«ԱՄՆ-ի հակառակորդներն այսօր ավելի թույլ են, քան երբ ես ստանձնում էի պաշտոնը»․ Բայդեն
 |azatutyun.am|
10:10 - 14 հունվարի, 2025

«ԱՄՆ-ի հակառակորդներն այսօր ավելի թույլ են, քան երբ ես ստանձնում էի պաշտոնը»․ Բայդեն |azatutyun.am|

azatutyun.am: «ԱՄՆ-ի հակառակորդներն այսօր ավելի թույլ են, քան երբ ես ստանձնեցի պաշտոնը չորս տարի առաջ», - ըստ Reuters-ի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն՝ իշխանությունը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հանձնելուց մեկ շաբաթ առաջ ամփոփելով իր արտաքին քաղաքականությունը։

«Չորս տարի առաջվա համեմատ Ամերիկան այսօր ավելի ուժեղ է, մեր դաշինքներն ավելի ուժեղ են, իսկ մեր հակառակորդներն ու մրցակիցներն՝ ավելի թույլ», - ասել է Բայդենը՝ շեշտելով՝ հեռանում է հաջորդ վարչակազմին փոխանցելով ամուր դիրքեր:

«Ամերիկան կրկին համաշխարհային առաջատար է», - նշել է ԱՄՆ հեռացող նախագահը։

Բայդենի ելույթից ժամեր անց նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռուստատեսային հարցազրույցում հակառակ գնահատականն է տվել Բայդենի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես, նշելով․ - «Դրանք չորս սարսափելի տարիներ էին»։

Բայդենն ելույթում խոստացել է իր վարչակազմի աջակցությունն Ուկրաինային և Իսրայելին։

Մինչ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում պատերազմները շարունակվում են՝ պաշտոնյաները հույս են հայտնում, որ Իսրայելի և պաղեստինյան ծայրահեղական «Համաս» խմբավորման միջև հնարավոր կլինի համաձայնության հասնել նախքան Բայդենը կլքի Սպիտակ տունը՝ մինչև սեպտեմբերի 20-ը:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ բանակցողները մոտ են համաձայնության հասնելուն, որի արդյունքում Գազայի հատվածում պահվող պատանդներն ազատ կարձակվեն, կդադարեցվեն մարտերը պաղեստինյան անկլավում, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ հումանիտար օգնություն հասցնել այնտեղ:

«Այնքան անմեղ մարդիկ սպանվեցին, այնքան համայնքներ ավերվեցին: Պաղեստինի ժողովուրդն արժանի է խաղաղության, Իսրայելն արժանի է խաղաղության, պատանդներն ու նրանց ընտանիքներն արժանի են վերամիավորման»,- ասել է Բայդենը՝ շեշտելով՝ աշխատում են այս ամենն արագ իրագործելու ուղղությամբ։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:

Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 45 հազարը։

«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները: Բայդենն էլ քննադատության է ենթարկվում Իսրայելին զենք և դիվանագիտական աջակցություն ցուցաբերելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել