Ավինյանը կփոխհատուցի ԱՄՆ մեկնելու համար գնված 20 հազար դոլարանոց տոմսի արժեքը
10:45 - 23 դեկտեմբերի, 2024

Ավինյանը կփոխհատուցի ԱՄՆ մեկնելու համար գնված 20 հազար դոլարանոց տոմսի արժեքը

Տիգրան Ավինյանը կփոխհատուցի ԱՄՆ մեկնելու համար գնված 20 հազար դոլարանոց տոմսի արժեքը: Երևանի քաղաքապետը գործակարգավարական նիստի ժամանակ:

«Տեղին քննադատված թեմաներից մեկին կուզեմ անդրադառնալ։ Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գներով են ինձ համար ձեռք բերվել տոմսերը։ Ես էլ ապշած էի այդ թվերից։ Կարծում եմ՝ անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա, որովհետև նոյեմբերի 22-ի այցի համար տոմսերը ձեռք են բերվում նոյեմբերի 20-ին»,- աասել է Ավինյանը:

Նրա խոսքով եթե օրինակ մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեին, կարող է կրկնակի և եռակի ավելի թանկ ձեռք բերեին:

«Որոշում եմ կայացրել այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն: Նաև կանխելով հետագա հարցերը, թե ինչ գումարներով՝ կառաջարկեմ իմ հայտարարագիրն ուսումնասիրել»,- ասել է Տիգրան Ավինյանը:

Նա նաև կոչ է արել դուրս բերել, թե որ կետից են հաստատել, որ պետք է մեկնեն. «Որ կետում և ինչ պատճառով է որևէ տեղեկատվություն մնացել, և գործողություն տեղի չի ունեցել: Ես արդեն ինքս կառաջարկեմ, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն այն մարդիկ, որոնք պատասխանատու են: Սա շատ մի կարևոր հնարավորություն է տալիս խոսել մի թեմայի մասին, որը հենց վերաբերում է ժամանակին: Շատ դեպքերում չենք գնահատում այն ժամանակը, որը մեզ տրված է, և ժամանակի գործոնը:

Այս դեպքում կոնկրետ մի իրավիճակում ենք հայտնվել, երբ իրականում մի քանի անգամ ավելի նվազ գումար կարելի էր ծախսել տվյալ գործողության համար, և ինչ-ինչ պատճառներով, ժամանակի գործոնը ճիշտ չգնահատելով, մենք մի իրավիճակի առջև հայտնվեցինք, երբ որ ինձ նոր տարվա «նվեր» արվեց։

Խնդրում եմ այս գործընթացի վերաբերյալ ամբողջական ինձ տվյալները տալ, որ կետում ով ինչ պետք է աներ, և որ կետում ով ինչ չի արել։ Եվ կարծում եմ՝ այսքանով կսպառենք այս հարցը»,- ընդգծել է Ավինյանը:

Ավելի վաղ Factor.am-ը գրել էր, որ քաղաքապետարանը նոյեմբերի 22-ին «Լաքշերի վոյաժ» ՍՊԸ-ի հետ կնքել է ծառայությունների ձեռքբերման պայմանագիր, որի արժեքը կազմում է 12 մլն 465 հազար դրամ։

Նշվում էր, որ քաղաքապետարանն այս ծառայությունը ձեռք է բերել մեկ անձից գնման ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։ Տեխնիկական բնութագրում որպես գնման առարկայի անվանում նշված է «Երևան-Դոհա-Լոս Անջելես-Դոհա-Երևան էկոնոմ դասի 8 ավիատոմս»։

Մեկ ավիատոմս էլ բիզնես դասի է։ Ընդհանուր առմամբ, ձեռք է բերվել 9 ավիատոմս։ Բիզնես դասի մեկ ավիատոմսն արժեցել է 7 միլիոն 650 հազար դրամ, իսկ էկոնոմ դասի 8 ավիատոմսերը՝ 4 միլիոն 815 հազար դրամ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել