Ներգաղթը կանխելուց մինչ այն, որ կա միայն երկու սեռ. ինչ ասաց Թրամփը երդմնակալության ժամանակ

Ներգաղթը կանխելուց մինչ այն, որ կա միայն երկու սեռ. ինչ ասաց Թրամփը երդմնակալության ժամանակ

Դոնալդ Թրամփը երեկ երդվեց՝ պաշտոնապես ստանձնելով Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնը նոյեմբերին կայացած ընտրություններում վճռական քամբեքից հետո։

Երդմնակալության 29 րոպեանոց ելույթում Թրամփը խոստացավ վերականգնել ամերիկյան երազանքը՝ միաժամանակ զգուշացնելով նախորդ վարչակազմի թողած, իր նկարագրությամբ, քաոսի և ավերածությունների մասին: BBC-ն հայտնել է Թրամփի ելույթի կարևոր հատվածները, որը ներկայացնում ենք ստորև.

«Ամերիկայի ոսկեդարը»

Թրամփն իր ելույթը սկսեց դրական նոտայով:

«Ամերիկայի ոսկեդարը մեկնարկում է հենց հիմա: Այսօրվանից հետո մեր երկիրը կծաղկի և հարգանքի կարժանանա»,- հայտարարեց նա:

Նախագահը խիստ գնահատական տվեց այսօրվա Ամերիկային՝ այն ներկայացնելով որպես «ծայրահեղ և կոռումպացված կառույց», որը «չի կարող կառավարել նույնիսկ սովորական ճգնաժամը տանը»՝ նկատի ունենալով Լոս Անջելեսում բռնկված հրդեհները:

«Մենք այլևս թույլ չենք տա, որ մեզ շահագործեն»,- ասաց Թրամփը:

Քաղաքական քայլերի երկար ցանկը

Նախագահները հակված են իրենց երդմնակալության ելույթը որպես հնարավորություն օգտագործել՝ միասնության կոչ անելու, մեծ ու վեհ խոստումներ տալու, ինչպես նաև իրենց քաղաքականության մանրամասները ներկայացնելու համար:

Բայց ոչ Դոնալդ Թրամփը:

Հանրապետական նախագահը միանգամից կոնկրետ կետեր ներկայացրեց՝ անցնելով քաղաքական խոստումների և գործողությունների ամբողջական ցանկի վրայով, որը պատրաստվում է իրականացնել առաջին 100 օրվա ընթացքում:

Թրամփը հայտնեց, որ արտակարգ դրություն է հայտարարելու երկրի հարավային սահմանին (նույնը արել է 2019-ին) և զորքեր է տեղակայելու ներգաղթը հսկելու համար, ինչը խոստացել էր քարոզարշավի ժամանակ:

Նա նաև հայտարարեց, որ հատուկ հրաման է ստորագրելու՝ «անհապաղ դադարեցնելու գրաքննությունը և հետ բերելու ազատ խոսքն Ամերիկայում»:

«Փրկված Աստծով»

Թրամփը վերադարձրեց բոլորին նախագահական ամենաքաոտիկ և բուռն քարոզարշավի երևի ամենաշոկային պահ՝ իր դեմ մահափորձ:

«Նրանք, ովքեր ցանկանում են կանգնեցնել մեր գործը, փորձել են խլել իմ ազատությունը ու նույնիսկ իմ կյանքը»,- ասաց նա:

«Մի քանի ամիս առաջ Փենսիլվանիայի գեղեցիկ դաշտում մարդասպանի գնդակն անցավ ականջիս միջով, բայց ես հետո զգացի և հիմա ավելի շատ եմ հավատում, որ իմ կյանքը ինչ-որ պատճառով է փրկվել»,- ասաց նա՝ ընդգծելով. «Ինձ փրկել է Աստված՝ Ամերիկան նորից ավելի մեծ դարձնելու համար»:

Մարսը և Պանամայի ջրանցքը

Թրամփը հայացք գցեց նաև դեպի արտաքին աշխարհ՝ խոստանալով դրամատիկ գործողություններ Ամերիկայից դուրս, ինչպես նաև երկնքում:

Նա նշեց, որ ինքը ցանկանում էր, որ Պանամայի ջրանցքը լինի ԱՄՆ վերահսկողության տակ՝ սխալմամբ պնդելով, որ ներկայումս այն ղեկավարվում է Չինաստանի կողմից: Պանաման ջրանցքի նկատմամբ ինքնիշխանություն ունի:

«Մենք այն հետ ենք վերցնում»,- ասաց Թրամփը:

Թրամփը ավելի առաջ գնաց՝ խոստանալով «հետևել իրենց ճակատագրին դեպի աստղերը» և խոսելով Մարսի մասին:

«Գոյություն ունի միայն երկու սեռ»

Ամենաերկար ու բարձր ծափահարությունները հնչեցին, երբ Նախագահ Թրամփն ասաց. «Այսուհետ սա կլինի Միացյալ Նահանգների պաշտոնական քաղաքականությունը, որ գոյություն ունի միայն երկու սեռ՝ արական և իգական»:

Թրամփը  խոստացավ կանխել ջանքերը՝ «ինտեգերելու ռասան և սեռը հանրային և անձնական կյանքի բոլոր ասպեկտներում»:

Նա խոստացավ մի երկիր ստեղծել, որը «առանց գույների է և հիմնված արժանիքների վրա»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն