Տիգրան Ավինյանը փոխհատուցել է իր վերջին ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Հարգելի՛ գործընկերներ,
տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փոխհատուցել է իր վերջին ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը: Գումարը, որը կազմել է 7 միլիոն 650 հազար դրամ, քաղաքապետը վճարել է սեփական միջոցներից՝ ամբողջությամբ փոխհատուցելով այն համայնքային բյուջեին:
Բացի այդ, քաղաքապետը հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել կատարված գնման գործընթացը՝ պարզելու համար, թե ովքեր են պատասխանատու նշված ծախսերի համար: Նշված հանձնարարականի արդյունքների վերաբերյալ հընթացս տեղեկատվություն կտրամադրեմ»,- նշված է գրառման մեջ։
Ավելի վաղ Տիգրան Ավինյանը հայտնել էր, թե ինքն էլ տեղյակ չի եղել իր համար ձեռք բերված տոմսի արժեքից․ «Տեղին քննադատված թեմաներից մեկին կուզեմ անդրադառնալ։ Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գներով են ինձ համար ձեռք բերվել տոմսերը։ Ես էլ ապշած էի այդ թվերից։ Կարծում եմ՝ անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա, որովհետև նոյեմբերի 22-ի այցի համար տոմսերը ձեռք են բերվում նոյեմբերի 20-ին։ Եթե օրինակ մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեինք, կարող է կրկնակի և եռակի ավելի թանկ ձեռք բերեինք: Որոշում եմ կայացրել այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն: Նաև կանխելով հետագա հարցերը, թե ինչ գումարներով՝ կառաջարկեմ իմ հայտարարագիրն ուսումնասիրել»,- ասել է Երևանի քաղաքապետը գործակարգավարական նիստի ժամանակ:
comment.count (0)