Դեմոկրատները հրապարակել են Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ ամբողջական զեկույցը |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դատական հարցերի հանձնաժողովը, որում դեմոկրատները մեծամասնություն են, հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու վերաբերյալ ամբողջական զեկույցը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

658 էջանոց թղթում հանձնաժողովի անդամները սահմանում են նախագահին իմպիչմենտի ենթարկելու իրավական հիմքերը, մեղադրում են Թրամփին՝ լիազորությունները չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքները խոչընդոտելու համար:

Զեկույցում նշվում է, որ Թրամփի գործողությունները «խաթարում են Սահմանադրությունը»: Նաև փաստաթղթի հեղինակները պնդում են, որ գործող նախագահի պահվածքը «շարունակում է վտանգել ազգային անվտանգությունն ու ընտրությունների արդարությունը»:

Այդ կապակցությամբ հանձնաժողովի անդամները Ներկայացուցիչների պալատից պահանջում են զեկույցը համարել հրատապ հարց:

Նախատեսվում է, որ Ներկայացուցիչների պալատում իմպիչմենտի վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա այս շաբաթ: Եթե իմպիչմենտը հայտարարվի քվեարկության արդյունքներից հետո, գործը կդիտարկվի սենատորների կողմից։ Թրամփին իշխանությունից հեռացնելու համար կպահանջվի Սենատի ձայների երկու երրորդը: Նշվում է, որ Սենատի տեղերի մեծ մասը զբաղեցնում են հանրապետականները, ովքեր մտադրություն չունեն պաշտոնից հեռացնելու ԱՄՆ ներկայիս նախագահին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով