Սույն թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է կենսաբանական գիտությունների թեկնածու Ժաննա Հովակիմյանը։
«Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի զարգացման ծրագիրը՝ նա նշեց, որ Երևանի բուսաբանական այգում ներկայում իրականացվում է «Կյանքի պուրակ» խոշոր նախագիծը՝ նվիրված Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված հերոսների հիշատակին։ Ինստիտուտն ակտիվորեն համագործակցում է ներպետական և միջազգային կառույցների հետ։ Առկա խնդիրներից է ինստիտուտի և բուսաբանական այգիների ենթակառուցվածքների տեխնիկական վերազինումը։
Ժաննա Հովակիմյանը թվեց այն ուղղությունները, որոնք առաջնահերթ են ինստիտուտի զարգացման համար։ «Մենք պետք է պահպանենք և զարգացնենք ինստիտուտի ավանդական առաջատար մասնագիտական ուղղությունները, իրականացնենք ՀՀ ֆլորայի և էկոհամակարգերի in situ և ex situ պահպանության հարցերի հետազոտում, զարգացնենք համագործակցությունը հանրապետական և միջազգային գիտակրթական հաստատությունների հետ, ստեղծենք նոր կապեր, մշակենք ներգրավման մեխանիզմներ երիտասարդ կադրերին ներգրավելու համար, ավելացնենք միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում տպագրությունների քանակը։ Մեր նպատակներից է «Թախտաջանիա» գիտական ամսագրի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին»,- ասաց Ժաննա Հովակիմյանը։
Ժաննա Հովակիմյանը 1999թ․ ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանության ֆակուլտետը։ 1999-2009թթ․ դասավանդել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բուսաբանության ամբիոնում։ 2003թ․ ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2009թ․ ՀՀ ԲՈՀ-ի կողմից նրան շնորհվել է դոցենտի կոչում։ 2009-2010 թթ. աշխատել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի էկոլոգիայի ամբիոնում։ 2009թ-ից մինչ այժմ աշխատում է ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի «Երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի» բաժնում՝ որպես ավագ գիտաշխատող։ 2023թ-ից դասախոսում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ 2022թ․ հունվարից ինստիտուտի գիտական խորհրդի և 035 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարն է։
Ժաննա Հովակիմյանի աշխատանքների գիտական ուղղվածությունը բույսերի էկոֆիզիոլոգիան է։ Նա զբաղվել է Հայաստանում տարածված արժեքավոր ուտելի և համեմունքային բույսերի, ինչպես նաև անտառահատումների հետևանքով խոշորառէջ կաղնու էկոֆիզիոլոգիական և կենսամորֆոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրությամբ: Ներկայիս գիտական հետազոտությունները նվիրված են Հայաստանի կենսաբազմազանության թեժ կետերում և բուսաբանական այգիներում աճող հազվագյուտ և վտանգված կարմիր գրքային բուսատեսակների մոնիթորինգի և հարմարվողականության էկոֆիզիոլոգիական հատկանիշների գնահատման հարցերին։
Ժաննա Հովակիմյանը 51 գիտական հրապարակումների հեղինակ է, որից 4-ը՝ մենագրություն: Նա 3 գյուտի արտոնագիր ունի։ 2023թ․ պարգևատրվել է ՀՀ ԳԱԱ-ի հոբելյանական 80-ամյակի ոսկե հուշամեդալով»,- ասված է ԳԱԱ հաղորդագրության մեջ։
comment.count (0)