Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից
12:23 - 22 հունվարի, 2025

Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից

Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Եթե չեմ սխալվում, պարոն Սիրունյանն ինքը արդեն հանդես է եկել հայտարարությամբ. հայտարարել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկումների, նաև ԿԿՀ եզրակացության մեջ որոշակի դիտարկումներ կան, ինքը էս պարագայում իր թեկնածությունը հետ է քաշում, որպեսզի իրավիճակը պարզաբանվի, ինչից հետո եթե առիթ լինի, կխոսենք»,- ասաց Կոնջորյանը:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել էր Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը:

Մի շարք ՀԿ-ներ ավելի վաղ հայտարարություն էին տարածել և դատապարտել Սիրունյանի առաջադրումը՝ նշելով, որ դեռևս 2019 թվականին վերջինս կարգապահական պատասխանատվության և խիստ նկատողություն կարգապահական տույժի է ենթարկվել ՀՀ փաստաբանների պալատի կողմից փաստաբանի վարքագծի կանոնները խախտելու համար։ Մասնավորապես, հաստատվել էր Սիրունյանի կողմից հայհոյախառն, ժարգոնային և վիրավորական բառապաշարի օգտագործումը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: 

Անդրադառնալով անպարկեշտ գրառումներին, այդ թվում՝ արցախցիների նկատմամբ ատելության խոսք պարունակող, Սիրունյանը հայտարարել էր, որ  դրանք «կոնտեքստից անջատված են մեջբերում», իսկ էջը, որտեղ կատարվել են գրառումները «կոլեկտիվ կառավարվող է»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ ԱԺ-ում կոչ էր արել ՔՊ պատգամավորներին կարդալ Սիրունյանի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը և վերանայել որոշումը: Մանուկյանի խոսքով՝ այդ զեկույցը միանգամից պետք է գնար գլխավոր դատախազություն, քանի որ դրանում կա ատելության խոսք, կոռուպցիոն կասկածներ պարունակող տվյալներ և այլ հանգամանքներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել