ՔԿ-ն ուսումնասիրում է քննիչի ենթադրյալ ուղղորդման մասին «Ինֆոքոմի» հարցումը
13:41 - 22 հունվարի, 2025

ՔԿ-ն ուսումնասիրում է քննիչի ենթադրյալ ուղղորդման մասին «Ինֆոքոմի» հարցումը

44-օրյա պատերազմից 4 տարի անց դատարաններում քննության առարկա են պատերազմին առնչվող մի շարք հանգամանքներ՝ տարբեր ստորաբաժանումների նահանջներից մինչեւ տասնյակ զինծառայողների զոհվելու դեպքեր։ Այդ գործերից մեկի դատաքննությունն ընթանում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում․ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ դատարանը քննում է Մարտունի 3 զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի ողջ անձնակազմի զոհվելու դեպքը։ Գործով մեղադրվում են զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանն ու ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը։ Նիստերն ընթանում են նրանց բացակայությամբ։ 

Դատարանն այժմ զոհերի հարազատների՝ տուժողների հարցաքննության փուլում է։ Ծնողները դատարանում ցուցմունք տալիս պատմում են իրենց որդիների հետ ունեցած վերջին զրույցների, նրանց հրամանատարների հետ ունեցած խոսակցությունների, հանդիպումների ու տղաների մարմինները գտնելու դժվար ճանապարհի մասին։ 

Այս գործի շրջանակում նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 24-ին կայացած դատական նիստի ժամանակ զոհված պահեստազորային Արշակ Զարգարյանի հայրը՝ Կոմիտաս Զարգարյանը, հայտարարություն արեց այն մասին, որ նախաքննության ժամանակ քննիչն իրեն ուղղորդել է՝ ասելով, թե 73 տղաների զոհվելու մեջ Գոռ Իշխանյանն է մեղավոր․ «Գոռ Իշխանյանն իմ տղու մազն էլ չարժի, բայց գոյություն ունի ճիշտ, որ խիղճը մեզ չտանջի։ Նույն քննության ժամանակ, որ պարոն Գասպարյանը եկել ա, ինձ ուղղորդում էր, ուղղորդում՝ բերում-բերում-բերում՝ Գոռ Իշխանյանը մեղավոր ա։ Ասում եմ՝ ինչի՞ ա մեղավոր, բա՝ որ հրաման ա տվել։ Ես էլ ասում էի՝ եթե հրաման չտար, էն վախտ կասեի՝ մեղավոր ա, եթե հրաման չտար, շատ կներեք, կասեի՝ թռչել ա, չի կարում հրաման տա, բայց հրաման ա տվել, ինչի՞ համար ա անունը հրամանատար, այսինքն՝ հրաման տալու իրավունք ունի, էն մարդը հրաման ա տվել, հիմա պետք ա քննել՝ ինչի՞ հիման վրայա էդ մարդը հրաման տվել»,- ցուցմունք տալիս ասել էր տուժողը։ 

Կոմիտաս Զարգարյանի այս հայտարարության առնչությամբ գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով հայտնել՝ Կոմիտաս Զարգարյանի հայտարարությունն ուսումնասիրվե՞լ է, եթե այո, ապա քրեական վարույթ նախաձեռնվե՞լ է։

ՀՀ գլխավոր դատախազության զինվորական կենտրոնական դատախազությունից մեր հարցումը հունվարի 10-ին ուսումնասիրման նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչություն, որը, համաձայն ՔԿ նախագահի որոշման, իրականացնում է ծառայողական քննություն։

ՔԿ ՆԱ վարչությունը մեր հարցումը ստացել է հունվարի 14-ին։ Քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունից հայտնել են, որ ստուգողական գործողություններ են կատարում, արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ։

Նշենք, որ նախնական ուսումնասիրությունը կատարվում է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու նպատակով։ Ծառայողական քննության մյուս փուլը կարգապահական վարույթն է։ Նախնական ուսումնասիրությունն իրականացվում է հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ավելի, քան դրա նշանակումից սկսած 15 օրվա ընթացքում:

ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքի 31-րդ հոդվածի համաձայն՝ ծառայողական քննությունը հարուցվում է կարգապահական խախտում հայտնաբերելու օրվանից հետո` 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այն կատարելու օրվանից 12 ամիս հետո: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վաշտի անձնակազմի զոհվելուն առնչվող գործը մեկուկես տարի է՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում է (դրանից առաջ գործը քննել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարանը), ենթադրելի է, որ Զարգարյանի հիշատակած հարցքննության ենթադրյալ ուղղորդման դրվագից 12 ամիսը վաղուց անցել է (հարցաքննությունը տեղի է ունեցել Արցախում)։ 

Քննչական կոմիտեից հավելյալ պատասխան ստանալու պարագայում այն կհրապարակենք։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել