Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է խաղաղության |armenpress.am|
11:28 - 09 դեկտեմբերի, 2024

Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է խաղաղության |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է խաղաղության։ Այս մասին Թրամփը հայտնել է New York Post պարբերականին՝ անդրադառնալով Փարիզի Աստվածամոր տաճարի բացման արարողության շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը։

«Նա ցանկանում է խաղաղություն հաստատել։ Սա նոր բան է։ Նա հրադադար է ուզում։ Նա խաղաղություն է ուզում։ Մենք մանրամասները չենք քննարկել: Նա կարծում է, որ եկել է ժամանակը, և (ՌԴ նախագահ) Պուտինը նույնպես պետք է մտածի, որ ժամանակն է, որովհետև երբ կորցնում ես 700 000 մարդու, ուրեմն ժամանակն է։ Այս ամենը չի ավարտվի, մինչև խաղաղություն չլինի», - ասել է Թրամփը New York Post-ին հեռախոսով։

«Ես հայեցակարգ եմ ձևավորում, թե ինչպես վերջ տալ այդ ծիծաղելի պատերազմին», - հավելել է Թրամփը։

Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս հայտարարել էր, որ իշխանության գալուց հետո 24 ժամում կդադարեցնի ռուս-ուկրաինական հակամարտությունը։

Իր հերթին «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վոլոդիմիր Զելենսկին «կցանկանար գործարք կնքել», և անհապաղ հրադադարի և բանակցությունների կոչ էր արել։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը ծանոթացել է Թրամփի այս հայտարարությանը, և նշել, որ Ուկրաինան շարունակում է հրաժարվել երկխոսությունից։ Պեսկովի խոսքով՝ Զելենսկին պետք է չեղարկի բանակցություններն արգելող հրամանագիրը և հանձնարարական տա վերսկսել երկխոսությունը «ստամբուլյան պայմանավորվածությունների հիման վրա՝ հաշվի առնելով տեղում ի հայտ եկած իրողությունները»։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել