Համակարգում կա 400 հազար դրամ և ավելի վարձատրություն ստացող ավելի քան 560 ուսուցիչ. ԿԳՄՍ նախարարը՝ նոր փոփոխությունների մասին |1lurer.am|
12:06 - 06 փետրվարի, 2025

Համակարգում կա 400 հազար դրամ և ավելի վարձատրություն ստացող ավելի քան 560 ուսուցիչ. ԿԳՄՍ նախարարը՝ նոր փոփոխությունների մասին |1lurer.am|

1lurer.am: Համալիր քաղաքականության արդյունքում 2023-2024 ուսումնական տարում դպրոցներ են մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչներ, ինչը ցույց է տալիս, որ ուսուցչի մասնագիտության գրավչությանն ուղղված ծրագրերը աշխատում են: Այս ուսուցիչների շուրջ 56 տոկոսը գյուղական դպրոցներում են, նրանց մեծ մասը երիտասարդ ուսուցիչներ են: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 6-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այս տրամաբանությամբ առաջարկվում են փոփոխություններ տարակարգի մեխանիզմով:

«Առաջիկայում տարակարգի փաստաթղթերը կընդունենք միայն էլեկտրոնային եղանակով, որը թե՛ ռեսուրսի խնայողության տեսանկյունից է կարևոր, թե՛ հաշվի առնելով, որ կրթության կառավարման տեղեկատվական հարթակում արդեն իսկ բավարար տվյալներ կան, [էլեկտրոնային եղանակով ներկայացնելը] հնարավորություն կտա կրճատել այն փաստաթղթերի ծավալը, որը պետք է ներկայացվի, և կրկնակի գործ չանել ուսուցիչների համար, ինչպես օրինակ՝ էլեկտրոնային մատյանում լրացված դասի պլաններն արդեն իսկ բավարար կլինեն. դրանք առանձին լրացնելու կարիք չկա:

Այս փոփոխությամբ մենք նաև հնարավորություն ենք տալու, որպեսզի, ուսուցչի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը դիտարկելով՝ հանձնաժողովն իրավասու լինի համապատասխան տարակարգ շնորհելու:

Հիմա ուսուցիչը կարող է դիմել 3-րդ աստիճանի տարակարգի, հանձնաժողովն ուսումնասիրի և տեսնի, որ նրա փաստաթղթերը համապատասխանում են, դիցուք, 4-րդ կամ 2-րդ աստիճանի տարակարգին, բայց նման որոշում կայացնելու իրավունք չունի, որովհետև կարող է արձագանքել միայն ուսուցչի առաջարկած տարակարգին, և սա նույնպես կրկնակի վարչարարություն է առաջացնում, որովհետև ստիպված է լինում մերժել, և ուսուցիչը ստիպված է լինում դիմել այլ տարակարգի համար: Այս կարգավորումներն էապես պարզեցնում են այս հանգամանքը»,- ասաց նա:

Կճշգրտվի նաև հավելավճարի հաշվարկը: Հավելավճարը կհստակեցվի դասավանդվող ժամերի նկատմամբ՝ հաշվի առնելով ուսուցչական գործունեությունը խրախուսելու, ինչպես նաև ուսուցչի վարձատրության բարձրացմանն ուղղված մյուս ծրագրերի տրամաբանությունը: Կարևոր փոփոխություն է նաև համատեղությամբ աշխատանքի պարագայում հավելավճար տրամադրելու մասին կարգավորումը:

«Հերթական ատեստավորման գործընթացի վերափոխմամբ ինքնաշխատ եղանակով 1-ին և 2-րդ տարակարգի ստացման հնարավորություն ենք ստեղծում այն պարագայում, երբ որ հերթական ատեստավորման արդյունքում յուրաքանչյուր ոլորտներից 80-89 տոկոս արդյունք է կամ 90--100 տոկոսը»,- ասաց նա:

Հստակեցվել են նաև դասընթացների հանդեպ պահանջները, որոնք, ըստ նախարարի, նախկինում ավելի անորոշ էին, այս պարագայում որոշվել է, որ նախարարության կողմից ֆիքսված լինելը պարտադիր պայման է:

«Այս պահին համակարգում կա 300-400 հազար դրամ վարձատրություն ստացող ավելի քան 1600 ուսուցիչ, 400 հազար դրամ և ավելի վարձատրություն ստացող ավելի քան 560 ուսուցիչ: Այս ուսուցիչները հենց այն ուսուցիչներն են, որոնք թե՛ կամավոր ատեստավորված են, թե՛ տարակարգ են ստանում»,- հավելեց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել