Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի ընդլայնման ռազմավարական ծրագրերը
22:36 - 22 հունվարի, 2025

Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի ընդլայնման ռազմավարական ծրագրերը

Այսօր Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան և իրանական Fathi Escalator ընկերության ներկայացուցիչներին։
 
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի զարգացման և ընդլայնման ռազմավարական ծրագրերը, որոնք ուղղված են մետրոպոլիտենը դարձնել առավել անվտանգ, հարմարավետ և համապատասխան միջազգային չափանիշներին՝ ստեղծելով ժամանակակից և արդյունավետ ուղևորափոխադրումների համակարգ։
 
Բաբկեն Սեդրակյանը ներկայացրել է մետրոպոլիտենի զարգացման առաջնահերթ ուղղությունները՝
 
  • շարժասանդուղքների փոխարինում,
  • նոր վագոնների ձեռքբերում,
  • դեպոյի վերակառուցում և արդիականացում,
  • նորագույն տեխնոլոգիաների ներդրում,
  • ենթակառուցվածքների վերազինում,
  • սպասարկման որակի բարձրացում։
Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ Fathi Escalator ընկերությունը մեծ հետաքրքրությամբ է հետևում Երևանի մետրոպոլիտենի արդիականացման ծրագրերին։
 
Նրանք ներկայացրել են իրենց ընկերության փորձն ու տեխնոլոգիական լուծումները՝ ընդգծելով համագործակցելու պատրաստակամությունը։
 
Իրանական կողմը նաև հետաքրքրված էր նոր կայարանների կառուցման ծրագրերով և այս ուղղությամբ համատեղ աշխատանքի հնարավորություններով։
 
Հյուրերը մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանի ուղեկցությամբ շրջել են մետրոպոլիտենի կայարաներում՝ ծանոթանալով գործող ենթակառուցվածքներին։
 
Հանդիպումն անցել է ջերմ և արդյունավետ աշխատանքային մթնոլորտում»,- ասված է մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել