Քաջարան համայնքը համայնքապետի կնոջ մասնակցությամբ ընկերությունից ավելի քան 700 միլիոն դրամի գնում է կատարել
21:22 - 27 դեկտեմբերի, 2024

Քաջարան համայնքը համայնքապետի կնոջ մասնակցությամբ ընկերությունից ավելի քան 700 միլիոն դրամի գնում է կատարել

Քաջարանի համայնքապետարանը համայնքապետի կնոջ մասնակցությամբ ընկերության հետ վերջին 3 տարիներին շուրջ 700 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել։

Այս տարվա հուլիսին կնքված պայմանագրով «Աժդանակ» ընկերությունը մեկ տարում մանկապարտեզ պետք է կառուցի համայնքում։ Պայմանագրի գինը 543 մլն դրամ է։ Մանկապարտեզը կառուցվում է Կառավարության սուբվենցիոն ծրագրով: Գնումը կատարվել է հրատապ բաց մրցույթով, որին մասնակցել է միայն «Աժդանակը»։

«Աժդանակ» ընկերության 40% բաժնետերը «Տրամպ» ՍՊԸ-ն է, որի սեփականատերը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի կինն է։ Ընկերությունը գրանցված է համայնքապետի և կնոջ բնակության հասցեում։ 

«Աժդանակի» հիմնադիրը, 9%-ի բաժնետերը և նախկին տնօրենն Արտակ Համբարձումյանն է՝ Քաջարան համայնքի կառավարող «Դեպի միասնություն դաշինք» խմբակցության ավագանու անդամ Կարեն Համբարձումյանի եղբայրը։ 

Ընկերության 51% բաժնեմասն էլ պատկանում է Արտակ Համբարձումյանի հիմնադրած «Գար գրուպ» ՍՊԸ-ին։ Արտակ Համբարձումյանը, սակայն, ներկայումս «Գար գրուպ» ՍՊԸ-ի բաժնետեր չէ։

Համայնքապետարանն «Աժդանակ» ընկերության հետ խոշոր պայմանագրեր կնքել է նաև 2022 թվականին։ Պայմանագրերից մեկով ընկերությունը Ձագիկավան և Գետիշեն գյուղերում կառուցել է խմելու ջրի մատակարարման համակարգ։ Աշխատանքն իրականացնելու համար բաց մրցույթ է անցկացվել․ երկու համայնքների համար էլ հայտ է ներկայացրել միայն «Աժդանակ» ընկերությունը։ Պայմանագրի գինը կազմել է 128 մլն դրամ։

Աշխատանքի կատարման վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 1-ն էր, սակայն այն երկարաձգվել է մինչև տարեվերջ։ Երկարաձգումը հիմնավորվել է անբարենպաստ եղանակային պայմաններով։ 

Նույն տարվա ընթացքում կնքված մյուս երկու պայմանագրերի վերջնաժամկետները ևս եղանակային անբարենպաստ պայմանների հիմնավորմամբ փոփոխվել են։ 

2022-ի օգոստոսին կնքված պայմանագրով ընկերությունը մասնակի նորոգել է երեք շենք։ Համայնքապետարանն աշխատանքի համար վճարել է 9 մլն դրամ։ Գնման մրցույթն իրականացվել է գնանշման հարցմամբ։

Հաջորդող ամսում՝ սեպտեմբերին, համայնքապետարանն արդեն 33 մլն դրամի պայմանագիր է կնքել «Աժդանակ» ընկերության հետ՝ գետային ջրընդունիչի և պարզարանի կառուցման համար։ Այս դեպքում ևս գնումն իրականացվել է գնանշման հարցմամբ։ Գնառաջարկ է ներկայացրել միայն «Աժդանակ» ընկերությունը։ 

Համայնքապետ Փարամազյանը կնոջ ընկերության հետ պայմանագրերի կնքման գործընթացում շահերի բախում չի տեսնում։ 

«…գնահատող հանձնաժողովի անդամները և քարտուղարը ստորագրում են շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը պայմանագիր կնքելու մասին որոշման հետ հրապարակվում է տեղեկագրում: Պատվիրատուի ղեկավարի և պատասխանատու ստորաբաժանման վերաբերյալ օրենքում պահանջ չի ներկայացվում»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են համայնքապետարանից։

Չնայած Գնումների մասին օրենքում շահերի բախումը, իրոք, սահմանափակվում է գնահատող հանձնաժողովի անդամներով և քարտուղարով, սակայն, ըստ Հանրային ծառայության մասին օրենքի, եթե անմիջական ղեկավար չունեցող պաշտոնյան լիազորությունների շրջանակում կատարում է գործողություն կամ ընդունում է որոշում, որը կարող է հանգեցնել շահերի բախման, պարտավոր է այդ մասին գրավոր հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
 
Մանվել Փարամազյանին հարցրել էինք նաև՝ հայտարարություն ներկայացրե՞լ է ԿԿՀ, թե ոչ, սակայն մեր այս հարցը անպատասխան է մնացել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, սակայն, հայտնեցին, որ հայտարարություն չի ներկայացվել։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ Գնումների մասին օրենքի դրույթներն են թույլ տալիս պետական և համայնքային ղեկավար պաշտոնյաների հետ փոխկապակցված կամ նրանց հետ առնչվող ընկերություններին մասնակցել և հաղթել մրցույթներում։ Համայնքապետի հարազատի ընկերությունը հայտ է ներկայացնում, հաղթում, բայց քանի որ պաշտոնյան հայտերը գնահատող հանձանաժողովում չէ, խնդիր չի ծագում։

«Նշված դեպքերում դե-յուրե խնդիր չկա, սակայն կարող ենք ունենալ ողջամիտ համոզմունք, որ կա շահերի բախում։ Լսել եմ, որ հիմա Գնումների մասին օրենքում այս բացը ցանկանում են լրացնել նման տեսակի շահերի բախումից խուսափելու համար, որովհետև այն, իրոք, մասսայական բնույթ է կրում»,- մեր զրույցում ասաց Հոկտանյանը։

Փարամազյանը չի հայտարարագրել կնոջ մասնակցությունը ընկերություններում

2011 թվականին Մանվել Փարամազյանը հիմնադրել է ռեստորանային ծառայություններ մատուցող «Մալիլու» ընկերությունը։ 2021 թվականին Փարամազյանը ընկերությունը փոխանցել է կնոջ քրոջը՝ Արմինե Դավթյանին։ Հիմնադրման օրվանից այս ընկերության տնօրենը Փարամազյանի կինն է՝ Լիլիթ Դավթյանը։ 

Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ պաշտոնատար անձը պետք է հայտարարագրի իր և իր ընտանիքի անդամների մասնակցությունը առևտրային կազմակերպություններում և ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում։

Փարամազյանը չի հայտարարագրել ո՛չ կնոջ մասնակցությունը «Տրամպ» ՍՊԸ-ում, ո՛չ էլ «Մալիլու» ընկերության տնօրեն լինելու փաստը։ 

Համայնքապետարանը հրաժարվում է տեղեկություններ տալ իրականացված ընթացակարգերի վերաբերյալ

Գնման ընթացակարգերի մասին մասին հարցում էինք ուղարկել Քաջարանի համայնքապետարանին՝ պարզելու, թե ուրիշ ինչ ընկերությունների են ուղարկվել գնանշման հարցումները, ինչ հիմնավորմամբ են պայմանագրերի վերջնաժամկետները երկարացվել մի քանի ամսով, եթե առաջին պայմանագրի ժամկետի երկարաձգման հիմնավորումը եղանակային անբարենպաստ պայմաններ էին, ինչու դրանք հաշվի չեն առնվել հաջորդ պայմանագրերը կնքելիս և այլն։ Համայնքապետարանն այս հարցերին չի պատասխանել՝ պատճառաբանելով, որ դրանք առևտրային գաղտնիք են։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Գևորգ Հայրապետյանի խոսքով՝ տեղեկատվության տրամադրման ցանկացած մերժման հիմք պետք է վերաբերի մերժող մարմնին։ Այս պատասխանը տալու իրավունք ունի միայն ընկերությունը կամ էլ համայնքապետարանը պետք է ապացուցեր, որ առևտրային գաղտնիքն առնչվում է նաև իրեն։ 

«Եվ բացի սա՝ համայնքապետարանի կնքած պայմանագրի շրջանակում եղած պարտականություններին, պայմանների փոփոխություններին, իրավական հիմքերին վերաբերող հարցերը որևէ աղերս չունեն առևտրային գաղտնիքի հետ։ Եթե առևտրային գաղտնիք է, ինչո՞ւ է համայնքապետարանը հրապարակել պայմանագիրը։ Համայնքապետարանը շատ հեղհեղուկ պատճառաբանություն է բերել և խախտել Տեղեկատվության ազատության մասին օրենքը»,- ասաց Հայրապետյանը։

Հայրապետյանն այլ առերևույթ խնդիրներ էլ նշեց․ կառավարության՝ 2015 թվականի N 1204-Ն որոշմամբ՝ մեկից ավելի հարց պարունակող հարցմանը պետք է պատասխան տրվի առանձին, հերթական համարակալմամբ, ինչն այս պատասխանում չկա։

«Հերթական համարակալումն ապահովում է, որ տեղեկություն ստացողը միտումնավոր կամ պատահաբար որևէ հարց բաց չթողնի։ Այս պարագայում, եթե համայնքապետարանը բոլոր հարցերը մերժել է առևտրային գաղտնիքի հիմքով, բոլորը պետք է մերժեր առանձին-առանձին»,- նշում է նա։

Երրորդ խախտմամբ, ըստ Հայրապետյանի, համայնքապետարանը gnumner.am կայքին պատճաշ հղում չի կատարել։ Եթե պատասխանող կողմը հղում է անում, պետք է նշի այդ տեղեկության միջոցը, վայրը և ժամկետը․ «Համայնքապետարանը հայտնել է միայն միջոցի մասին, մինչդեռ պետք է ասեր՝ փաստաթղթերը հրապարակված են տվյալ ենթաբաժնում, այս օրն ու ժամին»։ 

Այսպիսով, Քաջարանի համայնքապետարանը վերջին 3 տարում շուրջ 700 մլն դրամի պայմանագրեր է կնքել մի ընկերության հետ, որի 40%-ը պատկանում է համայնքապետի կնոջը, 9%-ն էլ՝ ավագանու անդամներից մեկի եղբորը։ Միաժամանակ, համայնքապետ Մանվել Փարամազյանը չի հայտարարագրել կնոջ մասնակցությունը առևտրային կազմակերպություններում։ 

Լիլիթ Գրիգորյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել