31 պատգամավոր դիմել է ՍԴ՝ վիճարկելով փաստաբանների հարկային բեռի ավելացման սահմանադրականությունը
17:42 - 22 հունվարի, 2025

31 պատգամավոր դիմել է ՍԴ՝ վիճարկելով փաստաբանների հարկային բեռի ավելացման սահմանադրականությունը

31 պատգամավոր դիմել է ՍԴ՝ վիճարկելով փաստաբանների հարկային բեռի ավելացման սահմանադրականությունը։ Այս մասին հայտնել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։ 

«Այսօր, ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականությունը:

Մասնավորապես, Սահմանադրական դատարան ներկայացված դիմումով հայցվել է որոշել Հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համապատասխանությունը Սահմանադրության 29-րդ, 60-րդ, 61-րդ, 64-րդ, 67-րդ, 78 րդ, 81-րդ հոդվածներին և ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-285-Ն ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը Սահմանադրության 73-րդ հոդվածին»,- նշված է հայտարարության մեջ։ 

Հիշեցնենք՝ այս տարվա հունվարի 1-ից փաստաբանական  եւ իրավաբանական ծառայությունները շրջանառության հարկման համակարգից տեղափոխվել են հարկման ընդհանուր համակարգ։ Դա նշանակում է, որ շրջանառության հարկի փոխարեն (5%) այդ ծառայություններից այսուհետ գանձվելու են ավելացած արժեքի հարկ (20 %) եւ շահութահարկ (18-23%)։ Արդյունքում, այստեսակ գործունեությունների հարկային բեռն ավելանալու է մոտ 6-8 անգամ։ 

Հայաստանի 1212 փաստաբաններ կոլեկտիվ հանրագիր են ներկայացրել Կառավարությանը՝ կցելով իրենց համատեղ նախագիծը եւ պահանջելով հավանություն տալ փաստաբանական  ծառայությունների մատուցումը եւ անվճար իրավաբանական օգնության տրամադրումն ավելացված արժեքի հարկից ազատելուն՝ նախագիծն ուղարկելով Ազգային ժողով՝ ընդունման։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել