Էլի սպասում եք՝ դժգոհության ալիք լինի, որ հետքայլ անեք նաև աղբահանությա՞ն վճարների մասով. Հայկ Գրիգորյանը՝ իշխանությանը |news.am|
12:09 - 11 փետրվարի, 2025

Էլի սպասում եք՝ դժգոհության ալիք լինի, որ հետքայլ անեք նաև աղբահանությա՞ն վճարների մասով. Հայկ Գրիգորյանը՝ իշխանությանը |news.am|

news.am: Ես ուզում էի իմանալ՝ ինչ-որ հատուկ ռազմավարություն կա՞, որով սկզբից բերվեց ուղեվարձի թանկացումների նախագիծը, հետո սկսվեց փուլ-առ-փուլ այդ նախագծում «դրական» բաներ արվել քաղաքացիների համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը՝ մեկնաբանելով Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգին վերաբերող որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը:

Ապա նա շարունակեց. «Երկրորդը հաշվի առնելով տրանսպորտի հետ կապված տեղի ունեցող գործընթացները, նախատեսո՞ւմ եք արդյոք նույնը անել աղբահանության մասով, որովհետև բնակչությունը իրոք շատ դժգոհ է: Ու եթե տրանսպորտը վերաբերվում էր բնակչության մի մասին, աղբահանությունը վերաբերում է գրեթե բոլորին: Քառակուսի մետրը 13 դրամ գանձելով մարդիկ չեն վճարելու, լինելու է նույն տրանսպորտի պատմությունը: Ուզում եմ հասկանալ, նախատեսում եք էլի սպասել մինչև դժգոհության ալիք լինի, թե՞ նախատեսվում է նաև խոցելի խմբերի թոշակառուների համար զեղչեր այդ ոլորտում և նաև գնի իջեցում ու նաև չհաշվարկվի քառակուսի մետրով, այլ հաշվարկվի աղբը գեներացնող անձանց բնակության կամ գրանցման քանակով»:

Ի պատասխան՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Նախորդ նիստին արդեն իսկ մենք հայտարարել ենք, որ արտոնությունների փաթեթ նախատեսվելու է սանմաքրման մասով: Մենք անընդհատ խոսում ենք աղբահանության մասին, բայց մոռանում ենք սանմաքրման կտորը, որը կարծում եմ՝ հավասարապես կարևոր հատված: Սանմաքրումը հենց ուղիղ կապ չունի, թե մարդը իր տանը ինչքան աղբ է գեներացնում և արտոնությունների փաթեթ հաջորդ նիստով անպայմանորեն քննարկելու ենք: Նաև քննարկելու են գույքահարկի վերաբերյալ արտոնությունների փաթեթը հաջորդ նիստում»:

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ անդրադարձավ առաջին հարցին՝ նշելով. «Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով հատուկ ռազմավարություն: Մենք այնպես չի, որ կարծում ենք, որ այն, ինչ որ մենք ի սկզբանե առաջարկում ենք, միշտ իդեալական է և լավարկման տեղ չունի, եղել են տարբեր ժամանակ առաջարկներ, որոշումներ, ապա դրանց լավարկումներ»:

Հայկ Գրիգորյանը պարզաբանեց. «Հատուկ ռազմավարություն ասելով՝ նկատի ունեմ, որ փորձում եք մաքսիմալ գին սահմանել, տեսնել՝ ոնց է արձագանքում բնակչությունը, հետո նոր հետքայլ անել: Այդ ռազմավարությունը էլ մի կիրառեք հետագա ձեր անելիքների մասով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել