ԲԴԽ անդամի թեկնածուի քվեարկությունը պետք է տեղի ունենա, սակայն ՔՊ խմբակցությունը չի մասնակցի դրան. Կոնջորյան
 |1lurer.am|
13:27 - 22 հունվարի, 2025

ԲԴԽ անդամի թեկնածուի քվեարկությունը պետք է տեղի ունենա, սակայն ՔՊ խմբակցությունը չի մասնակցի դրան. Կոնջորյան |1lurer.am|

1lurer.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ԱԺ նիստերի դահլիճում հիշեցրեց՝ Ալեքսանդր Սիրունյանը, որն առաջադրված էր որպես ԲԴԽ անդամի թեկնածու, հանդես է եկել հայտարարությամբ և հրաժարվել իր թեկնածությունից:

«Պարոն Սիրունյանը հիմնավորեց այն հանգամանքով, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացության մեջ, մասնավորապես գույքային, հողի հետ կապված հարցեր կային, որոնք նաև Ազգային ժողովում քննարկման առարկա դարձան: Եվ հիմնվելով սրա վրա՝ պարոն Սիրունյանը իր թեկնածությունը հետ է կանչել:

Ուզում եմ տեղեկացնել, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացությունը, ըստ կարգի, ուղարկվում է ԱԺ՝ թեկնածությունը առաջադրելուց հետո: Երբ թեկնածուն առաջադրվում է, դրանից հետո նրա վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որն էլ իր ուսումնասիրություններից հետո տալիս է իր եզրակացությունը:

Մենք, ըստ էության, ևս կարևորում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացությունները, հիմնվում դրանց վրա, և ինքներս՝ մեր իշխանությունը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հիմնել է հենց այսպիսի համանման իրավիճակներում խորհրդատվություն ներկայացնելու համար, կարևորում ենք ինստիտուտների և դրանց կողմից տրված եզրահանգումների կշիռը:

Պետք է ասեմ, որ քվեարկությունը, օրենքի համաձայն, պետք է տեղի ունենա, որովհետև ընթացակարգերը այլ բան չեն ենթադրում, սակայն ուզում եմ հայտնել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցի այս քվեարկությանը՝ իմ կողմից արդեն իսկ նշված հանգամանքների բերումով»,- ասաց նա:

Ավելի վաղ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել էր ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի և ԲԴԽ-ի անդամի թեկնածուի ընտրության կարգը և ժամը: 

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել