44-օրյա պատերազմի ժամանակ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Կարեն Առստամյանը մեղադրյալի կարգավիճակ է ունեցել Հադրութում 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով, սակայն հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է Մարտունի 3 զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի անձնակազմի զոհվելու գործով դատաքննությունը։ Այս գործով այժմ մեղադրվում են երկու բարձրաստիճան սպաներ՝ նշյալ գումարտակի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանն ու ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը։ Մեղադրյալների պաշտպաններն են այս դատաքննության ընթացքում հիշատակել Կարեն Առստամյանի նկատմամբ հարուցված, սակայն հետագայում դադարեցված քրեական հետապնդման մասին։
«Ինֆոքոմը» ՀՀ գլխավոր դատախազությունից հարցմամբ տեղեկացել է, որ Կարեն Առստամյանն այս գործով մինչդատական վարույթի ընթացքում մեղադրյալի կարգավիճակ է ունեցել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է նախկին Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի չորրորդ մասի հատկանիշներով, այն է՝ պատերազմի ժամանակ իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը։ Սակայն հետագայում՝ 2022 թվականի օգոստոսի 17-ին, հսկող դատախազի որոշմամբ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Քրեական դատավարության օրենսգրքի այն հիմնավորմամբ, որ անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։
Կարեն Առստամյանի անունն այս դատավարության ընթացքում բազմիցս է հնչել։ Ըստ գործի նյութերի՝ 7-րդ վաշտի 73 զինծառայողները համապատասխան երթուղով պետք է մեկնեին Հադրութի շրջանի «9 կմ» կոչվող տեղամաս եւ անցնեին ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի հրամանատարության ներքո։ Ըստ մեղադրանքի, սակայն, զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանն ու օպերատիվ բաժնի պետը պատշաճ չեն կազմակերպել զորքի տեղաշարժը, զորքին նշյալ տեղանքում դիմավորող չի եղել եւ նրանք առաջ են անցել մինչեւ Հադրութի շրջանի Այգեստան գյուղ, որը, ինչպես հետագայում պարզվել է, արդեն գտնվել է հակառակորդի վերահսկողության ներքո։ Զորքն այդտեղ ընկել է շրջափակման մեջ, վաշտի ողջ անձնակազմը զոհվել է։
Թե իրենց ցուցմունքներում ինչ տեղեկություններ են հայտնել զոհվածների հարազատները այդ թվում Կարեն Առստամյանի հետ ունեցած իրենց զրույցների մասին, կարող եք կարդալ այս եւ դատաքննության վերաբերյալ մեր մյուս հրապարակումներում։
Նշենք, որ գեներալ-մայոր Կարեն Առստամյանի անունը նաեւ այլ քրեական գործերի շրջանակում է շոշափվում։ Մասնավորապես, նախորդ տարեվերջին՝ 2024 թ․ դեկտեմբերի 27-ին, նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում նախկին Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Կարեն Առստամյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Մեր տեղեկություններով նրա մեղադրանքի դրվագը առնչվում է Ջրականի եւ Հադրութի մարտական գործողություններին։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)