Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով համընդհանուր հայտարարագրի մասին որոշմանը։ Վարչապետը նշել է, որ քաղաքացիներից այս թեմայով բազմաթիվ հարցեր է ստացել, ապա անդրադարձել նման որոշման պատճառներին։
Վարչապետի խոսքով դրա պատճառները շատ են, դրանցից մեկը հակակոռուպցիոն պայքարում կառավարության հետևողականությունն է։ Համակարգի ներդրումից հետո բարձրաստիճան պաշտոնյանները չեն կարող իրենց հարազատների միջոցով իրականացնել կոռուպցիոն սխեմաներ, քանի որ նրանք նույնպես պետք է ներկայացնեն հայտարարագրեր։
«Դրա համար կան մի շարք պատճառներ, դրանցից մեկը հակակոռուպցիոն պայքարում մեր հետևողականությունն է։ Դուք գիտեք, որ մենք ներդրել ենք համակարգ, ըստ որի բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հայտարարագրեն իրենց ունեցվածքը, բայց դա բավարար չէ մեր տեսլականը իրականացնելու համար, քանի որ բարձրաստիճան պաշտոնյայի զոքանչի, դասարանցու կամ բաջանաղի միջոցով գործում են կոռուպցիոն սխեմաներ։ Այս միջոցով մենք պաշտոնյաների զոքանչներին, բաջանաղներին, քենիներին ու քեռիներին մտցնում ենք հայտարարագրման համակարգ»,- նշել է նա։
Բացի այդ, վարչապետի կարծիքով համակարգը կնպաստի սոցիալական քաղաքականությունն ավելի հասցեական դարձնելուն։ Օրինակ, եթե քաղաքացին օգտվում է սոցիալական նպաստից, բայց բանկում ունի մեծ ավանդ, ապա սա կօգնի, որ այդ սոցիալական նպաստի միջոցները ուղղվեն այն մարդկանց, որոնք ավելի շատ ունեն դրա կարիքը։
comment.count (0)