Կարելի է բերել բազմաթիվ փաստեր, բայց այդ ամենն անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության հետ․ Գեղամ Ստեփանյանը՝ ի պատասխան Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
17:26 - 11 փետրվարի, 2025

Կարելի է բերել բազմաթիվ փաստեր, բայց այդ ամենն անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության հետ․ Գեղամ Ստեփանյանը՝ ի պատասխան Ալեն Սիմոնյանի հայտարարությանը

Ի պատասխան ԱԺ նախագահի՝ կարելի է բերել բազմաթիվ փաստեր, պայքարի և անձնազոհության բազմաթիվ դրվագներ, բայց այդ ամենն անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության և ցինիզմի հետ։ Այսպես է Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե «կարելի էր մնալ Արցախում և պայքարել»։

«Երբ Ֆրիդոմ Հաուսը ներկայացնում էր Արցախում էթնիկ զտման մասին անգլալեզու զեկույցը՝ փաստագրելով ադրբեջանական հանցագործությունները, քննարկման ժամանակ հարց տվեցի, թե ինչպես կարելի է անել, որ զեկույցը հասանելի լինի նաև հայ հանրությանը, որպեսզի մարդիկ ծանոթանան Արցախում կատարվածին, և ի վերջո վերանա այն անիմաստ հարցերի շարանը, թե ինչու չկռվեցիք, կարելի էր մնալ ու պայքարել և այլն:

Երևի միամտություն էր կարծել, թե զեկույցը կամ բազմաթիվ այլ փաստագրող նյութեր կարող են որևէ բան փոխել, քանի որ ատելության խոսք գեներացնող այդ թեզերը հրապարակ են նետվում քաղաքական իշխանության և նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից, և դրա դեմ պայքարը ենթադրում է պայքար պետական քարոզչամեքենայի դեմ»,- գրել է Ստեփանյանը։ 

Նշենք, որ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով արցախցի լրագրողի հարցին, թե ե՞րբ կարող է վերադառնալ իր հայրենիք, ասել էր․ «Դուք դուրս եկաք Արցախից, որովհետև անվտանգ չէր, չնայած՝ կարելի էր մնալ և պայքարել, բայց դուք դուրս եկաք»։  

Լրագրողի՝ «բայց այնտեղ մարդիկ մորթվում էին» դիտարկմանը, Ալեն Սիմոնյանը կրկին պատասխանել է. «պետք էր կռվել»։

«Կարելի էր պայքարել այն զենքերով, որոնք ՀՀ–ն տվել էր, այն քաղաքական սատարումով։ Պետք էր կռվել։ Հայաստանը կռվել է։ Պետք էր այնտեղ իշխանություն փոխել, բերել հաճո իշխանություն, հայտարարել, որ մենք այդ նույն բանն անելու ենք ՀՀ-ում, և օրեր անց ստորագրել այդ հռչակված պետության վերացման մասին»,- հավելել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել