azatutyun.am: Անհետ կորած զինծառայողների մի քանի տասնյակ ծնողներ խորհրդարանում են՝ մասնակցելու փակ քննարկմանը:
Ներկա են զինվորական դատախազը, ոստիկանապետը, Քննչական կոմիտեի նախագահը, ԱԱԾ տնօրենը, Մարդու իրավունքների պաշտպանը, պաշտպանության փոխնախարարը, ընդդիմադիր պատգամավորները, միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:
Նիստը վարում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա ասաց, որ քննարկումը տևելու է մոտ 3 ժամ:
«Հասկանալի է, որ այս քննարկման շնորհիվ բոլոր հարցերի պատասխանները չենք կարող ստանալ, պրոցեսը պետք է շարունակվի», - հավելեց ԱԺ նախագահը:
Անհետ կորած զինծառայողների մոտ 8 տասնյակ ծնող ու հարազատ է մասնակցում այս քննարկմանը, նրանցից 16-ը՝ դահլիճում, իսկ մյուսները օթյակից են հետևում:
Նախատեսվում է, որ հարազատները հարցեր են ուղղելու Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին, Գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեի ղեկավարին և առողջապահության նախարարին։ Մի քանի տասնյակ ծնողներ էլ քննարկմանը հետևելու են լրագրողների համար նախատեսված օթյակից։
44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը երեկ «Ազատությանը» փոխանցել էր, որ ծնողների որոշումն է՝ փակ քննարկմանը մասնակցի 16 ծնող, որպեսզի իրենց հարցերը համակարգված ուղղելու հնարավորություն լինի:
Ավելի վաղ պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել էր, որ քննարկմանը հատուկ զեկույցով է հանդես գալու նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:
comment.count (0)