Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախման մասին իր կայացրած որոշումներում (1,2) արձանագրել է, որ որևէ ձևով դրսևորված փոխկապակցվածության հանգամանքի առկայությունն արդեն իսկ ազդակ է, որի պարագայում պաշտոնյան, ում վերաբերելի են շահերի բախմանն առնչվող իրավակարգավորումները, մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը պարտավոր է շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հանձնաժողովին գրավոր հայտարարություն ներկայացնել:
Ըստ Հանրային ծառայության մասին օրենքի՝ շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա: Մասնավոր շահն իրենից ենթադրում է որևէ արտոնություն պաշտոնատար անձի կամ իր հետ փոխկապակցված անձանց, կազմակերպություններին, որոնց հետ կան ոչ միայն գործնական կամ անձնական, այլ նաև քաղաքական հարաբերություններ։
Արմեն Ալավերդյանը համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի դաշինքից է։ Սարգիս Մուրադյանը Սևանի համայնքի ղեկավարն է 2016 թվականից։ Ի պաշտոնե լինելով համայնքային գնումներում պատվիրատուի ղեկավար՝ համայնքապետն ընթացակարգերում շահերի բախման իրավիճակի վերաբերյալ 10-օրա ժամկետում պետք է գրավոր ծանուցեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ համայնքային գնումներում իր խմբակցության ավագանու անդամի ընկերության մասնակցության մասին։ Սակայն, համայնքապետը Հանձնաժողովին չի ծանուցել և 2022-2024 թթ-ին ավագանու անդամի ընկերության հետ կնքել է շուրջ 2.7 մլրդ դրամի պայմանագրեր։
Այս պարագայում ևս համայնքապետարանը նշում է, որ «անհրաժեշտություն չի տեսել դիմելու Հանձնաժողով, քանի որ «Ճան Շին» ՍՊԸ-ն բարեխղճորեն կատարել է նշված գնման ընթացակարգերի արդյունքում Սևանի համայնքապետարանի հետ կնքված բոլոր պայմանագրային պարտավորությունները»։
Համայնքներն իրենց ուղղված հարցերին, թե արդյոք շահերի բախման ռիսկ չկա համայնքային պաշտոնյաների և նրանց փոխկապակցված անձանց ընկերությունների՝ համայնքային գնումների մասնակցության մեջ, հաճախ հղվում են միայն «Գնումների մասին» օրենքին, ըստ որի՝ յուրաքանչյուր անձ գնումներին մասնակցելու հավասար իրավունք ունի։ Սակայն նրանք մոռանում են շահերի բախման ռիսկերի վերաբերյալ իրավական կարգավորումների մասին։ Մենք առանձնացրել ենք այն կարևոր հոդվածները, որոնցում առկա են նման կարգավորումներ։