Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը, հիմնվելով տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծությունների վրա, 2025թ․ հունվարի 23-ի դրությամբ բարձր չի գնահատում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը։ Այս կանխատեսումը Ծառայությունը ներկայացրել է 2025թ․ ՀՀ արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ իր տարեկան զեկույցում։ Սա ծառայության առաջին հրապարակային զեկույցն է, որը հիմնվում է 2023-2024 թվականների զարգացումների՝ Ծառայության գնահատականի վրա։
Զեկույցի առաջին մասը վերաբերում է Հայաստանի համար ռազմաքաղաքական ռիսկերին։ Այստեղ ասված է, որ մեծ հավանականությամբ 2025 թվականին Հայաստան-Ադրբեջան տարբեր հարցերով բանակցությունների երկկողմ ձևաչափերը կշարունակեն մնալ մինչ այս կողմերի փորձածներից առավել արդյունավետը։
Այս պահին բարձր չգնահատելով Հայաստանի վրա Ադրբեջանի կողմից հարձակման հավականությունը՝ Ծառայությունը նշում է, որ, միաժամանակ, պայմանագրահենք խաղաղության և միջպետական հարաբերությունների բացակայության պայմաններում որպես Հայաստանի դեմ ուժի սպառնալիքի ադրբեջանական քաղաքականության գործիքակազմի մաս, կշարունակի պահպանվել սահմանին տեղային լարվածությունների և էսկալացիայի առաջացման ռիսկը, որի որոշակի նվազեցման երաշխիք կարող է լինել 2024 թվականից մեկնարկած սահմանազատման և սահմանագծման գործընթացի սահուն շարունակությունը՝ համաձայն երկուստեք հաստատված ընթացակարգի։
«Ծառայության խնդիրն է շարունակաբար գնահատել, թե արդյոք Ադրբեջանի կողմից Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ տարբեր վնասակար խոսույթների հետևողական զարգացումը և ֆինանսավորումը Հայաստանի դեմ ուժի կիրառման սեփական մտադրության «լեգիտիմացման» դրսևորում է»,- ասված է զեկույցում։ Նշվում է, որ այդ խոսույթներից են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի և արևմտյան ադրբեջանցիների», «Հայաստանի ռազմականացման», «ռևանշիզմի», «Զանգեզուրի միջանցքի» խոսույթները։
Արտաքին հետախուզության ծառայությունը կանխատեսում է, որ Ադրբեջանը 2025 թվականին շարունակելու է սեփական հարձակողական կարողությունների զարգացման տեմպը՝ կրճատելով ռազմական գործողության անցնելու վերաբերյալ բարձրագույն մակարդակում քաղաքական որոշումից մինչև հողի վրա մարտական գործողության մեկնարկ ժամանակահատվածը․ «Այս շրջանակներում Ադրբեջանը շարունակելու է ավելի շարժունակ ստորաբաժանումների անցման, դրանց ռեզերվի պատրաստման, նոր սպառազինության ձեռքբերման և ներկրման, ինչպես նաև ռազմական ենթակառուցվածքների թարմացման աշխատանքները»։
Ինչ վերաբերում է Իսրայել-Իրան հակամարտությանը՝ Ծառայությունը նշում է, որ դրա խորացմանը նպաստող պայմանները 2025 թվականին Հայաստանի համար կշարունակեն գեներացնել անվտանգային, տնտեսական ու լոգիստիկ խնդիրներ։ Իսկ ռուս-ուկրաինական հակամարտությունում ցանկացած սցենարով զարգացում, ըստ Արտաքին հետախուզության ծառայության, ուղղակիորեն կամ անուղղակիորեն կազդի Հայաստանի անվտանգության միջավայրի վրա։
Ծառայությունը կարծում է, որ ՀԱՊԿ անգործունակությունը (անկենսունակությունը) Հարավային Կովկասում արձագանքելու այն խնդիրներին, որոնք ՀԱՊԿ կանոնադրական նպատակներն են, 2025 թվականին ամենայն հավանականությամբ չի փոխվի, իսկ Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը չեն վերանա։
Բացի դրանից, Ծառայությունը կանխատեսում է, որ Հայաստանի կրիտիկական ենթակառուցվածքների և պաշտպանական կարողությունների դեմ կիբերհարձակումները կշարունակեն մարտահրավեր մնալ, իսկ այդ թիրախավորման նպատակը, ըստ զեկույցի, կշարունակի մնալ տնտեսական, քաղաքական, հոգեբանական ու տեղեկատվական վնասակար ազդեցության միջոցով Հայաստանի պետական շահերը չսպասարկող որոշումների կայացմանը հասնելը։
Տնտեսական ռիսկերի բաժնում Արտաքին հետախուզության ծառայությունը նշում է, որ ամենայն հավանականությամբ, արտաքին դերակատարների կողմից 2025 թվականին Հայաստանի Հանրապետության տնտեսական, լոգիստիկ կախվածությունը կշարունակվի օգտագործվել որպես քաղաքական ազդեցության գործիք․ «2025 թվականի՝ նախընտրական տարի լինելու հանգամանքով պայմանավորված՝ որոշ երկրներ կփորձեն Հայաստանի տնտեսական կախվածությունն է՛լ ավելի ընդգծված և ակնհայտ կերպով օգտագործել որպես քաղաքական ազդեցության, Հայաստանի ներքին գործերին միջամտելու և հանրային լայն շերտերի վրա ազդելու հնարավորություն»։
Ծառայությունը նաեւ երկրորդային տնտեսական պատժամիջոցների ռիսկերը չի բացառում՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ գործող պատժամիջոցների հետևանքով մեր առկա տնտեսական ներուժի օգտագործումը սահմանափակված է երկրորդային պատժամիջոցների ռիսկերով, իսկ նման պատժամիջոցների ավելացման պայմաններում Հայաստանի տնտեսությունը կբախվի նոր սահմանափակումների։
Հայաստանի Հանրապետության առջև ծառացած գլխավոր տեղեկատվական ռիսկերից մեկը, ըստ ծառայության, որոշ արտաքին դերակատարների կողմից վնասակար ազդեցության օպերացիաների իրականացումն է, որոնք ավանդական լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի և տարբեր բնույթի կայքերի օգտագործմամբ փորձում են խեղաթյուրել քաղաքացիների ընկալումը երկրի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող գործընթացների վերաբերյալ՝ այդպիսով ձգտելով կանխորոշել ժողովրդավարական հասարակարգի պայմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից կայացվող որոշումները․ «Միևնույն ժամանակ, փորձ է արվում Հայաստանի գործընկեր պետությունների շրջանում Հայաստանի նկատմամբ սերմանել անվստահություն, ինչպես նաև ձևավորել մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններին չհամապատասխանող կեղծ օրակարգեր՝ այդպիսով փորձելով Հայաստանի Հանրապետությանը ներկայացնել որպես միջազգային ապակառուցողական դերակատար»։
Ըստ ծառայության՝ գործընկեր երկրների շրջանում Հայաստանի Հանրապետության նկատմամբ անվստահություն ձևավորելու, Հայաստանի միջազգային հեղինակությունը վնասելու առումով տիպային օրինակ է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացվող «բնապահպանական» արշավը, որը, փաստերի խեղաթյուրման և կեղծ փաստերի գեներացման ու տարածման միջոցով մի կողմից թիրախավորում է Հայաստանի Հանրապետության արդյունաբերությունը՝ նպատակ ունենալով վնաս հասցնել տնտեսության կարևոր ճյուղերին, խաթարել այլ հարևան պետությունների հետ մեր հարաբերությունները, ստվերել օտարերկրյա արտաքին ներդրումների իրականացման հեռանկարը, ինչպես նաև բանակցային գործընթացում ավելացնել Հայաստանի նկատմամբ բազմամակարդակ ճնշումը։
Ինչ վերաբերում է միջազգային ահաբեկչությանն առնչվող ռիսկերին՝ Արտաքին հետախուզության ծառայության վերլուծության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի պատկերում միջազգային ահաբեկչությանն առնչվող ռիսկերը ցածր են։ Միաժամանակ, Ծառայությունը վերահաստատում է ահաբեկչության դեմ պայքարում իր իրավասության շրջանակներում միջազգային գործընկերների հետ համագործակցության վերաբերյալ իր հանձնառությունը՝ միտված կանխելու ահաբեկչության փորձերը, ինչպես նաև մաս լինելու ահաբեկչության դեմ գլոբալ պայքարի։
Զեկույցում անդրադարձ է կատարվում այս պահին աշխարհում ընթացող հակամարտություններին՝ կանխատեսումով, որ քիչ հավանական է 2025 թվականի ընթացքում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև կայուն ու երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ այնպիսի լուծումների ձեռքբերումը, որոնք կունենան կենսունակության բավարար մակարդակ․ «Դրանով պայմանավորված՝ հատկապես եվրոպական պետությունները և Ռուսաստանի Դաշնությունը կշարունակեն ակտիվ սպառազինման, երկարատև պաշտպանական ու տնտեսական ինքնավարության խորացման քաղաքականությունը»,- ենթադրվում է զեկույցում։
«Գազայում ընթացող ռազմագործողությունները, դրանց զարգացումը Լիբանանում, Եմենի հութիների ռազմական գործողությունները, Իսրայել-Իրան փոխադարձ հարվածներն ու դրանց կրկնվելու հավանականությունը, ինչպես նաև Սիրիայում ընդդիմադիր խմբավորումների կողմից Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումն ի ցույց դրեցին, թե որքան բազմաշերտ են Մերձավոր Արևելքում ստատուս քվոն պայմանավորող գործոնները»,- ասված է զեկույցում։
Ըստ Արտաքին հետախուզության ծառայության՝ 2025 թվականի ընթացքում Մերձավոր Արևելքում լարվածությունների ու տարբեր մասշտաբի և ինտենսիվության ռազմական գործողությունների միտումը ամենայն հավանականությամբ կպահպանվի, որը կզուգորդվի թե տարածաշրջանային և թե արտատարածաշրջանային դերակատարների ազդեցության պայքարի, մերձավորարևելյան պետություններում ներքին քաղաքական անկայունությունների, հումանիտար-տնտեսական լարումների, լոգիստիկ նոր շղթաների ձևավորման համար պայքարի ու միգրացիոն անկանոն շարժերի բաղադրիչներով, իսկ Սիրիայում ձևավորվելիք նոր իշխանության կրոնական ու էթնիկ հանդուրժողական քաղաքականություն որդեգրելու հնարավոր մոտեցմամբ պայմանավորված՝ 2025 թվականին ժողովրդագրական ու միգրացիոն ցածր կառավարելիության շարժերի հավանականությունը կնվազի։
Զեկույցում նշվում է, որ ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցության ներքո պատերազմավարման ձևերն ու եղանակները կշարունակեն փոփոխվել, որոնք կդրսևորվեն ավելի բարձր շարժունակությամբ, ինքնուրույնությամբ, որոշումների արագ կայացման հնարավորություններով օժտված ստորաբաժանումների կիրառմամբ, ռազմադաշտում հակառակորդի առավելությունները նրա խոցելիության վերածելու մյուս կողմի նախաձեռնողականությամբ․ «Խոցման միջոցներից պաշտպանությունը բյուջեի տեսանկյունից դառնում է ավելի թանկ, քան հարձակումը։ Նոր տեխնոլոգիաներն անհամաչափություն են մտցնում ռազմական գործողություններում, ինչպես նաև օբյեկտիվորեն դժվարացնում ռազմական կարողությունների ճշգրիտ գնահատումը»։
Հիշեցնենք, ծառայությունը հիմնադրվել է 2023թ․ հոկտեմբերի 4-ին, ծառայության պետն է Քրիստինե Գրիգորյանը։
comment.count (0)