Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ օրհներգի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին ու լրացումներին
16:06 - 10 հունվարի, 2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ օրհներգի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին ու լրացումներին

Իմ տպավորությամբ մենք ոչ պատշաճ ուշադրությամբ ենք մինչեւ այժմ վերաբերվել Հայաստանի Հանրապետության օրհներգին: Ըստ էության` դե յուրե անհասկանալի է եղել, թե որն է ՀՀ պաշտոնապես հաստատված օրհներգը. ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի, Ալեն Սիմոնյանի հեղինակած ««ՀՀ օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 10-ի հերթական նիստում:

«Մենք առաջարկում ենք, որ համապատասխան լիազոր մարմինը` Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, օրենքն ընդունելուց հետո հրապարակի օրհներգի պաշտոնական տարբերակները, այդ թվում` ե'ւ կարճ, ե'ւ վոկալային, ե'ւ գործիքային տարբերակները, եւ դա կլինի բացառապես ՀՀ պաշտոնական օրհներգը»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը:

Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով օրհներգի կարճ տարբերակի սահմանմանը, օրհներգի խախտման դեպքում նախատեսվող պատասխանատվության դրույթներին:

Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանը, ողջունելով առաջարկվող փոփոխությունները, կոչ է արել դրական եզրակացություն տալ նախագծին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ: Նա նշել է, որ 2006 թվականին հաստատված տարբերակով օրհներգը հնչեցնելու պարտավորություն կա հանրակրթական դպրոցներում եւ բուհերում: Առաջարկվող փոփոխությունով շրջանակն ընդլայնվում է` ներառելով նաեւ նախադպրոցական, արհեստագործական եւ միջին մասնագիտական հաստատություններն այն տրամաբանությամբ, որ պետական քաղաքականությունը պետք է միասնական լինի բոլոր կրթական հաստատությունների պարագայում:

Մտքերի փոխանակության ձեւաչափով պատգամավորներն անդրադարձել են օրհներգի կատարման խախտումներին վերաբերող դեպքերին:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել է, որ չափազանց կարեւոր հարց է քննարկվում, սակայն նրա կարծիքով նախագիծը պատրաստ չէ ԱԺ լիագումար նիստում ներկայացման: Նա տեղեկացրել է, որ չեն մասնակցի նախագծի քվեարկությանը` առաջարկելով կազմակերպել աշխատանքային քննարկում եւ ամբողջացնել այն:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել