1lurer.am: Ոմանք փորձում են ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին ռուսամետ ներկայացնել, բայց դա այդպես չէ՝ ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա հիշեցրել է, որ Թրամփի նախորդ պաշտոնավարման ընթացքում «հակառուսական պատժամիջոցների թիվը շատ մեծ էր»:
«Ամեն ինչ պարզ կլինի, երբ Դոնալդ Թրամփը ստանձնի նախագահի պաշտոնը։ Ինչպես ասել է Վլադիմիր Պուտինը, «գնդակն իրենց դաշտում է»: Մենք երբեք չենք ընդհատել մեր շփումները, կապերը տնտեսության, առևտրի, անվտանգության և այլ ոլորտներում»,- նշել է Լավրովը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հեռանկարին:
Հարցին, թե Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար Մոսկվան ինչ պայմանների է պատրաստ համաձայնել, եթե Թրամփի վարչակազմը հանդես գա համապատասխան առաջարկով, Լավրովը նշել է՝ հիմնական սկզբունքը Ուկրաինայի «ոչ բլոկային» կարգավիճակն է:
«Ոչ մի ՆԱՏՕ: Ոչ մի ռազմաբազա, ոչ մի զորավարժություն ուկրաինական հողում օտարերկրյա զորքերի մասնակցությամբ։ Վլադիմիր Պուտինն ասել է, որ այդ պայմաններն առաջադրվել են 2022 թվականի ապրիլի դրությամբ, այդ ժամանակից ի վեր ժամանակ է անցել։
Պետք է հաշվի առնել տեղում իրողությունները։ Իսկ դրանք ներառում են ոչ միայն շփման գծի փոփոխությունը, այլև Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետություններում, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում հանրաքվեից հետո Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության փոփոխությունները։ Այժմ նրանք արդեն Ռուսաստանի կազմում են՝ համաձայն մեր Սահմանադրության։ Սա իրականություն է»,- ասել է ռուս դիվանագետը։
comment.count (0)