Արցախի նախկին ղեկավարների դեմ հարուցված գործերն ուղարկվել են Բաքվի դատարան
 |azatutyun.am|
15:15 - 17 դեկտեմբերի, 2024

Արցախի նախկին ղեկավարների դեմ հարուցված գործերն ուղարկվել են Բաքվի դատարան |azatutyun.am|

azatutyun.am: «Արցախի նախկին քաղաքական և ռազմական ղեկավարների դեմ հարուցված մեղադրական եզրակացություններն ուղարկվել են Բաքվի զինվորական դատարան», - հաղորդում է APA գործակալությունը՝ նշելով, որ Ադրբեջանի գլխավոր դատախազը մեղադրականները հաստատել է նախօրեին։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին մեղադրում են մի շարք ծանրագույն, այդ թվում՝ ցեղասպանության, ահաբեկչության և խաղաղ բնակչության բռնի տեղահանում կազմակերպելու հոդվածներով։

Պաշտոնական Բաքուն նաև կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ համագործակցել Ադրբեջանի դատախազության հետ։

«Առաջնորդվելով լուրջ հիմքերով, որոնց համաձայն քննության ընթացքում արծարծված դրվագներում որպես կասկածյալ կամ վկա անցնող անձանցից շատերն այժմ Հայաստանի Հանրապետության տարածքում են, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայաստանյան համապատասխան կառույցներին հրավիրում է համագործակցության», - նշված է ադրբեջանական գերատեսչության հայտարարության մեջ։

Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով 16 անձինք գերեվարվեցին, այդ թվում՝ արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։

Այս տարվա հոկտեմբերին Բաքուն նրանց նոր մեղադրանք առաջադրեց՝ պատմամշակութային հուշարձանների ոչնչացման մեղադրանքով։ Հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, նյութերը, սակայն, դեռ դատարան չէին ուղարկվել։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ է առաջադրել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել