1lurer.am: Նաև 2020 թվականի պատերազմից հետո, մեր գնահատմամբ, իրատեսական բոլոր հնարավոր ջանքերը գործադրեցինք, որպեսզի ԼՂ հայությունը կարողանա շարունակել ապրել ԼՂ-ում և օժտված լինի որոշակի իրավունքներով: Հիմա սա փաստ է, որ այս ջանքերը ճիշտ վերաբերմունքի չարժանացան ԼՂ-ի գործող, գուցե նաև նախկին իշխանությունների կողմից, և ինչ-որ առումով նաև այդ պատճառով հիմա ունենք այն, ինչ ունենք: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Անդրադառնալով հարցին, թե հայկական կողմը բանակցո՞ւմ է ԼՂ հայերի վերադարձի մասով՝ Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի [հայերի] այնտեղ ապրելու մասին մենք խոսում էինք այն ժամանակ, երբ ԼՂ-ում հայեր ապրում էին,- ասաց նախարարը և հավելեց.- ԼՂ վերադարձը դարձել է շուտասելուկի պես մի բան, որը երբեմն ոչ այնքան լրագրողները, որքան քաղաքական այս կամ այն ուժի ներկայացուցիչները կրկնում են: ԼՂ հայերի վերադարձ ո՞ւր, ի՞նչ պայմաններով՝ կարո՞ղ եք ասել: Ուղղակի որպես Ադրբեջանի քաղաքացինե՞ր, կա՛ր այդ հնարավորությունը, Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք դպրոցում հայերեն սովորելու իրավո՞ւնք ունեն, կա՛ր այդ հնարավորությունը: Ուրի՞շ»:
Այս համատեքստում Միրզոյանը հիշեցրեց նաև ԼՂ խնդրի հանգուցալուծման մասով ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերը 2021-2022-ին, երբ քննարկվում էր ԼՂ ներկայացուցիչների կողմից Սոֆիայում ուղիղ բանակցություններ անցկացնելու առաջարկը, որոնք, ըստ նախարարի, հօդս ցնդեցին:
«Եվ այդ հանդիպումների հետ [հօդս ցնդեց] հնարավոր այն հեռանկարը, որն այդ հանդիպումները կարող էին բերել: Հօդս ցնդեցվեցին շատ կոնկրետ շրջանակների կողմից շատ կոնկրետ գործողություններով, գուցե նաև հրահրված՝ շատ կոնկրետ երրորդ երկրների կողմից:
Հիմա, երբ այդ ամենը եղել է, երբ ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել եք, Երևանում ասում եք՝ ԼՂ հայերի վերադարձ: Շա՛տ լավ, լսեցինք ձեզ: Ցավոք սրտի, ոչ մի լավ բան չեմ կարող ասել այդ մասին:
Մեր Կառավարության քաղաքականությունն է այնպես անել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարողանան, այդ թվում՝ Կառավարության աջակցությամբ, հոգալ իրենց բոլոր առաջին անհրաժեշտության կարիքները: Կարճաժամկետ կտրվածքով դա տեղի ունեցել է, այժմ փուլն է՝ օգնելու նրանց, հոգալու միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքները, այդ թվում՝ բնակարանային ապահովում, զբաղվածություն և այլն:
Մենք կանենք մեզնից հասնող ամեն ինչ, որպեսզի այդ մարդիկ ՀՀ-ում լիարժեք ինտեգրված զգան և ապրեն, օգտվեն բոլոր իրավունքներից»,- ասաց նա:
comment.count (0)