Այսօր հրավիրված ասուլիսում խոսելով համընդհանուր հայտարարագրման համակարգի մասին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է տեղեկություններ, որոնք կարող են շփոթության առիթ դառնալ։
Մասնավորապես, խոսելով սոցիալական որոշակի ծախսերի համար մինչեւ 100 հազար դրամ եկամտահարկի վերադարձի հնարավորության մասին՝ նա ասել է․ «Այն ծախսերը, որ քաղաքացին արել է, օրինակ՝ երեխային մանկապարտեզ է բերել… Որոշակի ատամնաբուժական ծառայություններից է օգտվել, որի մի մասը հիմա պետպատվերով փակվում է, մյուս հատվածը՝ չէ․․․ Երեխան գնացել է ֆուտբոլի, եթե դրա համար վճարել է… Երեխան գնացել է բասկետբոլի, ըմբշամարտի, բռնցքամարտի, եւ ինքը դրա համար վճարել է, երեխան գնացել է պարի, նկարչության, եւ վճարել է, երեխայի համար վճարել է քոլեջի ուսման վարձ, բուհի ուսման վարձ… Հանրակրթական դպրոցում դասագրքի վարձակալության վճար է վճարել, ինքը որոշել է, որ ուզում է լեզվի կուրսերի գնալ եւ դրա համար է վճարել, էդ բոլոր ծախսերի համար․․․ մինչեւ 100 հազար դրամի չափով հետ է ստանում իր հաշվին»։
Փաշինյանի նշած օրինակներում, սակայն, առկա են վճարներ, որոնք, ըստ գործող իրավակարգավորումների, վերադարձի ենթակա չեն։
Այսպես․ Հարկային օրենսգրքի 158-րդ հոդվածը սահմանում է սոցիալական ծախսերի փոխհատուցման (վերադարձի) հնարավորությունը։ Ըստ դրա՝ հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի՝ նույն օրենսգրքի 147.1-ին հոդվածով սահմանված սոցիալական ծախսերը․․․ սահմանված դրույքաչափերով հաշվարկված և (կամ) վճարված եկամտային հարկի գումարից փոխհատուցվում (վերադարձվում) են Կառավարության սահմանած կարգով:
Հիշյալ 147․1-րդ հոդվածի համաձայն՝ սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ինչպես նաեւ ընտանիքի անդամների շրջանակը եւ փոխհատուցման առավելագույն չափերը սահմանում է Կառավարությունը:
Ըստ նույն հոդվածի՝ սոցիալական ծախսեր են համարվում հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի՝ իր եւ իր ընտանիքի անդամների համար՝ առողջապահության, կրթության և բնակարանային ապահովության գծով ծախսերը:
Կառավարության՝ 2023 թ․-ի հունիսի 29-ի N 1067-Ն որոշմամբ մասնավորեցված է, թե այդ ոլորտների կոնկրետ որ ծախսերն են սույն օրենքի իմաստով համարվում սոցիալական ծախս, որով պայմանավորված էլ ենթակա են վերադարձի։
Ըստ այդմ, կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում ՀՀ-ում իրականացվող նախադպրոցական, տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները:
Սրանից հետեւում է, որ վարչապետի նշած նկարչության, պարի, լեզվի դասընթացի կամ տարբեր սպորտաձեւերի ծախսերը ինքնին վերադարձի ենթակա չեն։ Դրանք կփոխհատուցվեն միայն, եթե երեխան հաճախում է հատուկ ուղղվածություն ունեցող հանրակրթական որեւէ քոլեջ կամ ուսումնարան, այսինքն՝ արվեստի կամ սպորտի դասաժամերը հանդիսանում են նրա բուն հանրակրթական դասընթացի մի մասը, այլ ոչ թե արտալսարանական պարապմունք մասնավոր որեւէ հաստատությունում։
Օրեր առաջ անգամ Պետական եկամուտների կոմիտեն է պարզաբանում տարածել՝ մանրամասնելով հետեւյալը․ «Եթե Ձեր երեխան սովորում է վճարովի մանկապարտեզում, դպրոցում կամ բուհում, ապա տվյալ դեպքում կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից, իսկ եթե վճարը կատարվել է արվեստի, երաժշտական դպրոցում կամ մարզադպրոցում սովորելու կամ մասնավոր դասընթացներին մասնակցելու համար, ապա տվյալ ծախսը փոխհատուցման ենթակա չէ»։
Ինչ վերաբերում է առողջապահական ծախսերին, ըստ Կառավարության հիշյալ որոշման՝ առողջապահության գծով սոցիալական ծախսեր են համարվում ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերը: Սրանից էլ հետեւում է, որ ատամնաբուժական ծախսերը այս որոշման իմաստով ինքնին չեն հանդիսանում սոցիալական ծախս, ըստ այդմ, վերադարձի ենթակա չեն։
Ի պատասխան հարցին՝ արդյո՞ք կարող եք ստանալ փոխհատուցում, եթե օգտվել եք որեւէ բժշկական ծառայությունից, ՊԵԿ-ը եւս օրեր առաջ հայտնել էր․ «Ոչ, առանձին բժշկական ծառայությունների (օրինակ՝ բժշկական հետազոտության, վիրահատության և նմանատիպ այլ ծառայությունների) դիմաց կատարված ծախսը չի համարվում սոցիալական ծախս, հետևաբար, այն փոխհատուցման ենթակա չէ։ Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումը նախատեսված է միայն այն դեպքում, եթե Դուք Հայաստանում գործող որևէ ապահովագրական ընկերությունից 2024 թվականի ընթացքում ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)