Զանգեզուրի կոմբինատի աշխատակիցները փակ քվեարկություն են իրականացնում |azatutyun.am|
18:52 - 03 փետրվարի, 2025

Զանգեզուրի կոմբինատի աշխատակիցները փակ քվեարկություն են իրականացնում |azatutyun.am|

azatutyun.am: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատմության մեջ առաջին անգամ գործադուլի դուրս եկած աշխատակիցները փակ, գաղտնի քվեարկություն են կազմակերպել՝ ցույց տալու, որ տնօրինությունը «ստում է», երբ պնդում է, թե կոմբինատի աշխատակիցների ընդամենը 7-8 տոկոսն է պահանջում աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։

«Աջակցո՞ւմ եք աշխատավարձի բարձրացման և աշխատանքային պայմանների բարելավման պահանջով կազմակերպված գործադուլին» վերտառությամբ քվեաթերթիկը կեսօրին մոտ լրացրել և քվեատուփն էր գցել մոտ 2000 աշխատակից, իսկ կոմբինատում, ըստ ընկերության պաշտոնական տվյալների, աշխատում է ավելի քան 4 հազար 600 մարդ։

«Արդեն մոտենում է 2000-ին, որը մեզ համար բավական է, որ ցույց տանք, որ մեծամասնություն է», - ասաց պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներից Շավարշ Մարգարյանը:

Քվեարկության ավարտից հետո, ըստ գործադուլը կազմակերպած աշխատակիցների ներկայացրած տվյալների, մասնակցել է ավելի քան 2 հազար 400 հոգի։

Գործադուլ անողները մի քվեատուփը դրել են Քաջարան քաղաքի կենտրոնում, մյուսը՝ կոմբինատի տարածքում։ Գործընթացի թափանցիկությունն ապահվելու համար կոմբինատի աշխատակիցներն իրենց ուժերով նաև տեսանկարահանում են քվեարկությունը՝ տեսախցիկը կպչուն ժապավենով ամրացնելով ճաղերին։

«Դե մենք պետություն չենք, որ կարողանանք կազմակերպել քվեարկությունը, առաջին անգամ ենք անում: 12 ժամվա դրությամբ 42 տոկոս եկել է, ստորագրել: Պարոնա՛յք ղեկավարություն, մի տարածեք նման կեղծիքներ», - հավելեց Շավարշ Մարգարյանը:

Պղնձամոլիբդենային կոմբինատը նախորդ օրերին պնդում էր, թե գործադուլի դուրս եկած քաղաքացիները աշխատավարձի անիրատեսական բարձրացում են պահանջում՝ սպառնալով իրավական պատասխանատվության ենթարկել խախտումներ կատարողներին:

«Դուք չեք կարող մեզ հաղթել: Հա փորձեցիք, մի քիչ ճնշեցիք, դուք գիտե՞ք ինչ, մարդիկ էստեղ կկոտրվեն, չէ, մարդիկ մինչև վերջ մնալու են», - շարունակեց աշխատակիցը, մյուսը հավելեց. «Եթե մեզ սպառնում են հեռացումով և այլն, մենք կանայք կանգնելու ենք մեր տղաների կողքին՝ մենք ենք փակելու ճանապարհը, մենք ենք պահանջելու»:

Հայաստանի թիվ մեկ հարկատուն նաև հրապարակել է որոշ աշխատավարձերի չափեր՝ ֆլոտատոր՝ 399 - 594 հազար դրամ, փականագործ՝ 329 - 580 հազար դրամ, կոնվեյերավար՝ 450-480 հազար դրամ (հարկերը ներառյալ)։ Այսինքն՝ սա չհարկված աշխատավարձերի չափն է, իրականում աշխատավարձերը շատ ավելի քիչ են, ինչը, գործադուլի դուրս եկած աշխատակիցների համոզմամբ, հատուկ է արվել, որպեսզի մոլորեցնեն հանրությանը, իսկ ավելի ցածր աշխատավարձերի մասին ընդհանրապես որևէ խոսք չկա:

«Այդ գումարի 30 տոկոսը չի ստանում մարդը, փաստացի ինքը քիչ է ստանալու, իսկ իրենք ուզում են ուղղակի մանիպուլյացիա անել, մարդկանց մոտ տպավորություն ստեղծեն, որ տեսեք՝ այս քաջարանցիները ինչ կարգի հղփացած մարդիկ են՝ այդքան ստանում են, էլի պահանջում են», - նշեց Շավարշ Մարգարյանը։

«Իրենց ոնց ձեռք է տալիս, այդպես են ներկայացնում, բա խի՞ ամենացածր ստացողի թղթերը չեն ներկայցնում: Մարդ կա՝ ստանում է 200 հազար, 180 հազար», - հավելեց Հովհաննես Վարդանյանը:

Գործադուլի դուրս եկած կոմբինատի աշխատակիցները աշխատավարձի բարձրացումից բացի, մատնանշում են աշխատանքային վատ պայմանները, ասում են՝ 50-ականների հին տեխնիկան այդպես էլ չի փոխվում, փոխարենը իրենց ամեն շարժը հսկում են նորագույն տեսախցիկների միջոցով. «Խոնավության մեջ, փոշու մեջ, ցեխերի մեջ մարդիկ տանջվում են»:

Երեկոյան ժամը 6-ին մոտ քվեարկությունն ավարտվեց և սկսվեց  ձայների հաշվարկը։ Պղնձադամոլիբդենային կոմբինատից փոխանցեցին՝ իրենց դիրքորոշումը կհայտնեն իրավական գործընթացի ավարտից հետո:

Կառավարությունը, որը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո կոմբինատի 22 տոկոսի սեփականատերն է, առայժմ չի արձագանքել արդնե 4 օր շարունակվող գործադուլին և աշխատողների պահանջներին։  

Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել