«Քննիչը հարցաքննության ժամանակ ուղղորդում էր, թե՝ Գոռ Իշխանյանը մեղավոր է»․ 73 զինծառայողների զոհվելու գործով տուժող
23:11 - 24 դեկտեմբերի, 2024

«Քննիչը հարցաքննության ժամանակ ուղղորդում էր, թե՝ Գոռ Իշխանյանը մեղավոր է»․ 73 զինծառայողների զոհվելու գործով տուժող

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի Այգեստան գյուղում զոհված զինծառայողների հարազատների հարցաքննությունը։ Դատարանում քննության առարկա են Մարտունու N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի 73-հոգանոց անձնակազմի զոհվելու հանգամանքները։ Այս գործով երկու մեղադրյալ կա՝ զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված չբացակայելու արգելքը, իսկ դատական նիստերն ընթանում են առանց նրանց մասնակցության։ 

Դատարանում այսօր ցուցմունք տվեցին գործով տուժող ճանաչված երեք անձինք՝ Կոմիտաս Զարգարյանը՝ զոհված պահեստազորային Արշակ Զարգարյանի հայրը, Իշխան Աթաբեկյանը՝ զոհված զինծառայող Հայկ Աթաբեկյանի եղբայրը եւ Համլետ Գուլբանդյանը՝ զոհված զինծառայող Գարիկ Գուլբանդյանի։

 

Կոմիտաս Զարգարյանի հարցաքննությունը

Կոմիտաս Զարգարյանը՝ զոհված պահեստազորային Արշակ Զարգարյանի հայրը, դատարանում երդվեց ասել միայն ճշմարտությունը եւ ոչինչ՝ բացի ճշմարտությունից։ Նա զինվորական թոշակառու է, մինչեւ 2003թ․ եղել է Ջրականի զորամասի հրամանատարի տեղակալ՝ մարտական հերթապահության գծով։ Նրա որդու՝ Արշակ Զարգարյանի անունը ՊԲ-ն զոհվածների ցուցակում հրապարակել է 2021թ․ մարտի 22-ին։ 

Կոմիտաս Զարգարյանը

Կոմիտաս Զարգարյանը պատմեց, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան պատերազմի սկսվելուց հետո Զարգարյանի որդին եւ նրա համագյուղացիները հավաքվել են գյուղապետարանի մոտ եւ այնտեղից տեղափոխվել Մարտունու 3-րդ ՊՇ, մշտական տեղակայման վայրից տեղափոխվել դիրքեր։ Այդ հատվածում մնացել են մինչեւ հոկտեմբերի 11-ը՝ այն օրը, երբ 7-րդ վաշտը մեկնել է դեպի 9կմ կոչվող տեղանք։ Արշակը վերջին անգամ հոր հետ խոսել է հոկտեմբերի 11-ի կեսօրին, ասել է, որ տանում են Հադրութի կողմերը։ Հետո կապն ընդհատվել է։ Նույն օրը ժամը 16։00-ի մոտակայքում Կոմիտաս Զարգարյանը դարձյալ զանգ է ստացել իր համագյուղացի Արթուր Սարգսյանից, որը որպես կամավոր եղել է նույն տեղանքում, ինչ Արշակը։ Արթուրն ասել է, որ զոհեր ունեն, փամփուշտներն էլ վերջանում են․ «Բառացի ասեց՝ Կոմիտաս դադայ, ընգալ անք զասադա։ Անցավ ժամանակ, նույն համարից մեկ ուրիշն ա զանգում, ներկայանում ա սերժանտ, չեմ հիշում ով ա, բա՝ սենց ա, սենց ա։ Ասում եմ՝ Արշակը որտե՞ղ ա, ասում ա ինձանից մի քսան մետր հեռու ա։ Տենց․․․ Էլ տղուս հետ ընդհանրապես կապ չի եղել, այսինքն՝ տղերքը մոտ 2 ժամ մարտ են վարել շրջափակման մեջ, որովհետեւ հետո էլ ա նույն Սարգսյան Արթուրը զանգել ինձ, բա՝ ճար չկա»։

Կոմիտաս Զարգարյանն Արթուրից հարցրել է, թե ինչքան են բարձրացել 9կմ կոչվող տեղանքից, նա էլ ասել է՝ մի 3-4 կմ դեպի Հադրութ։ Այս զանգերից հետո Զարգարյանն իր երեք համագյուղացիների հետ նստել է մեքենա, ճանապարհվել դեպի 9կմ կոչվող տեղանք․ «Գնում ենք, Կրասնի Բազարից զենքեր վերցնում, շարժվում դեպ Ֆիզուլի, մտնում մի հատ հրետանային դիրք, հարցնում՝ տղերք, տեսել ե՞ք 3 մեքենա պիխոտով անցելիս, բա՝ չենք տեսել։ Հետո գնացել են Կարգաբազար»,- պատմեց տուժողը։ Նա նշեց, որ այս ճանապարհին զանգում են իր ընկերոջն ու ասում, որ հետ դառնան՝ աջ կողմի սարերի վրա թուրքեր են նստած։ Տղամարդիկ հետ են դարձել, մտել Ֆիզուլու տանկային գումարտակ, ճանապարհի ՕՍԱ-ների էկիպաժներից հարցրել՝ տեսե՞լ են վաշտի անձնակազմին, բայց դարձյալ բացասական պատասխան ստացել։ Հետ են դարձել գյուղ, ուզել բարձրանալ հեռուստաաշտարակ, տեսնել տղաների զոհված վայրը։ Բայց մինչեւ այնտեղ հասնելը նորից տեղեկություն են ստացել, որ այդ բարձունքն էլ է արդեն հակառակորդի հսկողության տակ։ 

Կոմիտաս Զարգարյանը դատարանում հայտարարեց, որ  ՀԿԳ-ից Գասպարյան ազգանունով քննիչը Մարտունիում հարցաքննության ժամանակ իրեն ուղղորդել է՝ ասելով, թե Գոռ Իշխանյանն է մեղավոր տղաների զոհվելու մեջ․ «Գոռ Իշխանյանն իմ տղու մազն էլ չարժի, բայց գոյություն ունի ճիշտ, որ խիղճը մեզ չտանջի։ Նույն քննության ժամանակ, որ պարոն Գասպարյանը եկել ա, ինձ ուղղորդում էր, ուղղորդում՝ բերում-բերում-բերում՝ Գոռ Իշխանյանը մեղավոր ա։ Ասում եմ՝ ինչի՞ ա մեղավոր, բա՝ որ հրաման ա տվել։ Ես էլ ասում էի՝ եթե հրաման չտար, էն վախտ կասեի՝ մեղավոր ա, եթե հրաման չտար, շատ կներեք, կասեի՝ թռչել ա, չի կարում հրաման տա, բայց հրաման ա տվել, ինչի՞ համար ա անունը հրամանատար, այսինքն՝ հրաման տալու իրավունք ունի, էն մարդը հրաման ա տվել, հիմա պետք ա քննել՝ հրամանը ինչի՞ հիման վրայա էդ մարդը հրաման տվել»։

Զարգարյանը հիշեց, որ քննիչին խնդրել է ռազմական փորձագետներից ճշտել՝ արդյոք տրված հրամանների անհրաժեշտությունը եղե՞լ է, թե՞ ոչ, արդյոք ճի՞շտ են կատարվել հրամանները եւ այլն։ 

Կոմիտաս Զարգարյանը պատմեց, որ պատերազմի ընթացքում Գոռ Իշխանյանին հանդիպել է հրամանատարական կետում։ Նա ասաց, որ այդ ժամանակ որպես զինվորական հասկացել է, որ տղաները դժվար ողջ լինեն։ Գոռ Իշխանյանին հարցրել է՝ ի՞նչ կա, հնարավո՞ր է այդ ուղղությամբ առաջ գնալ, դիակները հանել։

- Իսկ հարցրել ե՞ք Գոռ Իշխանյանին՝ ո՞վ է հրաման տվել, որ վաշտն ուղարկեն այն տեղանք, ե՞րբ են հրամանը տվել,- հետաքրքրվեց հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը։

- Չէ, չեմ հարցրել, ասե՞մ՝ խի։ Որովհետեւ ես ինքս եղել եմ նախկին զինվորական, զորամասի հրամանատարի տեղակալ, ես գիտեմ, որ հրամանատարը հրամանը ստանում ա, նոր էդ հրամանի հիման վրա հրաման տալիս։ Դրանք գաղտնի հրամաններ են։

- Իսկ ծնողներից ոչ մեկը Ձեզ չի ասե՞լ՝ Գոռ Իշխանյանին ո՞վ է հրաման տվել,- հարցրեց մեղադրողը։ Տուժողն ասաց, որ չգիտի, թե ով է հրաման տվել, թեեւ դատարանում այդ հարցը բազմիցս քննարկվել է։ Բանն այն է, որ Կոմիտաս Զարգարյանն առաջին անգամ է մասնակցում այս գործով նիստերին, իսկ Արցախի կորստից հետո մեկնել է արտերկիր եւ վերջերս է վերադարձել, ուստի այդ հանգամանքը նրան հայտնի չէ։ Այսօր դատարանում նա տեղեկացավ, որ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանն է հրաման տվել։

- Ըստ Ձեզ՝ Ջալալ Հարությունյանն իրավասո՞ւ էր Գոռ Իշխանյանին նման հրաման տալու,- հարցրեց հանրային մեղադրողը։

- Բա ի՞նչ, բանակի հրամանատար ա։

- Հրամանատարը պե՞տք է հրաման տալուց առաջ համակողմանի գնահատի իրադրությունը, թե՞ ոչ։

- Ռազմական իրադրության ժամանակ հրամանը չի քննարկվում։

Գրիգոր Մղդեսյանը

Այս պատասխանը դատավարության մասնակիցներին չբավարարեց, եւ հարցը դարձյալ հնչեց։ Տուժողը մեկ անգամ պատասխանեց, որ ոչ, չպետք է գնահատեր, իսկ հաջորդ անգամ նշեց, որ հրամանը չի քննարկվում պատերազմի ժամանակ․ «Ես ասում եմ՝ եթե Գոռ Իշխանյանն ինքն իրանից ա հրաման տվել, դատեք»։ 

Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց․ «Նենց հարց ա հնչեցնում, որ բոլորն էդ հարցին պատասխանեցին, որոնք որ ռազմական որեւէ գիտելիք չունեն, դուք էլ պատասխանեք»։ Դատավորն այս ասելիս նաեւ հարցրեց, թե որեւէ պատերազմի մասնակցե՞լ է տուժողը, վերջինս ասաց, որ մինչեւ 2023թ․ բոլոր ռազմական գործողություններին մասնակցել է։

Դատավորի հայտարարության վերաբերյալ փորձեց առարկություն հնչեցնել պաշտպան Դավիթ Կարապետյանը, սակայն դատավորն առարկությունը չընդունեց եւ չլսեց պաշտպանին։ Դատավորը տուժողներին խնդրեց հարցերին հստակ պատասխանել։

Դավիթ Կարապետյանը

Հանրային մեղադրողը շարուանկեց՝ ըստ ներքին ծառայության կանոնագրքի, մարտական կանոնադրության՝ Գոռ Իշխանյանը պե՞տք է համապատասխան գործողություններ կատարեր, որպեսզի զորքը շրջափակման մեջ չընկներ։ Այս անգամ տուժող Կոմիտաս Զարգարյանը պատասխանեց՝ այո։ Հարցի առնչությամբ, սակայն, պաշտպան Կարապետյանը առարկություն հայտնեց․

- Պատվարժան դատարան, մարդը ներկայացրեց, որ ինքը ռազմական գործին ծանոթ մարդ է, եւ պատասխանում է իր գիտելիքներից ելնելով, Ձեր կողմից հայտարարությունը, որ տուժող անձինք այդ հարցերին պատասխանում են, բնականաբար մասնագետ չեն, իրենց իմացածով են պատասխանում։ Քանի որ մեր գործընկերոջ հարցը բացարձակ ռազմական գործի հետ աղերս չունի, եւ եթե իմ միջնորդությունը բավարարված լինել եւ մենք Մարտական կանոնադրությունը ստացած լինեինք, մեր գործընկերն էդպիսի հարց չէր տա։ Տեսեք՝ ինչ է հարցնում․ պարտավո՞ր էր գնահատել իրադրությունը։ Պարտավոր էր գնահատել իրադրությունը ո՞ր իրավիճակներին ա վերաբերում, էս իրավիճակին վերաբերո՞ւմ ա, թե՞ չէ։ Բնականաբար էս իրավիճակին չի վերաբերում։

- Էս իրավիճակը ո՞րն է,- հարցրեց դատավորը։

- Զորքի տեղափոխումը։ Զորքի տեղափոխման դեպքում էդպիսի գնահատում չկա։ Ասում է՝ սենց պիտի լիներ, դուք, որպես ռազմական գործի մասնագետ, էդքանը չեք հասկանում, մյուս տուժողները հասկանում են։ Մարդն ասում ա՝ ես էդ հարցը ճիշտ չեմ համարում, դրա համար ասել եմ՝ ռազմական փորձագետներն ուսումնասիրեն։

Հանրային մեղադրողը հայտարարեց, որ ըստ մարտական ծառայության կանոնագրքի՝ հրամանը հրաման տալուց առաջ պետք է համակողմանի գնահատի․․․։ 

Դատավորն այս առարկությունը չընդունեց։

Պաշտպաններ Արտակ Հովհաննիսյանը, Արման Բայադյանը, Դավիթ Կարապետյանը

Տուժողն ասաց, որ եթե ռազմական փորձագետները գնահատական տվել են, ապա իրենց հնարավորություն տան ծանոթանալ այդ տվյալներին։ Պաշտպան Դավիթ Կարապետյանը հայտարարեց, որ ռազմական փորձաքննություն է նշանակվել, որը հետո դադարեցվել է։

Ծնողներից մեկը հարց ուղղեց տուժողին՝ այդ ինչպե՞ս է ստացվել, որ վաշտի անձնակազմին ճանապարհին չեն տեսել, իսկ իրենց չորս հոգանոց խմբին նկատել են։ Տուժողն ասաց, որ գնալիս իրենց տեղեկացրել են։ Ծնողը հետաքրքրվեց նաեւ, թե ով է իրենց ասել, որ սարերի վրա հակառակորդն է նստած, ինչպես նաեւ այդ ինչպե՞ս ստացվեց, որ իրենց հայտնեցին հակառակորդի տեղակայման մասին, իսկ չորս ժամ առաջ չէին հայտնել։ Տուժողն ասաց, որ իր ընկերոջն են զանգել, ասել հակառակորդի մասին, իսկ ինչ վերաբերում է մյուս հարցին, նա արձագանքեց․ «Կարող ա չորս ժամ առաջ ընդեղ թուրք չի եղել, ցավդ տանեմ, ինչի՞ ես դժվար հարցեր տալիս»։

Գոռ Իշխանյանի պաշտպան Արման Բայադյանը տուժողին հարցրեց՝ քանի անգամ է հարցաքննվել քննիչի մոտ։ Զարգարյանը պատասխանեց՝ մեկ անգամ։ Բայադյանը հետաքրքրվեց՝ քննիչի մոտ ասե՞լ է այն ամենը, ինչ այսօր ասաց դատարանում։ Տուժողը դրական պատասխանեց՝ նշելով, որ նաեւ հարցրել է, թե ինչու է քննիչն ուղղորդված հարցեր տալիս, ինչպես նաեւ մի քանի հարցեր է առաջադրել, այդ թվում՝ ռազմական փորձագետ ներգրավելու առաջարկ է արել։ Զարգարյանն ասաց, որ իրեն փորձաքննություն նշանակելու մասին որոշում չեն տվել։

 

Իշխան Աթաբեկյանի հարցաքննությունը

Իշխան Աթաբեկյանը դատարանում հայտնեց, որ իր եղբայրը բանակ է զորակոչվել 2019թ․ հուլիսին «Ես եմ» ծրագրով՝ 3 տարի պայմանագրով, ծառայել է Մարտունիում։ Հայկը վերջին անգամ 2020թ․ հոկտեմբերի 9-ին է կապ հաստատել հարազատաների հետ, ասել, որ դիրքերից իջնում են, իրենք էլ մտածել են, որ ուղղակի հենակետային փոփոխություն է լինելու։ Այդ զանգից հետո կապը կորել է։ Որքան էլ հարազատները փորձել են Հայկի մասին տեղեկություններ իմանալ, որեւէ հստակ բան ճշտել չեն կարողացել։ Հետագայում որոշ տեղեկություններ են ստացել, որ զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանի հրամանով վաշտը տեղափոխվել է այլ տարածք։

Իշխան Աթաբեկյանը

- Գոռ Իշխանյանը եւ Նվեր Մարտիրոսյանը որքանո՞վ կապ ունեն Ձեր եղբոր անհետացման հետ,- տուժողին հարց տվեց հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը։

- Իրենց ուղարկելու հանգամանքով,- պատասխանեց տուժողը։

- Ըստ Ձեզ՝ հրամանատարն իրավունք չունե՞ր նման հրաման տալու։

- Ուներ, բայց որտե՞ղ ու ի՞նչ տարածք ուղարկելու պարագայում։

- Ինչո՞ւմ եք մեղադրում Գոռ Իշխանյանին եւ Նվեր Մարտիրոսյանին։

- Նրանում, որ ժամանակի ընթացքում էդ տարածքն էլ անվտանգ չի եղել, այսինքն տարհանում ա եղել գյուղերում, տարածքից էլ զորք ա դուրս եկել, ու իրենք զորքը ուղարկել են էն տարածք, որտեղ իրենց վտանգ ա սպառնացել։

Պատասխանելով հանրային մեղադրողի այն հարցին, թե ինչ գործողություններ պետք է անեին Իշխանյանն ու Մարտիրոսյանը, որ չեն արել, տուժողն ասաց, որ հետեւողական չեն եղել զորքի երթին․ «Զորքն ուղարկվել ա, ոչ մի կապ, լուր չեն ունեցել, հետեւողական չեն եղել, թե զորքն ինչ եղավ»։ Իշխան Աթաբեկյանն այդ ժամանակ չի իմացել, սակայն հետո է տեղեկացել, որ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանը պետք է դիմավորեր զորքին, բայց, չգիտես ինչու, չի կարողացել․ «Եղբայրներս են հանդիպել Կարեն Առստամյանի հետ․․․ [ասել ա] պետք ա զորքը դիմավորեր, ինչ-որ խնդիր ա եղել, իրան չեն ասել, որ [զորքը] գալիս ա։ Պետք ա հրամանատարությունն ասեր, որ հասել են ինչ-որ կետ։ Ինքն էլ ասել ա, որ կապ չի եղել, կապի կետն ա խփված եղել, թե անսարք ա եղել, չեն կարողացել կապ հաստատել, իրան չեն կարացել տեղեկացնել»։ 

Տուժողն էլ հանդիպել է Արցախի այդ ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Նա մտաբերեց, որ Հարությունյանն ասել է, որ ինքը այդտեղ զորք չէր ուղարկի, իսկ եթե ուղարկելու լիներ, կուղարկեր ավելի պատրաստված զորք՝ իմանալով տեղանքի վտանգները։ Ըստ Իշխան Աթաբեկյանի՝ Գոռ Իշխանյանը, որպես հրամանատար, պարտավոր էր տեղյակ լինել, թե ինչ է կատարվում այն տարածքում, ուր ուղեւորվում է վաշտը։

Տուժողն անձամբ չի հանդիպել զորամասի 1-ին գումարտակի հրամանատար Սեւակ Սարգսյանի հետ, բայց հետագայում նրան հանդիպած ծնողներից տեղեկացել է, որ առաջին գումարտակն է ի սկզբանե գտնվել այդ տեղանքում եւ նահանջել այնտեղից, քանի որ օգնություն չի ստացել։ Հանրային մեղադրողը հարցրեց՝ այսինքն՝ գոնե 1-ին գումարտակի հրամանատարից Գոռ Իշխանյանը տեղեկացած կարո՞ղ էր լինել իրադրության մասին, տուժողը պատասխանեց՝ տրամաբանորեն՝ այո։

Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը տուժողից հետաքրքրվեց՝ ցուցմունքում ասած տեղեկությունները, որ Գոռ Իշխանյանը պետք է տեղյակ լիներ եւ այլն, ենթադրություննե՞ր են, թե՞ հաստատական տվյալներ։ Տուժողը պատասխանեց՝ այնքան էլ ենթադրություն չեն, քանի որ զորքն ուղարկվել է, բայց հետեւողականություն չի եղել։ Պաշտպանը հարցրեց՝ որտեղի՞ց գիտի տուժողը, թե Գոռ Իշխանյանն է զորքն ուղարկել։ Աթաբեկյանը պատասխանեց, որ նման հրաման վաշտի կամ գումարտակի հրամանատարը չէին կարող տալ, տրամաբանորեն զորամասի հրամանատարն է հրամայել․

- Իսկ զորամասի հրամանատարին կարո՞ղ էր ավելի բարձր հրամանատարը հրամայել,- հարցրեց պաշտպան Կարապետյանը։

- Կարար։

- Իսկ եթե ավելի բարձր հրամանատարը ենթակային հրամայում է, ասում՝ զորք ուղարկի, ո՞վ է ուղարկողը։

- Ուղարկողը հենց զորամասի հրամանատարն ա։ Դուք ասում եք՝ իրանից բարձր պաշտոնո՞վ, բնականաբար հրաման են տվել զորամասի հրամանատարին։

- Ո՞վ դարձավ վերջնական ուղարկողը։

- Դե Ջալալ Հարությունյանն ա տվել հրամանը։

- Հիմա ինչո՞ւ եք ասում Գոռ Իշխանյանն ուղարկեց, ոչ թե Ջալալ Հարությունյանը։

- Ջալալ Հարությունյանը հրաման ա տվել, ինքն էլ ուղարկել ա զորքը։

Պաշտպան Արման Բայադյանը, նշելով, որ պատերազմի ժամանակ եղել են դեպքեր, երբ զորամասեր են թիրախավորվել, հակառակորդը խոցել է նաեւ թիկունքի օբյեկտներ, տուժողին հարցրեց՝ նրա կարծիքով՝ պատերազմի ժամանակ անվտանգ տեղանք կա՞։ Ըստ տուժողի՝ խորքում անվտանգ տեղ կարող է լինել։

Արման Բայադյանը

- Որ ասում եք՝ հրամանատարը չպիտի ուղարկեր, ո՞ւր պահեր էդ զինվորներին,- հարցրեց Բայադյանը։

- Իրենք հենակետում են եղել։ Եղբայրս որ զանգել ա, [ասել ա] իջել են հանգստանալու, մտածել են՝ էլի հենակետ են գնալու, որտեղ պետք ա ծառայեն։

- Կարելի՞ է Ձեր ասածներից համադրություն անել, ասել, որ ավելի լավ ա՝ հրամանատարը հրաման չկատարեր, դատվեր, քան զինվորներին ուղարկեին այլ տեղանք, որտեղ զոհվել են։

- Երեւի առաջինը։

- Հնարավո՞ր է՝ էմոցիաների տակ է էս կարծիքը, թե՞ Ձեր դատողություններն են։

- Դատողություն ա, էլի դեպքեր կան, որ նահանջ են տվել զորքին, զորքը չի տուժել, այսինքն՝ պատսպարվել են։ Ջաբրայիլում ա եղել դեպքը։

Նվեր Մարտիրոսյանի պաշտան Արտակ Հովհաննիսյանը տուժողից հետաքրքրվեց՝ երբ վերջինիս եղբայրները հանդիպել են Կարեն Առստամյանի հետ, էլ ովքե՞ր են եղել այնտեղ։ Աթաբեկյանը, սակայն, այդ մասին տեղեկություն չուներ։ Պատասխանելով պաշտպանի հարցերին՝ տուժողն ասաց, որ Նվեր Մարտիրոսյանին եւ Գոռ Իշխանյանին չի ճանաչել, նրանց տեսել է դատարանում։ Իսկ թե ինչ պետք է աներ Նվեր Մարտիրոսյանը, որ չի արել, տուժողն այս հարցին չկարողացավ պատասխանել։

Արտակ Հովհաննիսյանը

Նշենք, որ Հայկ Ցոլակի Աթաբեկյանի անունը ՊԲ-ն զոհվածների ցուցակում հրապարակել է 2021թ․ հունվարի 26-ին։

 

Համլետ Գուլբանդյանի հարցաքննությունը

Հաջորդիվ դատարանում ցուցմունք տվեց Համլետ Գուլբանդյանը, որը զոհված զինծառայող Գարիկ Գուլբանդյանի հայրն է։ Գարիկ Համլետի Գուլբանդյանի անունը ՊԲ-ն զոհվածների ցուցակում հրապարակել է 2021թ․ հունվարի 23-ին։ Գարիկը ծառայության ընթացքում վարորդ է եղել Մարտունի 2-ում։ Ըստ հոր՝ նա այն վարորդներից մեկն է, որ 1-ին գումարտակի նահանջող զորքին բերել է զորամաս, եւ հետո 7-րդ վաշտին տեղափոխել, նրանց հետ էլ զոհվել է Հադրութում։

Գարիկը հարազատների հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 10-ին։ Հետագայում, ըստ տուժողի, ԱԱԾ-ի օգնությանբ տեղորոշել են, թե որդին վերջին անգամ որ տեղանքից եւ ում է զանգել։ Ըստ Գուլբանդյանի՝ այդ զանգը եղել է այն օրը գիշերը ժամը 1-ին, երբ 1-ին գումարտակը հետ է քաշվել եւ եկել զորամաս․ «Այսինքն՝ 1-ին գումարտակին իրանք են բերել հետ։ Վերջին զանգը եղել ա էն մյուս վարորդին։ Հետ են բերել 1-ին գումարտակին, հետո տարել են 7-րդ վաշտին։ Ես զարմանում եմ՝ ոնց կարա գումարտակը, որը բաղկացած ա 200 հոգուց, հետ բերեն, 70 հոգի ուղարկեն։ Այլ իրավիճակ կլիներ, եթե էդ 70 հոգուն օգնություն ուղարկեին 200-ին։ Ինչ վերաբերում ա Սլավիկ Ավագյանին, որն իրանց ուղեկցել ա, ինչքան հարցրել ենք, Գոռն [Իշխանյան] ասել ա՝ ինքն ամենալավն էր տիրապետում տարածքին։ Եթե տիրապետում էր, հրամանն եղել ա մինչեւ 9կմ, ո՞նց կարող էր Սլավիկն անցել 9կմ-ը»,- նշեց տուժողը։ 

Համլետ Գուլբանդյանը

Գուլբանդյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչու է Մարտունի 2-ի մեքենան Մարտունի 3-ի ստորաբաժանմանը տարել Հադրութ, ասաց, որ այդ մեքենաները արդեն Գոռ Իշխանյանի տրամադրության տակ են եղել, երբ 1-ին գումարտակին հետ են բերել զորամաս։ 

Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը, դիմելով տուժող Գուլբանդյանին, նշեց, որ վերջինիս խոսքերը հակասում են գործի նյութերին, քանի որ հայտնի է, որ Գոռ Իշխանյանի մոտ որեւէ մեքենա չի եղել, Ջալալ Հարությունյանը բոլորը վերցրել է, մեկ մեքենա եկել է Ստեփանակերտից, 2 մեքենա՝ լրիվ այլ տարածքից։ Տուժողն ասաց, որ մեքենաները Գոռ Իշխանյանի տրամադրության տակ են հայտնվել 1-ին գումարտակը հետ բերելուց հետո։ Տուժողի համոզմամբ՝ 1-ին գումարտակին հետ բերելն ու 7-րդ վաշտին տանելը եղել է ժամերի տարբերությամբ, եւ վարորդներից մեկը իր որդին է եղել։ Հիշեցնենք, որ մեկ այլ նիստի ժամանակ տուժողներից մեկը հայտնել էր, որ Սեւակ Սարգսյանն իր հետ զրույցում ասել է, որ երբ հետ է եկել, իր մեքենան անսարք է եղել, ինքը գնացել է տուն լողանալու, հետո երբ եկել է, զարմացել է, որ 7-րդ վաշտն արդեն մեկնել է, քանի որ ինքը Գոռ Իշխանյանին ասել էր՝ պետք չէ այդ տեղանք մարդ ուղարկել։

Զոհվածների հարազատները

Պատասխանելով հանրային մեղադրողի հարցին, թե ինչու է 1-ին գումարտակը հետ եկել զորամաս, տուժողն ասաց, որ չգիտի, լսել է, թե գումարտակը փախել է, բայց, միաժամանակ, Գուլբանդյանը զարմանք հայտնեց՝ նշելով, որ ինչքանով ինքն է հասկանում՝ պատերազմական վիճակում փախած զորքի հետեւից մեքենա չեն ուղարկում։ Ըստ տուժողի՝ Կարեն Առստամյանն է ասել, թե 1-ին գումարտակը փախել է, Գոռ Իշխանյանն էլ հետագայում ծնողներին հանդիպելու ժամանակ ասել է, որ վաշտն ուղարկել է Ջալալ Հարությունյանի հրամանով․ «Ասեց՝ չէի կարա չանեի, բայց ինքը իմացել ա, որ ըտեղ վտանգ ա եղել, երեխքին ուղիղ մտցրել են թուրքի մեջ»,- ասաց Գուլբանդյանը։ Նա անդրադարձավ նաեւ այն պնդումներին, թե կապի խնդիր է եղել, դրա համար Առստամյանը չի իմացել, թե ուր է հասել զորքը, իսկ զորքն էլ Իշխանյանի հետ կապի չի եղել․ տուժողը շեշտեց՝ եթե իր որդին գիշերը զանգեր արել է, նշանակում է կապ եղել է։

Տուժողը նշեց, որ իր որդու մեքենան հետդարձի ճամփին է խոցվել։ Ըստ նրա՝ հակառակորդը դարանակալած է եղել այդ տեղանքում։

- Գոռ Իշխանյանին հարցրել ե՞ք՝ ի՞նչ միջոցներ է ձեռնարկել, որ իմանա՝ որտեղ է զորքը,- հարցրեց հանրային մեղադրողը։

- Ոչ մի միջոց։ Կարմիր խաչ էլ չէր գնացել, որ հետեւեր՝ էրեխեքը որտեղ են, ինչ են։ Ոչ մի գործողություն չի արել։

- Սեւակ Սարգսյանի հետ հանդիպե՞լ եք։

- Ես չեմ հանդիպել, տեղյակ չեմ՝ ծնողներին ինչ է ասել։

- Իսկ 200-հոգանոց զորքի զինվորներին հանդիպե՞լ եք։

- Մեր սխալն ա եղել, որ չենք հանդիպել։


Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 8-ին։

Ինչում են մեղադրվում սպաները

Ըստ մեղադրական եզրակացության՝ ՊԲ N զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը պատերազմի ընթացքում իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսեւորել եւ չեն կատարել դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ 

73 զինծառայողները՝ ՊԲ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի ողջ անձնակազմը, զոհվել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղում, երբ նրանց վրա հարձակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերը։ Նրանք Այգեստան չպիտի գնային, այլ համապատասխան երթուղով մեկնեին Հադրութի շրջանի «9 կմ» կոչվող տեղամաս եւ անցնեին ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի հրամանատարության ներքո։

Ըստ մեղադրանքի՝ ՊԲ հրամանատարի կողմից հոկտեմբերի 11-ին արձակած՝ մեկ վաշտ 18-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո ուղարկելու մարտական կարգադրության հիման վրա ՊԲ N զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը 7-րդ վաշտին նույն օրը տվել է մարտական կարգադրություն, որում չեն ներառվել եւ պահպանվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան դիրեկտիվով մարտական կարգադրության ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները։ Ապա նույն օրը կեսօրին Իշխանյանը ՊԲ օպերատիվ շտաբ է զեկուցել անձնակազմի երթը սկսվելու մասին, որի մասին օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Ջալալ Հարությունյանը հանձնարարել է վաշտի երթի մասին տեղեկացնել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին, մինչդեռ Նվեր Մարտիրոսյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ երթի սկսման մասին չի հայտնել հրաձգային դիվիզիայի հրամանատարին, չի կազմակերպել ու վերահսկել մեկնող անձնակազմի տեղաշարժը։ Այսպիսով, նրանց դիմավորող չի եղել եւ վաշտի անձնակազմը նախանշված տեղից ավելի է անցել ու հայտնվել շրջափակման մեջ։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել