ԱՆԻՖ-ով բացահայտում չկա, որովհետև կա՛մ այն ուղիղ տանում է Նիկոլ Փաշինյանի, կա՛մ նրա մոտ մարդկանց վրա. Աննա Գրիգորյան
14:04 - 06 դեկտեմբերի, 2024

ԱՆԻՖ-ով բացահայտում չկա, որովհետև կա՛մ այն ուղիղ տանում է Նիկոլ Փաշինյանի, կա՛մ նրա մոտ մարդկանց վրա. Աննա Գրիգորյան

«Սրանք այն երկու կաղ, կույր, խուլ և խելքից պակաս փղերն են, որոնց վրա նրանք կառուցում են իրենց թեզերը»,-ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով իշխող քաղաքական ուժի այն պնդմանը, թե Հայաստանի տնտնեսությունում առաջընթաց կա, իսկ Հայաստանը երբեք այնքան անվտանգ չի եղել, ինչքան հիմա։

Պատգամավորը նշեց, որ 2025 թվականի բյուջեի նպատակներն անիրատեսական են նույնիսկ այն կառավարության կողմից վերանայելուց և աճը նախնական տարբերակից 10%-ով նվազեցնելուց հետո, իսկ պետական պարտքը հասցրել են աստղաբաշխական չափերի։

«Գործող կառավարությունը միայն պարտքի սպասարկման վրա ավելի շատ փող է տալիս, քան Առողջապահության, Արդարադատության, ԱԳ նախարարություններին, բոլոր մարզպետարաններին։ Երեք օրում Գյումրու բյուջեից ավելի շատ փողեր ենք դուրս տալիս պարտքի սպասարկման համար, իսկ արդյունքում ունենք ընդամնեը 5 % տնտեսական աճ, չնայած խոստացել էին առնվազը 7 %»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Անդրադառնալով անվտանգային խնդիրներին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ նշեց. «Ինչպես տեսնում ենք՝ խաղաղության պայմանագիր չկա, ավելին հերթական առաջադրված պահանջներն ենք մենք տեսնում, որոնք տարիներ առաջ երևի անհնար կլիներ պատկերացնել, որ նման պահանջներ  կհնչեն ՀՀ-ի նկատմամբ»։

Պատգամավորն անթուլատրելի համարեց, որ հայ ժողովուրդը և պատգամավորները տեղյակ չեն թե ինչ է բանակցվում Բաքվի հետ։

Գրիգորյանն աբսուրդային համարեց, որ քննարկման թեմա է դարձվում Հովիկ Աղազարյանի թեման և անդրադարձ չկա Ադրբեջանի հայտարարությանը, որ ադրբեջանցիները պետք է գան Հայաստան՝ հիշեցնելով, որ իշխանություններն ընդդիմության համար խոչընդոտներ էին ստեղծում Արցախցիների վերադարձի հարցող քննարկում կազմակերպելու համար, իսկ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով համաժողով են անում և հայտարարում Հայաստան ադրբեջանցիների գալու մասին։

Արթուր Խաչատրյանն էլ նկատեց, որ իշխանությունները անընդհատ հայտարարում էին, թե խաղաղության պայմանադրում 16 կետ կա,բայց նախորդ օրը Արարատ Միրզոյանը հայտարարել է 17-րդ կետի մասին և նշեց, թե գործող իշխանություններն ինչքան կռանում են ադրբեջանցիների կոշիկների մոտ, այնքան պահանջները շատանում են։

Պատասխանելով կոռուպցիոն գործերի շուրջ հետևողական քայլեր անելու մասին լրագրողի հարցին, Աննա Գրիգորյանն ասաց. «Դրանք իմ անձնական պատկերացումները չեն, այլ փաստաթղթավորված իրողություններ են։ Բոլորը գիտեն, որ ԱՆԻՖ հիմնադրամում 10 մլրդ դրամի մսխում է եղել։ ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է իրականացրել, բայց ինձ չեն տալիս դրանք ծանոթանալու՝ ասելով թե նախատեսված չէ ինձ ներկայացնելու համար, այլ վարչապետի համար է։ Այսինքն, առնվազը 2 տարի վարչապետի սեղանին է դրված բոլոր մանրամասնություններով, վատնումներով և բոլոր կոռուպցիոն սխեմաներով։ Մոտ երկու տարի է անցել՝ հակակառուպցիոնում գործը կա,այլ տեղերում էլ, Քննչականում էլ գործը կա, բայց որևէ բացահայտում չկա, ինչու, որովհետև կամ այն առնվազը տանում է Նիկոլ Փաշինյանի վրա և ինքը չի ուզում որպեսզի այն բացահայտվի, կամ այդ գործը տանում է մարդկանց վրա, ում Փաշինյանն ուզում է պահի, որ հրապարակային չլինի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել