ՀՀ-ՌԴ հարաբերությունները մտնում են հասունության փուլ, կողմերն ըմբռնում են դրա կարևորությունը․ Կոպիրկին
 |arm.sputniknews.ru|
21:40 - 04 փետրվարի, 2025

ՀՀ-ՌԴ հարաբերությունները մտնում են հասունության փուլ, կողմերն ըմբռնում են դրա կարևորությունը․ Կոպիրկին |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները մտնում են հասունության փուլ. բոլոր խնդիրներով և տեսակետների հնարավոր տարբերությամբ հանդերձ` երկու կողմերն էլ ըմբռնում են այդ հարաբերությունների կարևորությունը: Նման կարծիք հայտնեց Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Ճգնաժամը ոչ միայն խնդիր է, այլև հնարավորություն

Կոպիրկինը նշում է, որ կա ընդհանուր տրամադրվածություն՝ թույլ չտալու, որ առկա խնդրահարույց պահերն անդառնալի վնաս հասցնեն հայ-ռուսական համագործակցությանը։ Թեև երբեմն տեղեկատվական ֆոնն էլ բարդ է՝ լրացուցիչ լարվածություն առաջացնող տարբեր փորձեր են արվում, այդ թվում՝ դրսից, բայց հարաբերությունները զարգացնելու ու նոր իրողություններին հարմարվելու տրամադրվածություն ևս կա։
«Ճգնաժամը միշտ և՛ խնդիր է, և՛, միևնույն ժամանակ` հնարավորություն։ Այն, հավանաբար, մեր հարաբերությունները հասունության նոր մակարդակի բերելու առումով նոր հնարավորություններ է ստեղծում, որն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով առկա մարտահրավերները և խնդիրները», - նշեց դիվանագետը։ Կոպիրկինն այս համոզմանը հանգել է նաև հիմնվելով այն հանդիպումների վրա, որոնք բարձր մակարդակով տեղի էին ունենում ղեկավարների և արտգործնախարարների միջև։
 

Թաքնված օրակարգ չկա

Իհարկե, Ռուսաստանը չի կարող մտահոգություն չհայտնել արտաքին ուժերի կողմից լրացուցիչ լարվածություն առաջացնելու փորձերի վերաբերյալ։ Եվ այդ ուժերն իրականում չեն էլ թաքցնում սեփական աշխարհաքաղաքական մղումները, այն է՝ երկկողմ կապերի, համագործակցության խզումը։ Կոպիրկինը ընդգծեց, որ ամերիկյան նախկին վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս խոսել են այդ մասին։ Դիվանագետի կարծիքով` ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը չեն կարող հավակնել, որ երկկողմ հարաբերությունները լինեն ինչ-որ ստերիլ մթնոլորտում, որի վրա արտաքին միջավայրը ոչ մի ազդեցություն չի ունենա: Բայց կա ընկալում՝ չեզոքացնելու այն նպատակադրված լարվածությունը, որ հայ-ռուսական հարաբերություններում ինչ որ ուժեր փորձում են ներմուծել դրսից:
Հարաբերությունների ամրության կարևոր գործոններից մեկը դեսպանը համարում է վստահությունը։ Ռուսաստանի և Հայաստանի հասարակությունները պետք է զգան, որ կողմերը ծածուկ օրակարգ չունեն։

ԵՄ անդամակցության օրենքի մասին

Խոսելով ՀՀ ԱԺ–ում քննարկվող՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի մասին՝ դեսպանը կրկնեց ՌԴ փոխվարչապետի և ԱԳ նախարարի՝ նախորդիվ արած հայտարարությունները. դա Հայաստանի, հայ ժողովրդի ինքնիշխան իրավունքն է՝ կատարել իր ընտրությունը, և Ռուսաստանը դրան վերաբերվում է հարգանքով։
 
Բայց կան նաև օբյեկտիվ իրողություններ։ Չի կարող երկիրը միաժամանակ լինել երկու մաքսային միություններում։ Առավել ևս հիմա, երբ Արևմուտքն ու մասնավորապես ԵՄ-ն չեն էլ թաքցնում իրենց ոչ բարեկամական վերաբերմունքը Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության նկատմամբ։ Դեսպանը հիշեցրեց Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների ղեկավարների՝ վերջերս Հայաստան կատարած այցի մասին:
Նրանց հայտարարություններում Եվրոպայի հետ մերձեցմանը զուգահեռ հստակ ուրվագծվում էին Ռուսաստանի հետ կապերը խզելու կոչերը։ Կոպիրկինը կարծում է, որ երբ հարցն այսպես է դրվում, չափազանց դժվար է ինչ-որ բան որոշելը։ Ժամանակին Եվրամիության կատեգորիկ մերժումը` առկա խնդիրները քննարկելու Ռուսաստան-Եվրոպա-ԵՄ ձևաչափով, հանգեցրեց ներկայիս ճգնաժամին։
Ռուսաստանը, հաշվի առնելով Ուկրաինայի հետ սերտ տնտեսական կապերը, այն ժամանակ առաջարկում էր քննարկել Ասոցացման համաձայնագրի հետ կապված իրավիճակը։ Բրյուսելը կտրականապես հրաժարվեց եռակողմ քննարկումից, ինչից հետո տեղի ունեցավ Մայդանը և Կիևում իշխանության ապօրինի զավթումը։
 
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել