Փաստաբանները՝ ընդդեմ հարկային բեռի ավելացման․ կոլեկտիվ հանրագիր է ներկայացվել Կառավարությանը
17:00 - 21 հունվարի, 2025

Փաստաբանները՝ ընդդեմ հարկային բեռի ավելացման․ կոլեկտիվ հանրագիր է ներկայացվել Կառավարությանը

Հունվարի 17-ին Փաստաբանների պալատը կոլեկտիվ հանրագիր է ներկայացրել ՀՀ կառավարությանը․ առիթը փաստաբանական  ծառայությունների մատուցման եւ անվճար իրավաբանական օգնության տրամադրման ոլորտում հարկային բեռի վերջին փոփոխություններն են։

Այս տարվա հունվարի 1-ից փաստաբանական  եւ իրավաբանական ծառայությունները շրջանառության հարկման համակարգից տեղափոխվել են հարկման ընդհանուր համակարգ։ Դա նշանակում է, որ շրջանառության հարկի փոխարեն (5%) այդ ծառայություններից այսուհետ գանձվելու են ավելացած արժեքի հարկ (20 %) եւ շահութահարկ (18-23%)։ Արդյունքում, այստեսակ գործունեությունների հարկային բեռն ավելանալու է մոտ 6-8 անգամ։

Այժմ Հայաստանի 1212 փաստաբաններ ներկայացրել են իրենց համատեղ նախագիծը եւ պահանջում են Կառավարությունից հավանություն տալ փաստաբանական  ծառայությունների մատուցումը եւ անվճար իրավաբանական օգնության տրամադրումն ավելացված արժեքի հարկից ազատելուն՝ նախագիծն ուղարկելով Ազգային ժողով՝ ընդունման։

Նշենք, որ հանրագիրը հանրային նշանակություն ունեցող հարցերով գրություն է, պաշտոնատար անձանց գործունեության թերությունների մասին հաղորդում կամ տարբեր ոլորտներում իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ, որը անհատապես կամ կոլեկտիվ ներկայացնելու իրավունքը ամրագրված է Սահմանադրությամբ։ 

Օրենքի համաձայն՝ հանրագրին պատասխան է ներկայացվում այն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում (սահմանված դեպքերում ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ վեց ամիս)։

Երբ եւ ինչու նախաձեռնվեցին հարկային փոփոխությունները

Օրենսդրական այս փոփոխությունը Կառավարությունը նախաձեռնել էր 2024 թ․–ի տարեսկզբին։ Ըստ հեղինակների՝ նախագծի ընդունման անհրա­ժեշտու­թյունը բխում է շրջանառության հարկի համակարգի եւ հարկ­ման ընդհանուր համա­կարգի հարկային բեռերի միջեւ տարբերության կրճատման, տնտե­սավարող սուբյեկտ­ների կողմից կատարվող ծախ­­­սերի փաստաթղթավորման խթանները մեծացնելու, ինչ­պես նաեւ հարկ­ման երկու համակարգերն ավելի հասցեական դարձ­նելու նպա­տա­կա­դրում­ներից․

«Շրջանառության հարկի համակարգի՝ որպես հարկման հիմնական համա­կար­գին այլընտրանքային համակարգի հիմնական նպատակը տնտե­սա­վա­րող սուբ­յեկտների համար պարզ հարկային հաշվառման եւ մեղմ վարչարարության պայ­ման­նե­րում գոր­ծու­նեու­թյուն ծավալելու հնարավորության ապահովումն է: Ուսում­նա­սի­րու­թյուն­ները, սակայն, ցույց են տալիս, որ այլընտրան­քային համա­կարգ լինելու փոխարեն այն վերածվել է հարկ­ման արտոնյալ համա­կարգի»,– ասված է նախագծի հիմնավորումներում։

Դեռ 2024–ի հունվար–փետրվար ամիսներին, երբ նախագիծը հրապարակվել էր իրավական ակտերի նախագծերի պաշտոնական հարթակում, բուռն քննարկումների տեղիք էր տվել։ Մի շարք փաստաբաններ բազմաթիվ առարկություններ էին ներկայացրել՝ շեշտելով նաեւ, որ նախագծի հեղինակները խախտել են Հարկային օրենսգրքի 3-րդ հոդվածի պահանջները, ըստ որի՝  վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներում փոփոխությունները եւ/կամ լրացումները կատարվում են՝ դրանք նախապես քննարկելով ոլորտի մասնագիտական-հասարակական կազմակերպությունների, գործարար միջավայրի ներկայացուցիչների եւ այլ շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ։

Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը մեր հարցին ի պատասխան մանրամասնեց՝ նախագիծը Պալատին նախապես չի ուղարկվել, միայն Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, երբ փաստաբաններն արդեն դժգոհության ալիք էին բարձրացրել, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկում հրավիրվեց, որից հետո փաստաբանները ներկայացրին 17-էջանոց դիտարկումներ եւ առաջարկություններ։ Այնուհանդերձ, Խորհրդարանը 2024 թվականի հունիսի 12-ին նախագիծն ընդունեց՝ առանց անդրադառնալու այն առաջարկություններին։

Մարդու իրավունքների պաշտպանը նախագծում սահմանադրականության խնդիր էր տեսնում

Նախագծի վերաբերյալ իր մտահոգություններով Պալատը դիմել էր նաեւ Մարդու իրավունքի պաշտպանի աշխատակազմին։ Առանձին դիմումով մտահոգություններ էր ներկայացրել նաեւ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, որին միացել էր եւս 9 կազմակերպություն։

Այս ամենից հետո՝ 2024 թ․ նոյեմբերի 14-ին, ՄԻՊ-ը դիմել էր Սահմանադրական դատարան՝ խնդրելով հակասահմանադրական ճանաչել նախագծի այն դրույթը, որով փաստաբանական ծառայություն մատուցողներն հարկվելու են ընդհանուր ռեժիմով։ ՄԻՊ-ը հակասություն էր տեսնում այդ դրույթի եւ Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքների, համաչափության սկզբունքի, ինչպես նաեւ հիմնական իրավունքների եւ ազատությունների՝ միջազգային իրավական պրակտիկային համապատասխանելու սկզբունքի հետ (Սահմանադրության հոդվածներ 61, 64, 78, 81)։

Սահմանադրական դատարանը, սակայն, դիմումը ըստ էության չէր քննել՝ որոշելով մերժել այն վարույթ ընդունել՝ պատճառաբանությամբ, որ դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու իրենց․ «Գնահատման առարկա դարձնելով խնդրո առարկա նորմի ենթադրյալ հակասահմանադրականությունը՝ Դիմողը փորձել է հիմնավորել սոսկ խնդրո առարկա նախագծի անհիմն լինելու վերաբերյալ դիրքորոշումը, որն իր բովանդակությամբ դեռ չի հիմնավորում վիճարկվող դրույթի հակասահմանադրականությունը»- ասված է ՍԴ որոշման մեջ։

Ինչ ռիսկեր են տեսնում փաստաբանները

Փաստաբան Զորայր Հարությունյանը Ինֆոքոմի հետ զրույցում ասում է՝ ազնվության համար պետք է նշել, որ հարկային քաղաքականությունը մի ոլորտ է, որը, ըստ էության, հայեցողական բնույթ է կրում, ուստի իր եւ իր շատ գործընկերների համար խնդրահարույց է ոչ թե հարկատեսակի փոփոխությունը, այլ հարկի չափը։ Ընդ որում, փոփոխությունը խնդրահարույց է թե՛ քաղաքացիների, թե՛ հենց պետության համար․ 

Փաստաբան Զորայր Հարությունյանը

«Պատկերացնում եք՝ խոսքը հարկային բեռի՝ շուրջ 8 անգամ ավելանալու մասին է, 800 %–անոց բեռ է ավելանում, ինչը բացասական հետեւանքներ է առաջացնելու առավելապես մեր ծառայություններից օգտվող մարդնանց եւ իրավաբանական անձանց համար, այլ ոչ թե փաստաբանների, որովհետեւ սրա հետեւանքով պարզապես ծառայության արժեքներն են աճելու։ Բայց մի հարց էլ կա պետության տեսանկյունից, որի մասին քիչ է խոսվում․ երբ շրջանառությունը հարկը ներդրվեց փաստաբանական տիրույթում, դրա նպատակներից մեկը այն էր, որ փաստաբանական ծառայությունների, ընդհանրապես ծառայությունների ոլորտում Հայաստանում շատ մեծ սեւ ոլորտ կար, այսինքն՝ ծառայությունների մատուցումը միշտ թաքցվում էր հարկային մարմիններից եւ որպես հետեւանք՝ հարկային պարտավորություն չէր առաջանում կամ առաջանում էր շատ ավելի նվազ գումարների նկատմամբ։ Հիմա, իմ խորին համոզմամբ, հարկային բեռի այսպիսի ավելացմամբ առնվազն որոշ մասով վերադարձ է կատարվելու մինչշրջհարկյան ժամանակահատվածը, այսինքն՝ շատերը գնալու են այն ճանապարհով, որ ծառայությունների մատուցման պայմանագրերի մի մասը ընդհանրապես ցույց չտան կամ ցույց տան ավելի նվազ գումարով, քան իրականում է եղել է, եւ արդյունքում ստեղծվելու է ստվերային չկառավարվող դաշտ՝ մանավանդ հաշվի առնելով, որ ծառայությունների ոլորտը այնպիսի ոլորտ է, որը, «մենաշնորհային դիրք ունի» գնի գոյացման համար, նկատի ունեմ՝ որեւէ մեկը երբեւէ չի կարող ասել՝ ինչո՞ւ է, օրինակ, Պողոս Պողոսյան փաստաբանը, այս գործով ծառայություն մատուցել 100 հազար դրամով, իսկ Պետրոս Պետրոսյանը՝ 2 միլիոն դրամով»։

Զորայր Հարությունյանի խոսքով՝ փաստաբանական գործունեությունը տարբերվում է ծառայությունների մատուցման ամբողջ շուկայից նրանով, որ դա առաջին հերթին իրավապաշտպան, նոր միայն՝ շահույթ հետապնդող գործունեությունն է․ «Մենք խոսում ենք մարդկանց մասին, որոնք զբաղվում են մարդկանց կամ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանությամբ։ Շատ հաճախ լինում են դեպքեր, երբ այդ ծառայությունների դիմաց վճարողներ կամ ընդհանրապես չեն լինում, կամ ի սկզբանե պայմանավորվածություն Է լինում անվճար ծառայություններ մատուցելու մասին (pro bono)»,- նշում է Հարությունյանը։

Նա օրինակ է բերում Երեւանում զանգվածային միջոցառումների, բողոքի ակցիաների ժամանակ բազմաթիվ անձանց բերման ենթարկելու դեպքերը․ «Գրեթե միշտ բոլոր այդ դեպքերով Փաստաբանների պալատը խմբեր է ձեւավորում, որոնք անհատույց՝ առանց որեւէ ֆինանսական եկամուտի ակնկալիքի գնում են, մարդկանց որոշակի ծառայություններ են մատուցում։ Բացի այդ, ամեն տարի մոտավորապես 5 գործով՝ քաղաքացիական կամ քրեական, ստանձնում եմ պաշտպանություն կամ ներկայացուցչության իրականացում առանց որեւէ վճարի եւ դրա ակնկալիքի։ Եվ հիմա ես դա չեմ էլ պատրաստվում դադարեցնել, բայց շատ հետաքրքիր է՝ Պետական եկամուտների կոմիտեն իմ դուռը թակելու է, ասի՝ ինչու գումար չես վերցրել կամ ինչո՞ւ տուգանք չես վճարել։ Եթե սա ՊԵԿ-ի աչքերում կդիտվի որպես վարչական իրավախախտում կամ այլ բան, ես, բնականաբար, դրա դեմ կարտահայտեմ իմ դիրքորոշումը համապատասխան ատյաններում։ Բայց կարծում եմ, որ այս ամենը իրականում այնքան պարզ է, որ ընդհանրապես պետք էլ չէր հասնել այն կետին, որ այս քննարկումն ունենայինք»,- կարծում է փաստաբանն ու հույս հայտնում, որ իրենց հանրագիրը իր նպատակին կծառայի, եւ գործադիրն ի վերջո կսթափվի։ 

Կոլեկտիվ հանրագրին միացած մյուս փաստաբան Արմինե Ֆանյանը եւս ունի գործեր, որոնցով անվճար ծառայություն է մատուցում․ «Անձինք կան, որոնց գործերով 10 տարուց ավելի է՝ անվճար ծառայություն եմ մատուցում՝ Ռուզան Ադանալյանի որդու սպանության կամ Դավիթ Հովակիմյանի սպանության գործը։ Հիմա, փաստորեն, պետք է այդ ծառայությունն էլ հարկվի, որովհետեւ պետությունը չի թույլատրում անվճար օգնություն տրամադրել։ Ու ստացվելու է, որ շատ քաղաքացիներ, որոնք իսկապես անվճարունակ են եւ միաժամանակ հանրային պաշտպանի գրասենյակի շահառու չեն, մնալու են անպաշտպան։ Պատկերացրեք՝ դեռ չեմ էլ քննարկել վստահորդներիս հետ, նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասել, ինչպես բացատրել, որ անվճար ծառայությունը պետք է վճարվի։ Սա ամբողջ աշխարհում նախադեպը չունեցող կարգավորում է»,- ասում է Ֆանյանը։

Փաստաբան Արմինե Ֆանյանը

Վերջինս էլ մեկ այլ խնդիր էլ է մատնանշում․ օրենսդրական այս փոփոխությունը հանգեցնում է  խտրական պայմանների ֆիզիկական եւ իրավաբանական անձանց միջեւ․ «Իրավաբանական անձ հաճախորդները կարողանալու են ավելացած արժեքի հարկը հաշվեգրել եւ հետագայում իրենց ծախսերի միջոցով կոմպենսացնել, բայց ֆիզիկական անձինք չունեն ծախսագրման մեխանիզմ, եւ ստացվելու է, որ նրանք միեւնույն իրավաբանական ծառայության համար վճարելու են ավելի շատ, քան իրավաբանական անձինք»։ 

Մինչ այս եղած կարգավորումների համաձայն՝ եթե փաստաբանական գրասենյակի տարեկան  եկամուտը գերազանցում է 115 միլիոն դրամը, գրասենյակը տեղափոխվում էր հարկման ընդհանուր համակարգ։ Սա Արմինե Ֆանյանը արդարացի մոտեցում է համարում․ «Եթե փաստաբանական գրասենյակի եկամուտը բավականին լուրջ ծավալների է հասնում, պետությունը թող դրանից իր օգուտը քաղի, բայց հիմա պետությունը մտածե՞լ է, օրինակ, մարզի անհատ ձեռնարկատեր փաստաբանների մասին․ մարզի շուկան, բոլորս գիտենք, հիմնականում անվճարունակ է, մարդիկ երբեմն հոնորարներն էլ չեն կարողանում վճարել»,- մտահոգվում է փաստաբանը՝ ենթադրելով, որ սա լինելու է մանր եւ միջին ձեռնարկատիրությունների վախճանը։

Փասատաբանը չի բացառում, որ կարող են ստվերային ծառայություններ եղած լինել, բայց պնդում է․ «Պետությունը պետք է ուժեղացներ իր հարկային լծակները՝ այդտեսակ դեպքերը բացահայտելու եւ այդ անձանց պատասխանատվության ենթարկելու համար, այլ ոչ թե ողջ համայնքին բերեր հարկային մի ռեժիմ եւ ասել՝ «ես մտածում եմ՝ դուք կչարաշահեք, ձեր գործերը անվճարի տակ կգրեք»։ Փաստաբանների հանդեպ այդ մեղավորության կանխավարկածը պարզապաես վիրավորական է»։ 

Նշենք, որ նույնաբովանդակ նախագիծ շրջանառության մեջ էր դրվել նաեւ 2019 թ․-ին, բայց հետագայում գործընթացը կասեցվել էր․ «Գուցե քաղաքական կամք կար կամ գուցե զգացին, որ այդ պահին վտանգավոր Է նման կտրուկ քայլեր ձեռնարկելը, հիմա գուցե կարծում են, որ իրենց դիրքերը ավելի ամուր են, եւ կարելի է բավականին կոշտ հարկային քաղաքականություն վարել»,- նշում է փաստաբան Արմինե Ֆանյանը։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել