Մերձդնեստրում ջեռուցումն անջատված է, հարյուրավոր ձեռնարկություններ կանգ են առել, հազարավոր մարդիկ՝ մնացել առանց աշխատանքի։ BBC-ի ռուսական ծառայության անդրադարձը Մոլդովայում ստեղծված իրավիճակին՝ թարգմանաբար։
Մոլդովայի ռուսամետ անկլավ Մերձդնեստրում հունվարի 1-ից անջատվել են ջեռուցումն ու տաք ջուրը՝ կապված Ուկրաինայի տարածքով դեպի Արևելյան Եվրոպայի երկրներ ռուսական գազի տարանցման դադարեցման և կուտակված պարտքի պատճառով Ռուսաստանի կողմից Մոլդովային մատակարարումները շարունակելուց հրաժարվելու հետ:
Մերձդնեստրյան «Տիրասպոլտրանսգազ» ընկերության տվյալներով՝ նոր տարվա առաջին օրը գազից զրկվել է շուրջ 75,000 տնային տնտեսություն: Եվս 116,000 բաժանորդ գազ կստանա կրճատված ծավալներով: Հիմնականում խոսքը բարձրահարկ շենքերի բնակիչների մասին է:
Մերձդնեստրի ընդհանուր բնակչությունը շուրջ 450,000 է:
Առանց գազի և ջեռուցման է մնացել նաև այսպես կոչված «անվտանգության գոտում» գտնվող 11 բնակավայր՝ Մերձդնեստրին սահմանակից, սակայն Մոլդովայի պաշտոնական վերահսկողության տակ գտնվող տարածքում:
BBC-ի ռուսական ծառայության զրուցակից Մարինան Տիրասպոլից (Մերձդնեստրի մայրաքաղաք) ասել է, որ հունվարի 2-ին քաղաքում որոշ խանութներ արդեն բացվել են, և մարդիկ վերմակներ ու պլեդներ են գնում:
Նրա խոսքով՝ մեծ պահանջարկ ունեն նաև պատրաստման կարիք չունեցող մթերքները՝ թխվածքաբլիթներ, պրյանիկներ, հացաբուլկեղեն, պանիր և այլն: Մեկ գիշերվա ընթացքում հացի գները էապես բարձրացել են, իսկ հինգշաբթի առավոտյան հացի ընտրությունը շատ սահմանափակ է եղել:
Մարինայի խոսքերը հաստատում են տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունները՝ ամենապահանջված բատոնը մեկ օրում թանկացել է 45 կոպեկով և այժմ արժե 5,45 կոպեկ (Մերձդնեստրն օգտագործում է սեփական արժույթ՝ Մոլդովայի պաշտոնական արժույթից տարբեր):
Մերձդնեստրում կանգ են առել հարյուրավոր ձեռնարկություններ, և հազարավոր մարդիկ մնացել են առանց աշխատանքի: Նրանց աշխատանքային պայմանագրերը մնում են ուժի մեջ, սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես կփոխհատուցվի աշխատողներին հարկադիր պարապուրդը:
«Ճգնաժամն այնքան ծանր է, որ կարիք չկա թվարկել, թե որ ձեռնարկություններն են կանգնել: Կանգ են առել արդյունաբերական բոլոր ձեռնարկությունները, բացառությամբ միայն նրանց, որոնք զբաղվում են սննդամթերքի արտադրությամբ, այսինքն՝ անմիջականորեն ապահովում են Մերձդնեստրի պարենային անվտանգությունը: Մյուս ձեռնարկությունների, արդյունաբերական հատվածի համար էներգետիկ ռեսուրս չկա»,- հինգշաբթի հայտարարել է չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) տնտեսական զարգացման նախարար Սերգեյ Օբոլոնիկը:
Մերձդնեստրյան իշխանությունների տվյալներով՝ երկրամասում 150 մանկապարտեզ և 130 դպրոց են մնացել առանց ջեռուցման, ինչը հարցականի տակ է դնում ամանորյա արձակուրդներից հետո երեխաների վերադարձն այս հաստատություններ:
Միևնույն ժամանակ, այս փուլում Օբոլոնիկը իրավիճակը բնութագրել է որպես կառավարելի և կանխատեսելի, թեև նշել է, որ ձեռնարկությունների աշխատանքի չափազանց երկար պարապուրդը կանդրադառնա նրանց վերագործարկման հնարավորության վրա:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)