Գեներալ-մայոր Կարեն Առստամյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
17:57 - 29 հունվարի, 2025

Գեներալ-մայոր Կարեն Առստամյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

44-օրյա պատերազմի ժամանակ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ–մայոր Կարեն Առստամյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Գլխավոր դատախազությունից, «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են, որ նախորդ տարեվերջին՝ 2024 թ․ դեկտեմբերի 27-ին, նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի (2003 թ․) 376-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։

Դեկտեմբերի 29-ին միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Առստամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է․ «Քրեական վարույթով նախաքննության ընթացքում 21 մեղադրյալների վերաբերյալ 5 քրեական վարույթներ արդեն իսկ հանձնվել են դատարան, ընթանում է դատաքննություն»,- ասված է պատասխանում։

Մեր տեղեկություններով Կարեն Առստամյանի մեղադրանքի դրվագը առնչվում է Ջրականի եւ Հադրութի մարտական գործողություններին։

Նշենք, որ Առստամյանի անունը պարբերաբար շրջանառվել է 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի, այդ թվում՝  Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի շրջանակում։ 

Դեռեւս 2022 թ․ հոկտեմբերի 22-ին նա այդ գործով կանչվել էր դատարան եւ որպես վկա հարցաքննվել` նշելով, որ Խուռհատ սարում շրջափակման մեջ հայտնվելու եւ կապի միջոցի բացակայության մասին իրեն այդ պահին չեն զեկուցել, պարզաբանել էր՝ իր ղեկավարության ներքո 25 գումարտակ է եղել, եւ ամեն ինչ չէր, որ իրեն պիտի զեկուցվեր․ դրա համար զորամասի հրամանատարներ կային։ Զոհված զինծառայողների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանն էլ հետաքրքրվել էր․ «Իսկ չե՞ք կարծում, որ Ձեր պարտականությունը, որպես դիվիզիայի հրամանատար, թերի եք կատարել, որն էլ հանգեցրել է ծանր հետեւանքի»։ Ի պատասխան՝ Կարեն Առստամյանը ասել էր․ «Եթե ապացուցվի, որ այդպես է, ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել»։

Կարեն Առստամյանն իր պաշտոնից ազատվել է պատերազմի ավարտից մեկ օր առաջ՝ 2020 թ․ նոյեմբերի 8-ին։ Ամիսներ անց՝ 2021 թ․ մարտի 24-ին, նա դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահի՝ պահանջելով վերջինիս պարտավորեցնել իրեն տրամադրել իր ազատման հրամանագիրը։ ՀՀ վարչական դատարանը, դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ քննելով հայցը, 2022 թ․ հունվարի 3-ին վճռել է մերժել այն՝ հիմնավորմամբ, որ Առստամյանին պաշտոնից ազատելու մասին առաջարկությունը եւ կից հրամանագրի նախագիծը Հանրապետության նախագահի աշխատակազմ են ներկայացվել «Հույժ գաղտնի» դրոշմագրով, այսինքն՝ այն համարվում է պետական գաղտնիք, ինչի պարագայում նախագահի մերժումը եղել է իրավաչափ։ Դատարանի այս որոշման դեմ Առստամյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել։

Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Արթուր Պողոսյանի, կազմով Հայկ Խաչատրյանի եւ Կարեն Մաթեւոսյանի, վճռել է հայցն ամբողջությամբ բավարարել եւ գործն ուղարկել վարչական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել