«Ինֆոքոմի» հրապարակման հիման վրա ԿԿՀ-ն Ստեփանավանի համայնքապետի նկատմամբ կիրառել է վարչական տույժ
13:24 - 07 փետրվարի, 2025

«Ինֆոքոմի» հրապարակման հիման վրա ԿԿՀ-ն Ստեփանավանի համայնքապետի նկատմամբ կիրառել է վարչական տույժ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժի է ենթարկել Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանին՝ հիմնվելով  «Ինֆոքոմի» հրապարակմամբ բացահայտված՝ համայնքային գնումներում շահերի բախման դեպքերի ուսումնասիրության վրա։ 

«Ինֆոքոմը» ուսումնասիրել էր 2022 և 2023 թվականներին Ստեփանավան համայնքի կատարած գնումները և արձանագրել, որ Ստեփանավանի համայնքապետարանի գնումների շուրջ 70%-ն իրականացվում է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով, իսկ համայնքային պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների ընկերությունները պարբերաբար հաղթում են համայնքային գնումներում։ 

Առավել ուշագրավ էր այն դեպքը, երբ համայնքապետարանը շուրջ 50 մլն դրամի պայմանագիր էր կնքել Քաղաքաշինության բաժնի նախկին պետ, այժմ համայնքապետի օգնական Լևոն Քալանթարյանի եղբոր ընկերության հետ՝ բազմաբնակարան շենքում էներգաարդյունավետ արդիականացման աշխատանքների իրականացման համար։ Այդ աշխատանքների տեխնիկական հսկողության իրականացումն էլ պատվիրակվել էր Լևոն Քալանթարյանի որդու ընկերությանը։ 

Նույն ժամանակահատվածում համայնքապետարանը պայմանագրեր էր կնքել նաև համայնքի ղեկավարի տեղակալի, ավագանու անդամներից մեկի կնոջ և ավագանու մեկ այլ անդամի ընկերությունների հետ։ 

Հանձնաժողովը, ուսումնասիրելով այս բոլոր դեպքերը, արձանագրել է, որ Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը, որպես պատվիրատուի ղեկավար, համայնքային կարիքների համար գնման պայմանագրեր է կնքել օրենքի իմաստով իրեն փոխկապակցված անձանց հետ անձնական հարաբերություններ ունեցող անձանց հետ։ 

Միաժամանակ Հանձնաժողովը նշել է, որ համայնքապետն ուներ շահերի բախմանը վերաբերող հանգամանքի մասին Հանձնաժողով հայտարարություն ներկայացնելու պարտավորություն, որը չկատարելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն։

Այսպիսով, հաշվի առնելով, որ Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը կատարել է գործողություն, որն առերևույթ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, միաժամանակ որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում շահերի առկայության մասին գրավոր հայտարարություն չի ներկայացրել Հանձնաժողով՝ խախտելով օրենքով սահմանված շահերի բախմանը վերաբերելի իրավակարգավորումների պահանջ, Հանձնաժողովը նրա նկատմամբ կիրառել է տույժ 300 000 դրամի չափով։

«Ինֆոքոմը» համայնքային պաշտոնյաներին փոխկապակցված անձանցից գնումների մի շարք դեպքեր է հայտնաբերել նաև Սևան և Քաջարան համայնքներում։ 
 

Լիլիթ Գրիգորյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել