Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 5-ին Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։
Պապիկյանն Օսթինին է ներկայացրել ՀՀ զինված ուժերում բարեփոխումների ընթացքը, նշել համագործակցության առաջնային ուղղությունները՝ ռազմական կրթություն, մարտական պատրաստություն, միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում վարժանքներ, արհեստավարժ սերժանտական և հրահանգչական ինստիտուտների զարգացում, ՀՀ զինված ուժերի ուսումնավարժական կարողությունների ստեղծում և այլն:
Պապիկյանը Ֆեյսբուքում գրել է, որ Օսթինն իր այցը պատմական է որակել։
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի՝ Պենտագոնի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանն ու բարեկեցությանը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև համագործակցությունը շարունակում է ընդլայնվել:
Օսթինն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին աջակցությունը շարունակելու հարցում։ Քննարկվել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցեր:
«Հաստատել եմ տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու Հայաստանի ձգտումը։ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն իր հերթին հայտնել է ԱՄՆ աջակցությունն այդ նպատակին», - Ֆեյսբուքում գրել է Պապիկյանը:
comment.count (0)