Գավառի համայնքապետարանը և համայնքապետարանի ենթակայությամբ աշխատող «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը 2020-2024 թվականներին շուրջ 135 միլիոն դրամի գնում են կատարել Գավառի համայնքապետի ընտանիքին պատկանող ընկերությունից։ Գնումներ են կատարվել նաև համայնքապետարանի այլ աշխատակիցների ընտանիքներին պատկանող ընկերություններից։
2024 թվականին Գավառի համայնքապետարանը «Գավառտրանս» ընկերությունից գնել է շուրջ 1.5 մլն դրամի սեղմված բնական գազ։ Մեկ այլ պայմանագրով ընկերությունը համայնքապետարանին մատուցել է ուղևորափոխադրման ծառայություններ։ Գնման ընթացակարգին մասնակցել է միայն «Գավառտրանսը»։ 2024 թվականին մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների համար ընկերությունը համայնքապետարանից ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 9 մլն դրամ։
Գուրգեն Մարտիրոսյանը Արա Զոլյանի հետ «Գավառտրանս» ընկերությունը համահիմնադրել է 2003 թվականին։ Մարտիրոսյանը 2005 թվականին առաջին անգամ ընտրվել է Գավառ համայնքի ղեկավար։ Համայնքապետի պաշտոնը ստանձնելուց երեք տարի անց նա դուրս է եկել ընկերությունից՝ իր 50% բաժնեմասը փոխանցելով հորը՝ Երվանդ Մարտիրոսյանին։ Այժմ ընկերության բաժնեմասերի մեծ մասի սեփականատերերն են Մարտիրոսյանի հարազատներն ու նրա հետ քաղաքական հարաբերություններ ունեցող մեկ անձ. հայրը՝ Երվանդ Մարտիրոսյանը (10% բաժնեմաս), որդին՝ Նարեկ Մարտիրոսյանը (10 % բաժնեմաս), անչափահաս որդին՝ Յուրի Մարտիրոսյանը (10 % բաժնեմաս), քույրը՝ Նարինե Մարտիրոսյանը (10% բաժնեմաս) և վերջինիս որդին՝ Գևորգ Հասասյանը (10% բաժնեմաս)։ Իսկ ամենամեծ՝ 31% բաժնեմասը պատկանում է Գավառ համայնքի կառավարող «Գուրգեն Մարտիրոսյան դաշինք» խմբակցության ավագանու անդամ Հրայր Գուլաբյանին, որը նաև ընկերության տնօրենն է։ Եվս 19% բաժնեմաս ունի ընկերության համահիմնադիր Արա Զոլյանը։
Այսպիսով՝ ընկերության բաժնեմասերի կեսը պատկանում է Մարտիրոսյանների ընտանիքին։
Գավառի համայնքապետարանի՝ մեր հարցմանն ի պատասխան տրամադրած տվյալների համաձայն՝ համայնքապետարանը «Գավառտրանս» ընկերության հետ 2020-2024 թթ․ ընթացքում կնքել է ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալության ծառայությունների մատուցման 5 և սեղմված բնական գազի ձեռքբերման 3 պայմանագիր։ Եվս 15 պայմանագիր համայնքապետի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքել է Գավառ համայնքին պատկանող «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ը՝ սեղմված բնական գազ և աղբարկղեր մատակարարելու համար։ Այս պայմանագրերի շրջանակում կատարված գնումների ընդհանուր գինը կազմում է 135 մլն դրամ։ Թեև այս գնումների մրցույթներից որևէ մեկը «Մեկ անձից» գնման ընթացակարգով չի անցկացվել, կարևոր է նշել, որ 23 մրցույթներից 17-ում միակ մասնակիցը եղել է «Գավառտրանս» ընկերությունը։
Համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը շահերի բախում չի տեսնում
Մեր հարցմանն ի պատասխան՝ Գուրգեն Մարտիրոսյանը նշեց, որ այս իրավիճակում շահերի բախում չկա, քանի որ իր մասնավոր շահը չի ազդել պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա։
«Պայմանագրերը կնքվել են գնահատող հանձնաժողովի որոշումների հիման վրա, այլ ոչ թե իմ պաշտոնեական պարտականությունների ոչ անաչառ կամ ոչ օբյեկտիվ կատարմամբ, իսկ պայմանագրի արդյունքն ընդունել է պատասխանատու ստորաբաժանումը՝ փաստացի մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայությունների համար»,- նշել է համայնքապետը:
Մարտիրոսյանը խնդրահարույց չի համարում նաև այն, որ համայնքային գնումներում ընդհանուր շուրջ 135 մլն դրամի պայմանագիր կնքած ընկերությունում բաժնեմաս ունի Գավառ համայնքի ավագանու անդամ Հրայր Գուլաբյանը։ Մարտիրոսյանի խոսքով ավագանու անդամին չի արգելվում զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ այդ թվում մասնակցելով գնման գործընթացներին։
«Գավառտրանս» ընկերությունից կատարված գնումներից 20-ն իրականացվել է «Գնանշման հարցում» ընթացակարգով։ Թեպետ գնանշման բոլոր 20 հարցումներին էլ դիմող միակ մասնակիցը եղել է «Գավառտրանսը», Մարտիրոսյանը պնդում է, թե գնանշման հարցումը և բաց մրցույթը ձևականորեն չեն տարբերվում իրարից՝ բացառությամբ գնման առարկայի գնի և հայտերի բացման ժամկետների։ Նա կարծում է, որ գնման այս ձևը չի պարունակում որևէ կոռուպցիոն ռիսկ և ոչ թափանցիկություն։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախման մասին նախկինում իր կայացրած որոշումներում արձանագրել է, որ որևէ ձևով դրսևորված փոխկապակցվածության դեպքում տվյալ պաշտոնյան մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը պարտավոր է շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հանձնաժողովին գրավոր հայտարարություն ներկայացնել:
Այս պարագայում Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը պետք է համայնքային գնումներում իր ընտանիքն պատկանող ընկերության մասնակցության, այսինքն՝ համայնքային գնումներում իր ընտանիքն պատկանող ընկերության մասնակցության, այսինքն՝ շահերի բախման իրավիճակի վերաբերյալ 10-օրյա ժամկետում գրավոր ծանուցեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ինչը չի արել։
Ըստ Հանրային ծառայության մասին օրենքի՝ շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա: Մասնավոր շահը ենթադրում է որևէ արտոնություն պաշտոնատար անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց, կազմակերպություններին, որոնց հետ կան գործնական, անձնական, քաղաքական հարաբերություններ։
Պատասխանելով մեր հարցին, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվե՞լ է արդյոք գրավոր հայտարարություն շահերի բախման իրավիճակի առաջացման վերաբերյալ, Մարտիրոսյանը նշել է․ «Քանի որ իմ լիազորությունների շրջանակներում գործողություն կատարելը գնման ընթացակարգի արդյունքում գնահատող հանձնաժողովի կողմից ընդունած որոշման հիման վրա է եղել, արդեն իսկ կնքվելիք պայմանագրի հաստատումը չեմ համարել շահերի բախման իրավիճակի առաջացում»։
Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելն առաջացնում է 300 000 դրամ տուգանք։
«Ինֆոքոմի» մեկ այլ համանման հրապարակման հիման վրա, օրինակ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերջերս վարչական տույժի է ենթարկել Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանին։
Մարտիրոսյանի չի հայտարարագրել հոր և որդիների մասնակցությունն ընկերություններում
Եկամուտներից, ծախսերից ու գույքից բացի՝ պաշտոնատար անձը պետք է հայտարարագրի նաև իր և իր ընտանիքի անդամների մասնակցությունը առևտրային կազմակերպություններում և ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում։ Մարտիրոսյանի հայտարարագրում, սակայն, արտացոլված չէ հոր և որդիների մասնակցությունը «Գավառտրանս» ընկերությունում։ Ընդ որում՝ համայնքապետի հայրը՝ Երվանդ Մարտիրոսյանը, մասնաբաժիններ ունի այլ ընկերություններում ևս։ Երվանդ Մարտիրոսյանը 2010 թ․ հիմնադրել է «Երյունա» ՍՊԸ-ն, որն արդյունահանում է գեղազարդային և շինարարական քարեր։ Երվան Մարտիրոսյանը 2019-ին էլ հիմնադրել է «Կարանտին» ընկերությունը։ Այս ընկերություններում Երվանդ Մարտիրոսյանի մասնակցությունը ևս Գուրգեն Մարտիրոսյանը չի հայտարարագրել։
Գավառի համայնքապետարանը գնումներ է կատարել նաև համայնքային այլ պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից
Գավառի համայնքապետարանը 2022-2024 թվականներին ընդհանուր 218 մլն դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների իրականացման 7 պայմանագիր է կնքել «Ֆավորիտ-Մ» ընկերության հետ։ «Ֆավորիտ-Մ» ընկերությունը 2017 թ․ հիմնադրել է համայնքի ղեկավարի ներկայիս տեղակալ Մուրադ Մովսիսյանը։ Ընկերության սեփականատերն այժմ Մովսիսյանի հայրն է՝ Սամվել Մովսիսյանը։ Իրավաբանական անձնանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերության գրանցման հասցեն համընկնում է Մուրադ Մովսիսյանի գրանցման հասցեի հետ։
Մուրադ Մովսիսյանը մեր զրույցում ասաց, որ բոլոր գնումներն իրականացվել են էլեկտրոնային եղանակով, և ինքը որևէ ազդեցություն ունենալ չէր կարող։ Հարցին՝ գնահատող հանձնաժողովի անդամների վրա չէ՞ր կարող ազդել արդյոք այն հանգամանքը, որ մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած ընկերություններից մեկը պատկանում է իրենց վերադասի հորը, Մուրադյանը պատասխանեց՝ որևէ ուղղորդում չի արել հօգուտ հոր ընկերության որոշումներ կայացնելու նպատակով։
«Ես նման իրավունք չունեմ և ինձ թույլ էլ չեմ տա։ Մասնակցող ընկերությունները մասնակցել են նաև մինչև 2022 թվականը, և ի վերջո, եթե որևէ անօրեն գործողություն նկատեին, կբողոքարկեին․ օրենքը դրա հնարավորությունը տալիս է։ Ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Մուրադյանը։
Կառավարող խմբացկությունից ավագանու անդամ Ալիկ Մարտիրոսյանի եղբոր՝ Ավետիք Մարտիրոսյանի ընկերությունը՝ «Արմավ-700»-ը, 2022 թ․ համայնքի հետ կնքել է 3 մլն դրամի պայմանագիր՝ մատուցելով շների ստերիլիզացման ծառայություններ։
Այսպիսով, 2020-2024 թվականներին Գավառ համայնքը ավելի քան 350 միլիոն դրամի գնում է կատարել համայնքային պաշտոնյաների ընտանիքների անդամների ընկերություններից։ Ավելին՝ համայնքապետը չի հայտարարագրել իր ընտանիքի անդամների մասնակցությունը գնումներին մասնակցած առևտրային կազմակերպությունում։
Լիլիթ Գրիգորյան
comment.count (0)