civilnet.am: Ադրբեջանի 2025-ի պետական բյուջեի վերլուծությունը ցույց է տալիս, որ Բաքուն պատրաստվում է օգտագործել մոտակա երկու տարվա «հնարավորությունների պատուհանը»՝ Հայաստանի դեմ հնարավոր նոր պատերազմի համար։ Երկրի ռեկորդային ռազմական բյուջեն (շուրջ 5 մլրդ դոլար), սպասվող սոցիալ-տնտեսական ցնցումները և տարածաշրջանում ձևավորվող աշխարհաքաղաքական նպաստավոր պայմանները Բաքվին կարող են դրդել պատերազմ սկսելու։
Ռազմական բյուջեի ավելացումը 1 մլրդ դոլարով
2025-ի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը խորհրդարանի հաստատմանն ուղարկեց պետբյուջեի նախագիծը, որը նախատեսում է 4,9 մլրդ դոլար ռազմական ծախսեր կամ 1 մլրդ-ով ավելի, քան ֆինանսների նախարարության ավելի վաղ առաջարկածը։ 1 մլրդ-ի ֆինանսական բեռը ամբողջությամբ դրվում էր Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի (SOFAZ) վրա` 2025-ի համար պետական բյուջեն ֆինանսավորելու SOFAZ-ի պարտավորությունը 7,5 մլրդ դոլարից բարձրացնելով 8,5 մլրդ-ի։ Ֆինանսների նախարարության հաղորդագրությունում նշվում էր, որ բյուջեի փոփոխությունն արվել է նախագահի հրահանգով և պայմանավորված է «Հայաստանի ահագնացող ռազմականացմանն արձագանքելու անհրաժեշտությամբ»։
Նոյեմբերին խորհրդարանում բյուջեի քննարկումներից մեկի ժամանակ ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարեց, որ 2025-ի համար նավթագազային եկամուտների անկում են կանխատեսում, ինչը, ի թիվս այլ պատճառների, պայմանավորված է նաև նավթահանքերում պաշարների սպառմամբ։ Մեկ այլ ելույթում Շարիֆովը նշում էր, որ ռազմական ծախսերի աճը նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությունն է, և ֆինանսների նախարարությունը չէ, որ նախաձեռնել է SOFAZ-ի հաշվին ծախսերի աճի ֆինանսավորումը՝ կարծես ակնարկելով, որ այդ աճը խնդրահարույց է։
Քննարկումների ընթացքում Ադրբեջանի հաշվեքննիչ պալատի նախագահը ևս բյուջեի նախագծի մեջ ռիսկեր մատնանշեց։ Ելույթներից մեկում նա ասաց, որ մտահոգված է բյուջեի նախագծի հիմքում դրված՝ նավթի 70 դոլար/բարել գնի համար, որը վերջին տարիների համար աննախադեպ է։ 2022, 2023 և 2024 թվականներին Ադրբեջանի բյուջեի հիմքում դրված է եղել նավթի համապատասխանաբար 50, 50 և 60 դոլար գինը։ Բյուջեի հիմքում դրվող նավթի գինը այն գինն է, որը որպես ենթադրություն ընդունելով՝ պլանավորում են պետական բյուջեի եկամուտները և ծախսերը։
Բյուջեում բուֆեր գրեթե չկա
Բյուջեի հիմքում նավթի գինը շուկայականից ցածր դնելու նպատակն է ստեղծել բուֆեր, որը նավթի գների նվազման պայմաններում թույլ կտա ապահովել պետական բյուջեի կատարումը առանց SOFAZ-ից փոխանցումների աճի։ Նույն տրամաբանությամբ, 2022-2024 թվականներին ամեն տարի Ադրբեջանը տարվա ընթացքում բյուջեում փոփոխություններ է մտցրել և բարձրացրել բյուջեի հիմքում դրված նավթի գինը, որովհետև նավթի փաստացի գինը ավելի բարձր է եղել։ Դա լրացուցիչ եկամուտներ է ձևավորել, որոնք թույլ են տվել ծախսերը պլանավորածից մեծացնել, և հավելյալ ծախսերը գրեթե ամբողջությամբ գնացել են կապիտալ ծախսերի ֆինանսավորման աճին։ 2025-ի համար նավթի միջազգային գինը կանխատեսվում է 75 դոլարի սահմաններում, իսկ Ադրբեջանի բյուջեի հիմքում դրված է 70 դոլար նավթի գինը, ինչը նշանակում է, որ 2025-ի բյուջեի նախագծում բուֆեր գրեթե նախատեսված չէ, և նավթի գնի 70 դոլարից ներքև գտնվելու դեպքում այլ հավասար պայմաններում Ադրբեջանը ստիպված է լինելու էլ ավելի մեծացնել SOFAZ-ից պետական բյուջե փոխանցումները։
Բյուջեի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի հաշվեքննիչ պալատի պատրաստած եզրակացությունում նույնպես հետաքրքիր փաստեր կան։ Կից աղյուսակում հաշվեքննիչ պալատը կանխատեսում է, որ 2025-2028 թվականներին պետական բյուջեի նավթային եկամուտների կրճատմամբ պայմանավորված՝ դրանց կշիռը բյուջեի ընդհանուր եկամուտներում աստիճանաբար կրճատվելու է մինչև 40 տոկոս, այն դեպքում, երբ վերջին 10 տարում դրանք երբեք չեն իջել մոտ 50 տոկոս մակարդակից։
Քանի որ Ադրբեջանի տնտեսության արտահանումը գրեթե ամբողջությամբ նավթն ու գազն է, իսկ դրանցից եկամուտների էական անկում է կանխատեսվում, այս աղյուսակը ընդամենը նշանակում է, որ Ադրբեջանը չի կարողանալու պետական բյուջեն նավթային եկամուտների հաշվին նույն ծավալով ֆինանսավորել և ստիպված ինչ-որ պահի մանաթը դևալվացնելու է, որպեսզի կարողանա բյուջեն հավասարակշռված պահել։ Իհարկե, մոտալուտ դևալվացիայի մասին հիշատակումներ միայն այսպիսի տողատակերում է հնարավոր գտնել։ Ադրբեջանի պաշտոնյաների խոսքում դրա մասին նշույլ չկա, ընդհակառակը՝ բյուջեի նույն քննարկումներին Ադրբեջանի կենտրոնական բանկի նախագահը պնդում էր, որ առաջիկա տարիներին փոխարժեքը չի փոխվելու։
SOFAZ-ի մարտահրավերը
Դեկտեմբերի 16-ին Ադրբեջանի խորհրդարանը ընդունեց 2025-ի պետական բյուջեն։ Բյուջեի ծախսային այլ ուղղություններից վերաբաշխումներ իրականացվեցին հօգուտ պաշտպանության, և ռազմական բյուջեն աճեց ևս 100 մլն դոլարով՝ հասնելով մոտ 5 մլրդ դոլարի, իսկ պետական բյուջեն ֆինանսավորելու SOFAZ-ի բեռը սահմանվեց 8,5 մլրդ դոլար։
Ուշագրավ է, որ SOFAZ-ի՝ 2025-ի համար կանխատեսվող եկամուտները 8,5 մլրդ դոլարից պակաս են լինելու։ SOFAZ-ի մուտքերը գոյանում են երեք հիմնական աղբյուրներից՝ Ազերի Չիրաղ-Գյունեշլի (ԱՉԳ) և Շահ Դենիզ հանքերից և սեփական ակտիվների կառավարումից ստացվող եկամուտներից։
SOFAZ-ի եկամուտների հիմնական մասը ապահովող ԱՉԳ հանքում 2024-ին արդյունահանումը շարունակել է կրճատվել՝ նախորդ տարվա 18 մլն տոննայից իջնելով 17 մլն տոննայի։ Այս անկումը տեղի է ունեցել՝ չնայած 2024-ին հանքում նոր պլատֆորմ շահագործեցին, որը, ըստ ադրբեջանական պաշտոնյաների, թույլ էր տալու մոտակա տարիներին հանքում արդյունահանումը կայունացնել։ Իրականում, նոր պլատֆորմից արդյունահանումը էականորեն զիջում է պլանավորածին, իսկ պլատֆորմից արդյունահանման պիկը կանխատեսվում է 2025-ի ավարտին, ինչը թույլ կտա այս տարի նույնպես հանքում արդյունահանման էական անկումը կասեցնել։ Սակայն 2026-ից հանքում արդյունահանման անկումը նոր թափ կստանա, քանի որ նոր պլատֆորմից արդյունահանումը նույնպես կսկսի անկում ապրել, ինչը կարագացնի հանքում արդյունահանման ընդհանուր անկումը։
2025-ին նավթի 75 դոլար գնի պայմաններում SOFAZ-ի եկամուտները ԱՉԳ հանքից կազմելու են 4,5 մլրդ դոլար, իսկ հետագա տարիներին արագ նվազելու են։ ԱՉԳ-ի՝ 2017-ին վերակնքված շահագործման պայմանագրով նախատեսվում էր, որ Ադրբեջանը 2018-2025 թվականներին ԱՉԳ հանքի բաժնետեր միջազգային նավթային կազմակերպություններից տարեկան ստանալու է 450 մլն դոլար բոնուսային վճար։ Հետևաբար, 2025-ին Ադրբեջանը ԱՉԳ-ից ստանալու է 450 մլն դոլար վերջին փոխանցումը, իսկ 2026-ից SOFAZ-ը զրկվելու է եկամուտների այդ աղբյուրից ևս։ Այսպիսով, 2025-ին SOFAZ-ը ԱՉԳ հանքից կստանա 5 մլրդ դոլարի եկամուտ, որից 4,5 մլրդ դոլարը՝ վաճառված նավթից շահույթի տեսքով, իսկ 0,5 մլրդ դոլարը՝ բոնուսային վճարի տեսքով։
Եվս 0,5 մլրդ դոլարի եկամուտ SOFAZ-ը կարող է ակնկալել Շահ Դենիզ հանքից, ինչը համադրելի է 2024-ին հանքից ստացած եկամտի հետ, իսկ SOFAZ-ի ակտիվներից ակնկալվող եկամուտները չեն կարող գերազանցել 1,5 մլրդ դոլարը, քանի որ չնայած SOFAZ-ի ակտիվների մեծ ծավալին՝ դրանցից գոյացող կանխիկ հոսքերը սահմանափակ են՝ պայմանավորված SOFAZ-ի պորտֆելի կառուցվածքով։ Օրինակ, 2023-ին SOFAZ-ի ակտիվներից գոյացող տոկոսային վճարների և դիվիդենդների ընդհանուր ծավալը եղել է մոտ 1,2 մլրդ դոլար։
Ամփոփելով՝ SOFAZ-ի ընդհանուր եկամուտները 2025-ին ակնկալվում են մոտ 7 մլրդ դոլարի սահմաններում, իսկ ծախսերը՝ մոտ 8,5 մլրդ դոլարի սահմաններում։ Հետևաբար, 2025-ին SOFAZ-ի բյուջեում գոյանալու է մոտ 1,5 մլրդ դոլարի պակասուրդ, որը ֆինանսավորելու համար SOFAZ-ը ստիպված է լինելու մոտ 1,5 մլրդ դոլարին համարժեք ակտիվ վաճառել։ SOFAZ-ի՝ 2025-ի համար հրապարակված պաշտոնական բյուջեում արտացոլված է ընդամենը մոտ 100 մլն դոլարի պակասուրդ, ինչը սակայն մեր կարծիքով հետևանք է բյուջեի հիմքում դիտավորյալ դրված ոչ իրատեսական ենթադրությունների։ Այս թեզի օգտին է խոսում այն փաստը, որ Ադրբեջանի հաշվեքննիչ պալատը SOFAZ-ի բյուջեի վերաբերյալ այդպես էլ չհրապարակեց իր եզրակացությունը, որը նախորդ տարիներին միշտ հրապարակակվել է և մանրամասնել է SOFAZ-ի բյուջեի հիմքում ընկած ենթադրությունները (օրինակ՝ նավթի և բնական գազի կանխատեսվող գին) և դրանց հիմնավորումները։
Մանաթի հավանական դևալվացիա, տնտեսական ցնցումներ
2025-ին, պայմանավորված SOFAZ-ի ակտիվներ վաճառելու անհրաժեշտությամբ և 2026-ից ԱՉԳ հանքի արդյունահանման արագ կրճատման վերսկսմամբ, խիստ հավանական է, որ 2025-ի դեկտեմբերին Ադրբեջանը կդևալվացնի մանաթը։ Մանաթի դևալվացիան Ադրբեջանին թույլ կտա 2026-ի պետական բյուջեն պլանավորել SOFAZ-ից ավելի ցածր ֆինանսավորման պայմաններում։ Հակառակ դեպքում, SOFAZ-ը գնալով ավելի շատ ակտիվ է վաճառելու, և այդ ակտիվների շարունակական կրճատումը ինչ-որ պահից հասարակության լայն շերտերի մոտ բերելու է մանաթի դևալվացիայի անխուսափելիության գիտակցման։ Մարդիկ, դա հասկանալով, սկսելու են դոլար գնել և մանաթով ավանդները փոխարկել դոլարայինի, ինչը ավելի կմեծացնի Ադրբեջանի պահուստների վրա ճնշումը։ Այսպիսով՝ մանաթի կանխարգելիչ դևալվացիան Ադրբեջանին թույլ է տալու դևալվացնել մանաթը պահուստների ավելի փոքր կորստի գնով։
Միակ գործոնը, որ Ադրբեջանին թույլ կտա խուսափել տարեվերջին մանաթի դևալվացիայի անհրաժեշտությունից, նավթի գնի կտրուկ աճն է։ Այն կարող է իրականություն դառնալ Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի դեպքում, որը կխաթարի Պարսից ծոցից նավթի մատակարարումները համաշխարհային շուկաներ։ Չնայած այս սցենարը բացառված չէ, սակայն նավթի գնի հետ կապված ռիսկերը միայն դեպի վեր չեն, այլև՝ դեպի ներքև։
2024-ի երրորդ եռամսյակում նավթի գները սկսեցին անկում ապրել, ինչի ֆոնին ՕՊԵԿ+-ի անդամ երկրները ստիպված էին հետաձգել նավթի արդյունահանման պլանավորած աճը։ Այս որոշումն ի սկզբանե նախատեսվում էր կյանքի կոչել 2024-ի հոկտեմբերից, սակայն հետաձգվեց սկզբում մինչև դեկտեմբեր, հետո՝ 2025-ի հունվար, այնուհետև՝ ապրիլ, քանի որ նավթի գինը շարունակում էր նվազել։ ՕՊԵԿ+-ում հասկանում էին, որ նավթի առաջարկի խթանումը կհանգեցնի գնի ավելի մեծ անկման։
2025-ի համար նավթի համաշխարհային շուկայում կանխատեսվում է ավելցուկային առաջարկ, ինչը նշանակում է, որ ՕՊԵԿ+-ը տարվա ընթացքում կարող է ստիպված լինել նավթի արդյունահանումը մեծացնելու փոխարեն կրճատել այն, որպեսզի կանխի նավթի գնի հետագա անկումը։ Դա, սակայն, կհանգեցնի նավթի շուկայում ՕՊԵԿ+-ի մասնաբաժնի կրճատման։ Այսպիսով՝ առանց ՕՊԵԿ+ի կողմից 2025-ի ընթացքում նավթի արդյունահանման կրճատման՝ քիչ հավանական է, որ նավթի գինը 2025-ի ընթացքում չի շարունակի անկումը, ինչը ենթադրում է, որ Ադրբեջանը կարող է ստիպված լինել ավելի շատ պահուստ վաճառել, քան այս պահին կանխատեսվում է։ Դա կարող է Ադրբեջանին կանգնեցնել մանաթի դևալվացիայի անհրաժեշտության առաջ հենց 2025-ի ընթացքում։
Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ 2025-ը Ադրբեջանի համար վերջին քիչ թե շատ կայուն տարին է լինելու: Դրանից հետո մեծ հավանականությամբ երկրում կլինեն տնտեսական ցնցումներ, որոնք աստիճանաբար կմեծացնեն սոցիալ-քաղաքական լարվածությունը։
Այս պայմաններում է, որ Ալիևը ռազմական ծախսերը սահմանում է մի մակարդակում, որ Ադրբեջանի համար տանելի բեռ չէ։ Սա թերևս նշանակում է, որ նա դասեր չի քաղել երկրում 2014-2016 թվականների տնտեսական ճգնաժամից, և նավթից եկամուտների կրճատման ֆոնին գոտիները ձգելու փոխարեն կրկին ուռճացնում է պետական ծախսերը՝ դրանով մեծացնելով սպասվող տնտեսական ճգնաժամի խորությունը։
Հայաստանի դեմ պատերազմի նպաստավոր պայմաններ
Մինչ այդ Հայաստանի դեմ նոր պատերազմի համար աշխարհաքաղաքական նպաստավոր պայմաններ են ձևավորվում.
– ԱՄՆ-ի ընտրություններում հաղթեց Թրամփը, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն ավելի շատ կենտրոնանալու է իր ներքին խնդիրների վրա, և ավելի քիչ է հակված լինելու ռեսուրսներ հատկացնել իր համար ռազմավարական նշանակություն չունեցող տարածաշրջաններում կոնֆլիկտները կառավարելու ուղղությամբ։ Մյուս կողմից Թրամփի վարչակազմը, ըստ ամենայնի, խստացնելու է Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ նպատակ ունենալով նվազագույնի հասցնել Իրանի նավթի վաճառքից եկամուտները և ստիպել Իրանին նստել բանակցությունների սեղանի շուրջ իր պայմաններով։ Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացումը մի կողմից կրճատելու է Իրանի կողմից պրոակտիվ արտաքին քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ ռեսուրսները, մյուս կողմից բարդացնելու է Իրանի տնտեսական վիճակը՝ մեծացնելով ներքին սոցիալական լարվածությունը, որը վերջին տարիներին առանց այն էլ բավական սրված էր։
– Թուրքիան չի պատրաստվում լուռ հետևել Ռուսաստանի և Իրանի ազդեցության գոտիներում այդ երկրների ռազմական ներկայության կրճատմանը։ Դրա վառ օրինակը Սիրիան էր, որտեղ Անկարայի աջակցությունը վայելող ուժերը, որոնք օգտվելով ռուս-ուկրաինական և իսրայելա-իրանական կոնֆլիկտների արդյունքում Սիրիայում Ռուսաստանի և Իրանի ռազմական ներկայությունը կրճատումից, տապալեցին Բաշար Ասադի իշխանությունը։ Հայաստանի դեմ Ադրբեջանի նոր գործողությունները Թուրքիան դիտարկելու է նույն տրամաբանության ներքո, և Ադրբեջանը այդ գործողություններում վայելելու է Թուրքիայի աջակցությունը։
– Ներկայում Ռուսաստանն ամբողջ ներուժը կենտրոնացրել է Ուկրաինայում և, օգտվելով հյուծման պատերազմում Ուկրաինայի հանդեպ իր ռեսուրսային առավելությունից, ուկրաինական բանակին դուրս է մղում մի շարք կարևոր բնակավայրերից և բնագծերից՝ վտանգի տակ դնելով Դոնբասում ուկրաինական պաշտպանության ամբողջականությունը։ Թրամփի երդմնակալությունից հետո ակնկալվում է, որ Ուկրաինայում պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններ են սկսվելու։ Պարզ չէ, սակայն, թե արդյոք դրանք հաջողությամբ կավարտվեն, թե ոչ, քանի որ ռուսական և ուկրաինական կողմերի դիրքորոշումները այս պահին հատման եզրեր չունեն։ Եթե բանակցությունները տապալվեն, հավանական է, որ Թրամփի վարչակազմը մեծացնի Ուկրաինային զենքի մատակարարումները, որպեսզի ստիպի Ռուսաստանին զիջումների գնալ բանակցություններում, ինչի արդյունքում Ռուսաստանի՝ այլ ճակատներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, գործելու հնարավորությունը ավելի կկրճատվի։
Հնարավոր է նաև սցենար, որ բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, և Ուկրաինայում պատերազմը դադարեցվի, ինչը Ռուսաստանի համար այլ ճակատներում գործելու ռեսուրսներ կազատի: Այս սցենարի դեպքում Հարավային Կովկասում Թուրքիային և Ադրբեջանին հակակշռելու Ռուսաստանի հնարավորությունները կաճեն։ Ադրբեջանը, հասկանալով, որ Ռուսաստանը շուտով մեծացնելու է իր ներկայությունը Հարավային Կովկասում, և իր ազատ գործելու հնարավորությունների պատուհանը փակվելու է, կարող է փորձել մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը պատերազմ սանձազերծել Հայաստանի դեմ՝ օգտվելով աշխարհաքաղաքական բարենպաստ կոնյունկտուրայից։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)