Հիմա սա է ամենակարևորը. Ավինյանը հանձնարարեց կենտրոնանալ վալիդատորների միջոցով վճարային համակարգի նախապատրաստման վրա |1lurer.am|
11:51 - 16 դեկտեմբերի, 2024

Հիմա սա է ամենակարևորը. Ավինյանը հանձնարարեց կենտրոնանալ վալիդատորների միջոցով վճարային համակարգի նախապատրաստման վրա |1lurer.am|

1lurer.am: Երկշաբաթյա ժամանակահատվածում քաղաքային էլեկտրատրանսպորտի ծառայությունից օգտվել է 376.224 ուղևոր, նրանցից 24.188-ը՝ 6,64 տոկոսը, վճարումը կատարել է վալիդատորի վավերացնող սարքի միջոցով: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի՝ դեկտեմբերի 16-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ տոկոսի հետ կապված խնդիրը մեծ է, և մինչև հունվարի 1-ը անցումը պետք է մեղմ իրականացնել, ուստի ակնկալում է, որ իրավիճակի լուծման համար առաջարկներ ներկայացվեն, քանի որ հունվարից մեծ թվով մարդիկ միանգամից անցում են կատարելու ամբողջապես նոր համակարգի:

«Խոսքն այն մասին է, որ 6 տոկոսն օգտվում է այս համակարգից էլեկտրատրանսպորտում, 94 տոկոսը դեռևս կոպեկով է օգտվում, և այս 94 տոկոսը պետք է անցում կատարի նոր համակարգի: Կամ 36 տոկոսը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում օգտվում է համակարգից, դա նշանակում է, որ 64 տոկոսը դեռ 100 դրամից է օգտվում, և 64 տոկոսը ամբողջապես պետք է անցում կատարի նոր համակարգի: Սրանք լուրջ թվեր են:

Մետրոպոլիտենում արդեն անցում ենք կատարել, 100 տոկոսն է օգտվում համակարգից, բայց այս դեպքում էլ որոշ տուրբուլենտ դժվարություններով հասանք այդտեղ: Այնուամենայնիվ, այնտեղ ունենք անցարգելներ, որոնք այլընտրանք թույլ չեն տալիս»,- ասաց նա:

Տիգրան Ավինյանը նաև հիշեցրեց՝ կա մոտ 15 օր աշխատանքն իրականացնելու համար, ապա հանձնարարեց. «Խնդրում եմ՝ բոլորը կենտրոնանան սրա վրա, հիմա սա է ամենակարևորը, և այս աշխատանքը պետք է իրականացնենք մինչև նոր տարի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել