Զանգեզուրի կոմբինատի ղեկավարությունն աշխատանքից հեռացրեց գործադուլի ամենաակտիվ մասնակիցներին
 |azatutyun.am|
20:55 - 07 փետրվարի, 2025

Զանգեզուրի կոմբինատի ղեկավարությունն աշխատանքից հեռացրեց գործադուլի ամենաակտիվ մասնակիցներին |azatutyun.am|

azatutyun.am: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունն աշխատանքից հեռացնում է գործադուլի ամենաակտիվ մասնակիցներին։

Ցույցերի ութերորդ օրը կոմբինատը 8 անձանց անուններ է հրապարակել՝ գրելով, թե «անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց են սկսել»։

Աշխատանքից հեռացվածների շարքում է նաև գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը: Նա այս օրերին ամենահաճախ ելույթ ունեցած ցուցարարներից մեկն է։

«Կանխատեսելի քայլ էր, ինչին պատրաստ էինք», - «Ազատության» հետ զրույցում արձագանքեց հեռացված աշխատակիցը, - «Համակարգող խորհուրդն անպայման կփոխի իր մարտավարությունը՝ ըստ կանխատեսված սցենարի: Պայքարը շարունակվում է: Ես որևէ խնդիր չեմ տեսնում, ամեն ինչ ընթանում է իր հունով»:

Բողոքի ակցիաները պատրաստվում են շարունակել վաղը։ Ղեկավարությունը մյուս աշխատակիցներին հորդորում է այսօր ներկայանալ իրենց հերթափոխին ու կատարել աշխատանքային պարտականությունները։ Կոմբինատը սա որպես գործադուլի մասնակիցներին տրվող հնարավորություն է ներկայացնում ու հավելում՝ գործը չպահպանելու նրանց երաշխիքը կախված է աշխատանքն անհապաղ վերսկսելուց։

Հայաստանի թիվ մեկ հարկատուն նաև պնդում է՝ աշխատանքի խաթարման հետևանքով օրական մոտ 400 միլիոն դրամի վնաս են կրում։

Գործադուլավորներն ի սկզբանե աշխատանքային պայմանների բարելավում էին պահանջում։ Տեսախցիկների առջև և հետևում նրանք դժգոհում են սոցիալական անարդարություններից, իրենց կատարած աշխատանքի դիմաց ցածր վարձատրությունից, իրենց ու կոմբինատի ղեկավարության եկամուտների տարբերությունից։

«Բարելավեն բանվորների աշխատանքային պայմանները, աշխատավարձերի բարձրացում: Արհամարհում են, չեն իջնում մեզ հետ հանդիպելու: Բանվորը ցուրտ ձմեռը՝ 8 օր ցեխի, ձյան մեջ կանգնած, բայց իրենք ալարում են իջնեն, բանվորի հետ հանդիպեն», - ասել էր աշխատակիցներից մեկը:

Օրեր անց արդեն ասում են՝ պատրաստ են վերադառնալ աշխատանքի, եթե գրավոր երաշխիք լինի, որ ընկերության աշխատակիցները չեն պատժվելու, իսկ գործը վերսկսելուց հետո էլ կնստեն մեկ սեղանի շուրջ՝ աշխատավարձի հարցը քննարկելու։

Ընկերությունը, փաստորեն, այս նախապայմանը չկատարեց և գործադուլի ամենաակտիվ մասնակիցներին ազատեց աշխատանքից։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նրանց գործողություններն անօրինական է որակում, ցուցարարներն էլ ղեկավարությանն են մեղադրում ոչ իրավաչափ քայլեր կատարելու մեջ։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել