Մենք ստանդարտներ ենք սահմանում. Պապոյանը՝ զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնների մասին |1lurer.am|
12:33 - 23 հունվարի, 2025

Մենք ստանդարտներ ենք սահմանում. Պապոյանը՝ զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնների մասին |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հավանություն տվեց Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները սահմանելու մասին որոշման նախագծին։

«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին, զբոսաշրջային գործակալի ղեկավարին ներկայացվող զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները, որոնք առաջին հերթին նպատակ ունեն հստակ տարբերակելու զբոսաշրջային օպերատորի և զբոսաշրջային գործակալների գործունեությունը, և իհարկե, կարևոր նպատակ է՝ պետք է ապահովենք որակյալ ծառայություններ, հավասար մրցակցային դաշտի առկայություն զբոսաշրջության ոլորտում»,- ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Ըստ նախարարի՝ մեր զբոսաշրջիկներն ունեն խնդիր, երբ որ իրենց գովազդով ներկայացվում է մի բան, իրականում ստանում են բոլորովին այլ բան։

«Այսպիսի իրավիճակներ՝ սկսած զբոսաշրջիկին տանել այլ երկիր և չբերել, մենք տեսել ենք վեջին տարիներին, վերջացրած նրանով, որ մարդկանցից հավաքել 100 հազարավոր դոլարներ և մի օր գալ տեսնել, որ այդ զբոսաշրջային գործակալությունը փակված է, սնանկ է, փող չունի, և մարդիկ խաբված են։

Սրանք պետք է տեղի ունենային, որովհետև ո՛չ օրենք ունեինք, ո՛չ կարգավորումներ ունեինք, ո՛չ  էլ համապատասխան վերահսկողության գործիքներ։ Հիմա այս ամեն ինչը գրել ենք՝ հիմնվելով մեր ունեցած բացասական փորձի, աշխարհի առաջատար փորձի համադրման վրա։

Մենք ստանդարտներ ենք սահմանում. մեր գնահատմամբ՝ բացարձակապես մեծ ռեսուրսներ չպահանջող, բայց շատ օգտակար ծառայություն է մեր ներգնա և արտագնա բոլոր զբոսաշրջիկների համար»,- ասաց Պապոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել