Ալեքսանդր Սիրունյանի քվեարկությանը 107 պատգամավորից ոչ ոք չի մասնակցել. Նարեկ Բաբայան
 |1lurer.am|
16:27 - 22 հունվարի, 2025

Ալեքսանդր Սիրունյանի քվեարկությանը 107 պատգամավորից ոչ ոք չի մասնակցել. Նարեկ Բաբայան |1lurer.am|

1lurer.am: ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի քվեարկությանը Ազգային ժողովի 107 պատգամավորից ոչ ոք չի մասնակցել: Այդ մասին նիստի ավարտին հայտարարեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տեղեկացրել էր, թե Սիրունյանը հայտարարել է, որ «իր թեկնածությունը հետ է քաշում»՝ նաև հաշվի առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջ առկա որոշակի դիտարկումներ:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել էր Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը: Այսօր հայտնի դարձավ, որ Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։

Մի շարք ՀԿ-ներ ավելի վաղ հայտարարություն էին տարածել և դատապարտել Սիրունյանի առաջադրումը՝ նշելով, որ դեռևս 2019 թվականին վերջինս կարգապահական պատասխանատվության և խիստ նկատողություն կարգապահական տույժի է ենթարկվել ՀՀ փաստաբանների պալատի կողմից փաստաբանի վարքագծի կանոնները խախտելու համար։ Մասնավորապես, հաստատվել էր Սիրունյանի կողմից հայհոյախառն, ժարգոնային և վիրավորական բառապաշարի օգտագործումը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: 

Անդրադառնալով անպարկեշտ գրառումներին, այդ թվում՝ արցախցիների նկատմամբ ատելության խոսք պարունակող, Սիրունյանը հայտարարել էր, որ  դրանք «կոնտեքստից անջատված են մեջբերում», իսկ էջը, որտեղ կատարվել են գրառումները «կոլեկտիվ կառավարվող է»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ ԱԺ-ում կոչ էր արել ՔՊ պատգամավորներին կարդալ Սիրունյանի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը և վերանայել որոշումը: Մանուկյանի խոսքով՝ այդ զեկույցը միանգամից պետք է գնար գլխավոր դատախազություն, քանի որ դրանում կա ատելության խոսք, կոռուպցիոն կասկածներ պարունակող տվյալներ և այլ հանգամանքներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել