Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման 9-րդ նստաշրջանի հերթական նիստը: Մեկնարկին հնչեց ՀՀ օրհներգը՝ քառատողերի փոփոխված հերթականությամբ, երգչախմբի կատարմամբ։ Արձագանքելով դրան՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ այդպիսով խախտում են ՀՀ օրենքը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն ընդունել է ՀՀ օրհներգը խմբագրելու ԱԺ իշխող խմբակցության նախաձեռնությունը, որով նախատեսվում է օրհներգի երկրորդ և չորրորդ քառատողերը տեղափոխել ու այն եզրափակել այս նախադասությամբ՝ «Նայիր նրան երեք գույնով, նվիրական մեկ նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»:
Պատգամավորները նաև մեկ րոպե լռությամբ հարգեցին ավտովթարի հետևանքով մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի հիշատակը:
Այնուհետև երդմամբ պատգամավորական մանդատը ստանձնեց ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական՝ հաջորդ թեկնածու Ջուլիետա Ազարյանը Դավիթ Առուշանյանի փոխարեն: Վերջինս, հիշեցնենք, ընտրվել է Շիրակի մարզպետի պաշտոնում:
Ապա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրեց նիստի օրակարգը, որում, ի թիվս այլ հարցերի, ներառված է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին:
Գեղամ Մանուկյանը կոչ արեց ՔՊ պատգամավորներին կարդալ Սիրունյանի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը և վերանայել որոշումը, քանի որ նրա պնդմամբ «առաջադրել են մի մարդու, որը հասարակական, ներազգային ատելության օրինակ է»:
Մի շարք ՀԿ-ներ ավելի վաղ հայտարարություն էին տարածել և դատապարտել Սիրունյանի առաջադրումը:
comment.count (0)