու վարկածի հիմք

Փռյուգիան երկիր էր Փոքր Ասիայի արևմտյան մասում (ներկայիս Թուրքիայի տարածքում)։ Միակ գրավոր աղբյուրը, որը խոսում է հայերի՝ փռյուգիացիներից ծագելու մասին, պատմիչ Հերոդոտոսի «Պատմություն ինը գրքից» աշխատությունից մի պարբերություն է․ «Հայերը, որոնք փռյուգիական գաղութարարներ են, զինված էին փռյուգիական ոճով։ Երկու ազգերն էլ (նկատի ունի հայերին ու փռյուգիացիներին,- խմբ․) գտնվում էին Արտոխմեսի հրամանատարության տակ, որը ամուսնացած էր Դարեհի դուստրերից մեկի հետ»։

Հետագայում այս պնդման հիման վրա սկիզբ դրվեց հայերի բալկանյան ծագման մասին տեսությանը։

 

Մեր ԴՆԹ-ն մեզ պատմում է հազարամյակներ առաջ ապրած մարդկանց մասին

Մոտ 10 տարի առաջ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիան արտասահմանյան գործընկերների հետ սկսեց մի ուսումնասիրություն, որը պիտի գար հերքելու հայերի փռյուգիական ծագման մասին վարկածը։

Մինչև հետազոտության մանրամասներին անդրադառնալը՝ կարևոր է իմանալ, թե որոնք են գենետիկայի հիմնական հասկացություններն, ու ինչ են դրանք նշանակում։

ԴՆԹ-ն մոլեկուլ է, որը կրում է գենետիկական ինֆորմացիա։ ԴՆԹ-ի առանձին հատվածները կոչվում են գեներ, որոնցից յուրաքանչյուրը կոնկրետ տեղեկություններ է պարունակում օրգանիզմի կառուցվածքի ու ֆունկցիաների մասին։ Գեներից բացի՝ ԴՆԹ-ն պարունակում է նաև չեզոք հատված, որը կազմում է ԴՆԹ-ի մեծ մասը։ ԴՆԹ-ի չեզոք հատվածն ու գեները միասին կազմում են  գենոմը։ Գենոմը անփոփոխ չէ․ ինչ-ինչ պատճառներով նրա որոշ մասերում կարող են փոփոխություններ տեղի ունենալ, որոնք անվանում են մուտացիաներ։ Մուտացիաները  փոխանցվում են ժառանգաբար՝ անցնելով հաջորդ սերունդներին։

Պարզվում է, որ  ժամանակակից մարդու ԴՆԹ-ն կարող է պատմել հազարավոր տարիներ առաջ ապրած ժողովուրդների  մասին։ Բանն այն է, որ ԴՆԹ-ի փոփոխությունների՝ մուտացիաների առումով էթնոսները տարբերվում են միմյանցից։ Ճիշտ է, մարդկությունը գենետիկական կառուցվածքով շատ նման է, սակայն կախված միջավայրից, խմբերի մեկուսացումից, միգրացիայից՝ որոշակի տարբերություններ կամ նմանություններ են առաջանում տարբեր խմբերի միջև, այսինքն՝ ամեն ազգ ունի իրեն բնորոշ մուտացիաներ, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ։ 

Հետևաբար, ունենալով ժամանակակից մարդու ԴՆԹ-ն, այսինքն՝ նրա գենոմի մասին ինֆորմացիան, գիտնականները, հիմնվելով  ժառանգած մուտացիաների վրա, կարող են վերականգնել նրա անգամ հեռավոր նախնիների ԴՆԹ-ն։ 

 

Մենք փռյուգացիների՞ց ենք սերում․ գենետիկական պատասխանը

Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիան հայկական գենոֆոնդը ուսումնասիրելու նպատակով մի քանի տարի առաջ սկսեց ուսումնասիրել ծագումով Արևելյան և Արևմտյան Հայաստաններից հայերի գենետիկական տվյալներ։ Սկզբում գիտնականները կենտրոնացան հայրական գծով ժառանգվող գենետիկական հատկանիշների վրա։ Ստացված արդյունքները ցույց տվեցին հայրական տոհմագծերի կառուցվածքի կայունությունը առնվազն վերջին մի քանի հազարամյակներում։ Բալկանյան տեսության համաձայն` փռյուգիացիների միգրացիան Հայկական բարձրավանդակ մոտ 3000 տարի առաջ է տեղի ունեցել։ Սա  կասկածներ առաջացրեց Հերոդոտոսի վկայության իսկության վերաբերյալ։

Գիտնականների մոտ միտք ծագեց․ եթե փռյուգացիները զանգվածաբար եկել էին այստեղ և Հայկական բարձրավանդակում հիմք դրել նոր ազգի, ապա նրանք պիտի ճանապարհին հետքեր թողած լինեին, և այդ հետքերը պիտի երևային մեր՝ հայերիս գենոմում։

Այս ենթադրության  իսկությունը ստուգելու համար գիտնականները վերցրին Բալկանյան թերակղզու երկրներում և այնտեղից Հայկական բարձրավանդակ տանող տարածքում՝ ներկայիս Թուրքիայում, ապրած մարդկանց հնագույն ԴՆԹ-ի մասին տվյալներ (այս նյութը ստացվել էր գտածո աճյունների  ոսկրանյութից)։


Քարտեզում կետերով նշված են այն տարածքները, որտեղի բնակիչներից վերցվել են  հնագույն կամ ժամանակակից ԴՆԹ-ի նմուշներ (աղբյուրը՝ Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիա)

Ապա գիտնականները հայկական ամբողջական գենոմը, որը ստացել էին 34 հայերից, համեմատեցին այս տարածաշրջաններում ապրած մարդկանց գենոմների հետ։ Նրանց  հետազոտությունը գենետիկական որևէ նմանություն չգտավ հայերի ու Բալկանյան տարածքում ապրող և ապրած խմբերի միջև։ 

Եթե հայերն ու Բալկանյան թերակղզում ներկայում ապրող ժողովուրդները նույն խմբից սերեին, ապա պիտի երկուսի մոտ էլ նույն մուտացիաները արտահայտված լինեին։ Սակայն գիտնականները հայերի ու նշված  ժողովուրդների միջև մուտացիաների նմանություններ չեն գտել։

«Նմանություններ չկան, գուցե այստեղ եկել են Բալկանյան թերակղզուց, բայց ոչ զանգվածային։ Ալեքսանդրի (Մակեդոնացու,- խմբ․) ժամանակ եկել են, բայց չեն հասել Հայաստան»,- ասում է հոդվածի համահեղինակ, էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը։

 

Սասունցիներն ասորական ծագում չունեն

Սա գիտնականների գրանցած միակ արդյունքը չէ։

Հայերի ամբողջական գենոմը ուսումնասիրելիս նրանք նաև նկատեցին որոշակի առանձնահատկություն Սասունի բնակիչների մոտ։ Նախ՝ հերքվեց նրանց ասորական ծագումը։ Այս միֆը տարածողները հիմնվում են Աստվածաշնչում հանդիպող մի ձևակերպման վրա, ըստ որի՝ ասորեստանցի արքա Սենեքերիմի որդիները եկել են Արարատի երկիր։ Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի գիտնականները սասունցիների ժառանգների ԴՆԹ-ն համեմատեցին այլ հայերի ու ներկայում ապրող ասորիների հետ։  Նրանք, մասնավորապես, համեմատեցին այն մուտացիաները, որոնք բնորոշ են կոնկրետ խմբերի և այլ խմբերի մոտ չեն հանդիպում։ Արդյունքում գիտնականները հայտնաբերեցին, որ սասունցիներն ու այլ տարածաշրջանների հայեր այդ մուտացիաների առումով նման են միմյանց, իսկ  ասորիների  հետ նմանություն չհայտնաբերվեց։

Սասունցիների սերունդներից վերցրած նմուշները հետազոտելիս պարզվեց նաև, որ մոտ 10 հազար տարի առաջ նրանց քանակի կտրուկ նվազում է գրանցվել։ Լևոն Եպիսկոպոսյանի խոսքով դրա պատճառները միայն ենթադրել կարելի է՝ ներխուժումներ, միջավայրի կտրուկ փոփոխություն կամ մի այլ պատճառ, որի մասին պատմական որևէ տեղեկություն չկա։

Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի ու գործընկերների  հետազոտությունը հայկական գենոֆոնդի ուսումնասիրության մի մասն է միայն։ Լաբորատորիան նպատակ ունի Պատմական Հայաստանի գենետիկական ատլաս ստեղծելու, որը կներառի Հայաստանի Հանրապետության, Արցախի, Արևմտյան Հայաստանի հայերի ու նրանց հաջորդների, ծպտյալ հայերի, հայկական ծագում ունեցող այլ խմբերի գենետիկական տվյալները։ Սա միջգիտակարգային համագործակցության ու երկարաժամկետ ծրագիր է, որն արդեն մեկնարկել է։

«Գիտությունը երբեք չի ավարտվում, այն ունի սկիզբ, բայց չունի վերջ»,- ամփոփում է Լևոն Եպիսկոպոսյանը։

 

Անի Խաչատրյան

Գլխավոր լուսանկարը՝ Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայից (հեղինակ՝ Սարգիս Խարազյան)

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել