1lurer.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և գործող նախագահ Ջո Բայդենին՝ Գազայի հատվածի շուրջ համաձայնության հասնելու հարցում օգնելու համար՝ հայտնում է Նեթանյահուի գրասենյակը։
Իսրայելի վարչապետն «ընդգծեց իր հանձնառությունը՝ բոլոր պատանդներին ցանկացած անհրաժեշտ միջոցներով վերադարձնելու հարցում» և ողջունեց Թրամփի խոսքերը, որ Միացյալ Նահանգները կաշխատի Իսրայելի հետ՝ երաշխավորելու, որ Գազան այլևս չդառնա ահաբեկչության ապահով ապաստան: Իսրայելի վարչապետն ու Թրամփը պայմանավորվել են շուտով հանդիպել Վաշինգտոնում:
Մինչ լրատվամիջոցները լայնորեն անդրադառնում են համաշխարհային առաջնորդների և կազմակերպությունների կողմից համաձայնագրի ողջունմանը, ըստ Associated Press-ի՝ Նեթանյահուի գրասենյակը ուղղակիորեն չի հաստատել, որ Իսրայելն ընդունել է համաձայնագիրը։
Նեթանյահուն ասել է, որ պաշտոնական արձագանք կլինի այն դեպքում, «երբ կավարտվեն համաձայնագրի վերջնական մանրամասները, որոնք այժմ մշակվում են»։
CNN-ը, հղում անելով իսրայելական բարձրաստիճան աղբյուրին, հայտնում է, որ համաձայնագիրը դեռ պետք է հաստատի անվտանգության կաբինետը, իսկ հետո կառավարության ամբողջական կազմը՝ պարզ մեծամասնությամբ:
comment.count (0)