2023 թվականին 57 դատավորներ, դատավորի օգնականներ, Դատական դեպարտամենտի աշխատակիցներ ստացել են մոտ 695 մլն դրամի 68 նվիրատվություն։ Այս մասին տեղեկանում ենք նրանց գույքի և եկամուտների հայտարարագրերից։ «Ինֆոքոմը» կարողացել է նույնականացնել 68 նվիրատուներից 45-ին և գտնել նրանց կապը պաշտոնյաների հետ։ Այսպիսով, Դատական իշխանության ներկայացուցիչները 2023 թվականին ամենաշատ նվիրատվություններ ստացել են ծնողներից և հարազատներից։
695 մլն դրամից 665 միլիոնը Դատական իշխանության ներկայացուցիչները ստացել են գումարի տեսքով, իսկ 30 միլիոնը՝ բնամթերային ձևով։
Գումարային արտահայտությամբ ամենամեծ նվիրատվությունները Դատական իշխանության ներկայացուցիչները ստացել են ծնողներից՝ մոտ 511 մլն դրամ։ Մոտ 16 մլն դրամի նվիրատվություն կատարածների կապը պաշտոնատար անձանց հետ պարզել չի ստացվել։
Ամենամեծ նվիրատվությունը ստացել է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը հորից՝ Գրիգորի Հարությունյանից։ Նվիրատվության չափը կազմել է 500 հազար ԱՄՆ դոլար։ Գրիգորի Հարությունյանը ԱԱԾ նախկին պետի տեղակալ է, նաև ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռին։
Դատավոր Անի Հարությունյանը 2022 թվականից որպես մեղադրյալ ներգրավված է ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործում։ Նրան մեղադրանք է առաջադրվել, քանի որ վերջինս, տեղյակ լինելով ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի եկամուտներով չհիմնավորվող և չհայտարարագրված 100 հազար ԱՄՆ դոլարի մասին, նախնական համաձայնություն է ձեռք բերել Նարինյանի հետ՝ օժանդակելով վերջինիս հանցավոր ճանապարհով ստացված՝ ապօրինի հարստացման արդյունքում առաջացած, հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների իրական ծագումը թաքցնելու հարցում։
Մեկ այլ խոշոր՝ 140 մլն դրամի նվիրատվություն ստացել է Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Ալինա Փխրիկյանը հորից՝ Մարտիրոս Փխրիկյանից։ Վերջինս հայտարարատու չէ, ուստի նվիրատվության միջոցների ծագման աղբյուրը տեսանելի չէ։ Հետաքրքիր է, որ այս նվիրատվությունը կազմել է Ալինա Փխրիկյանի 2023 թվականի եկամուտի շուրջ 90%-ը։
2023 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը 52 մլն դրամ նվիրատվություն է ստացել հորից՝ Սերգո Երիցյանից։ Համեմատության համար նշենք, որ նվիրատվությունը ավելի քան երկու անգամ գերազանցում է Սարգիս Երիցյանի նախորդ տարվա եկամուտը։
Պաշտոնյաները նվիրատվություններ ստացել են տարբեր արժույթներով՝ դրամ, ռուսական ռուբլի, ԱՄՆ դոլար և եվրո։
68 նվիրատուներից 2023 թվականին միայն 6-ն են եղել հայտարարատու։ Մյուս 62 նվիրատուների դեպքում նվիրատվության միջոցների ծագման աղբյուրը տեսանելի, հետևաբար հանրության համար հետագծելի չէ։
Հայտարարատու նվիրատուներից է Վարազդատ Բադալյանը՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արուս Հայրապետյանի ամուսինը։ Վերջինս 2023 թվականին կնոջը նվիրաբերել է 12 մլն 950 հազար դրամ կամ իր՝ այդ տարվա եկամուտի շուրջ 61%-ը։
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական Լուսինե Դավթյանի հետ համատեղ բնակվող Ալվարդ Դավթյանը 2023-ին դատավորի օգնականին է նվիրաբերել 3.2 մլն դրամ, մինչդեռ այդ տարի վերջինիս եկամուտը կազմել 495 հազար դրամ։ Ալվարդ Դավթյանը տարվա սկզբի դրությամբ ունեցել է նաև շուրջ 3 մլն դրամի ավանդ, որը տարվա վերջում զրոյացել է։
Որոշ պաշտոնյաներ վերջին երկու-երեք տարիներին անընդմեջ նվիրատվություններ են ստացել. նրանցից ոմանք՝ նույն անձանցից
«Ինֆոքոմը» ուսումնասիրել է նաև Դատական իշխանության ներկայացուցիչների 2021 և 2022 թվականների հայտարարագրերը և նկատել հետևյալ օրինաչափությունը. որոշ պաշտոնյաներ նվիրատվություններ են ստացել վերջին երկու կամ երեք տարին անընդմեջ։
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանն արդեն երեք տարի է, ինչ նվիրատվություններ է ստանում Գարուշ Ստեփանյանից։ 2021-ին ստացել է 8500 ԱՄՆ դոլար, 2022-ին՝ 9000 ԱՄՆ դոլար, իսկ 2023-ին՝ 2000 ԱՄՆ դոլար: Քանի որ Գարուշ Ստեփանյանը հայտարարատու չէ, փորձել ենք հասկանալ՝ արդյո՞ք ունի որևէ ընկերություն կամ զբաղվում է բիզնես գործունեությամբ։ Այդ մասին տվյալներ, սակայն, իրավաբանական անձանց պետական ռեգիստրում չեն հայտնաբերվել։
Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը երեք տարի անընդմեջ նվիրատվություններ է ստանում եղբորից՝ Ռոբերտ Ազրոյանից։ 2021-ին ստացել է 3500 ԱՄՆ դոլար, 2022-ին՝ 3000 ԱՄՆ դոլար, իսկ 2023-ին՝ 5000 ԱՄՆ դոլար:
Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար Ֆիլիպ Ղազարյանը հորից՝ Ղազար Ղազարյանից, նվիրատվություններ է ստացել երեք տարի շարունակ. 2021 թվականին՝ շուրջ 3.6 մլն դրամ, 2022-ին՝ 330 հազար դրամ, իսկ 2023-ին՝ 240 հազար դրամ։
3 տարի անընդմեջ նվիրատվություններ է ստացել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի օգնական Անուշ Մխիթարյանը։ Դատավորի օգնականը Ջուլիետտա Թումանյանից ստացել է ընդհանուր 735 հազար դրամ:
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական Լիանա Բաղրամյանը 2021-ին ստացել է շուրջ 1.7 մլն դրամ, 2022-ին՝ ընդհանուր 240 հազար ռուսական ռուբլի, իսկ 2023-ին՝ 280 հազար ռուսական ռուբլի՝ եղբորից՝ Մհեր Բաղրամյանից։
Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը 2021-ին եղբորից՝ Դավիթ Պետրոսյանից, ստացել է 1 մլն դրամ, իսկ 2022-ին՝ 2 մլն դրամ, իսկ 2023-ին՝ 1.6 մլն դրամ։
Վճռաբեկ դատարանի դատավորի օգնական Արամ Թումեյանը 2021 թվականին հորից և այլ հարազատներից ստացել է ընդհանուր շուրջ 26 հազար ԱՄՆ դոլար նվիրատվություն, 2022-ին՝ շուրջ 11 մլն դրամ, և իսկ 2023 թվականին հորից՝ Աշոտ Թումեյանից, ստացել է ընդհանուր 11 մլն դրամ։
3 տարի անընդմեջ նվիրատվություններ է ստացել նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական Գոռ Գասպարյանը՝ ընդհանուր շուրջ 16.5 մլն դրամի։ Նվիրատուներին, սակայն, նույնականացնել չհաջողվեց։
Եւս 24 դատավորների և դատավորի օգնականների անուններ համընկել են երկու անգամ, երբ փնտրել ենք նրանց ստացած նվիրատվությունները 2021, 2022 կամ 2023 թվականներին։
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը նշում է, որ նվիրատվությունները կարող են պարունակել տեսական ռիսկեր, ուստի անհրաժեշտություն կա բոլոր իրավիճակները մանրամասն ուսումնասիրելու, նվիրատվության հանգամանքները պարզաբանելու։ Եթե նվիրատուն ընտանիքի անդամ է, առաջին հայացքից կարող է թվալ, թե պաշտոնյայի վրա ազդեցություն ունենալու ռիսկեր չեն կարող լինել, մինչդեռ կարևոր է համոզվել, որ ընտանիքի անդամը, որը պաշտոնյային նվիրատվություն է կատարում, ունի դրա համար բավարար միջոցներ. «Այս հանգամանքով պայմանավորված՝ տեսականորեն կարող են լինել մի շարք ռիսկային խնդիրներ։ Կարող են, օրինակ, փոխկապակցված անձանց, մտերիմ, հարազատական կապեր ունեցող անձանց կապերը օգտագործվել երրորդ անձի կողմից՝ գործարքներ ծածկելու համար։ Նվիրատվությունների միջոցով կարող են փորձել երրորդ կողմի շնորհակալությունը պաշտոնյային հայտնելու համար միջնորդ հանդիսանալ մերձավոր ազգականները կամ ընտանիքի անդամները։ Ոչ թե պաշտոնյան անձամբ է այդ շնորհակալությունը կամ կաշառքը ստանում այլ միջնորդավորված՝ ընտանիքի անդամի միջոցով»,- մանրամասնեց Խուդավերդյանը՝ շեշտելով, որ յուրաքանչյուր դեպք առանձին ուսումնասիրության կարիք ունի։
Արմեն Խուդավերդյանը նշում է նաև, որ կարևոր է հասկանալ՝ նվիրատվության միջոցների աղբյուրն արդյո՞ք երրորդ կողմն է, թե՞ ոչ։ Անդրադառնալով այլ ռիսկերին՝ փորձագետը նշում է, որ նվիրատվությունները շատ դեպքերում կարող են օգնել, որ պաշտոնյաները հիմնավորեն իրենց կանխիկ դրամական միջոցների աղբյուրը կամ խուսափեն հարկերի վճարումից, քանի որ նվիրատվության եղանակով կատարված գործարքները ազատված են հարկերից։
«Այս բոլոր իրավիճակները, իհարկե, ունեն տեսական բնույթ։ Շատ կարևոր է, որ նվիրատվության բոլոր գործարքները «հալած յուղի տեղ» չընդունվեն հայտարարագրի մեջ, և չասեն՝ իմ հարազատներն են, կամ այսինչ միջոցառումներից եմ ստացել նվիրատվություն, ուրեմն խնդիր չկա։ Դրանք բոլորը պետք է ենթակա լինեն մանրամասն ուսումնասիրությունների և հանգամանքների պարզաբանման»,- հավելում է Խուդավերդյանը։
Հայտարարագրերի վերլուծությամբ զբաղվող պետական մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), օրենքով իրավասու է հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից, տվյալ դեպքում՝ նվիրատուներից, եթե անգամ նրանք հայտարարատու չեն, ըստ անհրաժեշտության, պահանջելու իրավիճակային հայտարարագիր։
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրենքի համաձայն՝ կառույցն իրականացնում է հայտարարագիր լրացնելու և ներկայացնելու պահանջների պահպանման, հայտարարագրված տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգում, հայտարարագրված տվյալների մաթեմատիկական վերլուծություն, ռիսկային ցուցանիշների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն, հայտարարագրերի վերլուծության համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակող լրատվամիջոցների հրապարակումների կամ անձանց գրավոր դիմումների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն:
«Ինֆոքոմը» նաև մեկնաբանություն էր խնդրել Բարձրագույն դատական խորհրդից այն մասին՝ արդյո՞ք Խորհուրդը տեսնում է ռիսկեր Դատական իշխանության ներկայացուցիչների կողմից ստացվող խոշոր չափի նվիրատվություններում։ ԲԴԽ-ից «Ինֆոքոմին» պատասխանել են, որ «պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունելու սահմանափակումներին առնչվող խախտումների վերաբերյալ հարցերի քննարկումը դուրս է Բարձրագույն դատական խորհրդի և Դատական դեպարտամենտի լիազորությունների շրջանակից: Պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունելու սահմանափակումներին առնչվող խախտումների վերաբերյալ հարցերի քննարկման գործառույթը վերապահված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին»:
Այսինքն՝ դատական իշխանության ներկայացուցիչների հայտարարագրերի և նրանց ստացած նվիրատվությունների միակ վերահսկողը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, որն էլ չի ստուգում հայտարարագրերն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն ներառվել ռիսկային չափորոշիչ սահմանելու հիմքով պետական պաշտոնների ցանկը հաստատելու մասին որոշումներում, լրատվամիջոցների հրապարակումներում կամ էլ անձանց գրավոր դիմումներում։ Իսկ մինչ այդ դատավորներն ու նրանց օգնականները շարունակում են ստանալ մեկանգամյա կամ պարբերական բնույթ կրող խոշոր չափերի նվիրատվություններ, որոնց մի մասի աղբյուրը հետագծելի չէ։
Հիշեցնենք, որ նախորդիվ «Ինֆոքոմը» անդրադարձել էր Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների ստացած նվիրատվություններին։
Լյուսի Մանվելյան
comment.count (1)
HIRE A FASTEST CYBER RECOVERY EXPERT TO RECOVER YOUR LOST OR STOLEN BITCOIN/ETH/USDT/ THE HACKANGELS I simply want to share my story about THE HACKANGELS RECOVERY EXPERT. To all of you out there. One has to be careful. A lot of scammers are out there taking money from innocent traders. I was a victim of these crypto scammers. They made me lose my hard earned funds. The best thing that happened to me this year was seeing an article about THE HACKANGELS RECOVERY EXPERT. A professional hacker and private investigator. I invested $954,300 in a cryptocurrency platform and it turned out to be a scam and I had no idea how to get my money back until I reached out to a recovery company called THE HACKANGELS RECOVERY EXPERT. I explained my situation to them. I was shocked to hear that they had recovered all of my stolen cryptocurrency in just 48 hours. I said that I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. To anyone who may find themselves in a similar unfortunate situation. I highly recommend THE HACKANGELS RECOVERY EXPERT. Quickly reach out to them on their hotline: WhatsApp: (+1(520)200-2320 ) Email: ([email protected]) Web: (www.thehackangels.com) If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. They’re super helpful and really know their stuff! Don’t hesitate to reach out if you need help.