Մեկօրյա գործադուլ՝ փաստաբանների հարկերն ավելացել են մոտ 8 անգամ
 |azatutyun.am|
18:01 - 10 փետրվարի, 2025

Մեկօրյա գործադուլ՝ փաստաբանների հարկերն ավելացել են մոտ 8 անգամ |azatutyun.am|

azatutyun.am: Փաստաբանների գործադուլի պատճառով այսօր դատարաններում ու քննչական ծառայություններում աշխատանքային օրն ակտիվ չէր: Նրանք բողոքում են արդեն մեկ ամիս ուժի մեջ մտած հարկային փոփոխություններից, ըստ որոնց նախկին 5 տոկոսի փոխարեն այժմ ստիպված են վճարել 38 տոկոս հարկ:

Սա է պատճառը, որ փաստաբանները մեկ օրով հրաժարվել են գնալ դատարաններ ու քննչական ծառայություններ՝ պաշտպանելու քաղաքացիների իրավունքները:

«Այս մակարդակով մենք փորձում ենք մեր համայնքի անունից մեր դժգոհությունը ներկայացնել ոչ հիմնավորված, մեր կարծիքով անտեղի հարկային օրենսդրության փոփոխության», - հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:

Բաբայանն ու գործընկերներն այսօր ասում էին, որ հունվարից ուժի մեջ մտած հարկային փոփոխությունները վնասում են ոչ միայն փաստաբանական համայնքին, այլ նաև քաղաքացիներին առհասարակ: Իրենք ստիպված են եղել բարձրացնել ծառայության գները, Բաբայանին պատկանող փաստաբանական գրասենյակն արդեն 20 տոկոսով թանկացրել է վճարը, մյուս կողմից էլ՝ այլևս չեն կարող անվճար իրավաբանական օգնություն տրամադրել, քանի որ ստիպված կլինեն դրա դիմաց ևս հարկ վճարել:

«Այս ընթացքում նաև 1212 փաստաբան ստորագրեցին հանրագիր, որով առաջարկեցին, որպեսզի փաստաբանական ծառայությունները ազատվեն ավելացված արժեքի հարկից, իսկ անվճար իրավաբանական օգնություն մատուցող փաստաբանների կողմից՝ առհասարակ ազատվի հարկից: Այդ հանրագրի պատասխանն էլ դեռ չունենք», - ասաց Բաբայանը:

Ունենալու ենք անպաշտպան քաղաքացիներ, պնդեց Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը. - «Չի կարելի մեղվի փեթակը ջարդել մեղր հանելու համար: Սա շատ մեծ, շատ լուրջ սխալ մոտեցում է»:

Փաստաբանների մի փոքր մասը, որոնց տարեկան շրջանառությունն անցնում է 119 միլիոն դրամը, վճարում են թե՛ ավելացված արժեքի հարկ և թե՛ շահութահարկ։ Սրանից պակաս գումար վաստակողները, սակայն, որոնք մեծամասնությունն են, դեռ մեկ ամիս առաջ վճարում էին ընդամենը 5 տոկոս շրջանառության հարկ։ Հիմա այդ գումարը մեծացել է մոտ 8 անգամ:

«Փաստաբանները միշտ հայտնվում էին վստահորդների կողքին և իրենց օգնում էին: Մենք, փաստորեն, այս ճանապարհը փակում ենք, այսինքն՝ պետությունը փակում է, և ինչ է ստացվում՝ եթե պարոն Բաբայանի նկատառումներն էլ գումարենք, ստացվում է՝ պետական տուրքի գումարը բարձրացվեց, անվճար օգնությունը փակվեց, նոտարական ծառայությունները, որը էլի իրավունքի պաշտպանության ձև է, թանկացվեց, ստացվում է՝ ամեն ինչ անում են, որպեսզի մարդը հրաժարվի իրավունքները պաշտպանելուց», - ընդգծեց Զոհրաբյանը:

Գործադիրը կարծում է, որ պարզեցված այս հարկը վերածվել է արտոնության մյուս ոլորտների համեմատ և օրենսդրական փոփոխություններից հետո հանեց այդ 5 տոկոսն ու փոխարենը բոլորից գանձում է ավելացված արժեքի հարկ՝ 20 տոկոս, գումարած՝ 18 տոկոս էլ շահութահարկ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել