Պիտի դադարենք փրկիչներ որոնել. Կոնջորյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի նախագծի մասին
 |1lurer.am|
13:03 - 12 փետրվարի, 2025

Պիտի դադարենք փրկիչներ որոնել. Կոնջորյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի նախագծի մասին |1lurer.am|

1lurer.am: Երկու կողմից էլ թեմայի շուրջ կան գերագնահատված ակնկալիքների ձևավորման ջանքեր: Մի կողմից կա գերագնահատված ակնկալիք, որ, ահա՛, այս օրենքը մենք կընդունենք, և դրանից հետո Հայաստանը կփրկվի: Երկրորդ կողմից՝ ի դեմս ընդդիմության, կա գերագնահատված ակնկալիք, որ, ահա՛, եթե այս օրենքն ընդունենք, Հայաստանը կկործանվի: Ճշմարտությունը ոչ մեկի և ոչ էլ մյուսի մեջ է: Ճշմարտությունը, ինչպես միշտ, բևեռների արանքում է՝ ոսկե միջինի հայտնի տրամաբանության մեջ արդեն մի քանի հազար տարի: Այդ մասին Ազգային ժողովում «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Մենք ընդհանրապես պիտի դադարենք փրկիչներ որոնել և մենք պիտի դադարենք հավատալ մեկքայլանի փրկության երազներին: Չկա նման բան պարզապես, և ընդհանրապես չկա փրկություն: Քաղաքականության մեջ գոյություն չունի փրկության գաղափար: Փրկության գաղափարը միֆ է, որը ստեղծված է մարդկանց կառավարելու համար, և մենք չպետք է ապավինենք՝ այս կամ այն քայլով փրկության արժանանալու այսօրվա ժամանակակից աշխարհում»,- ասաց նա:

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության՝ նախագծին առնչվող քննադատություններին՝ Կոնջորյանը նկատեց, որ այն, ինչ անում է ընդդիմությունը, դասական «Կիկոսի մահի սինդրոմ» է:

«Դուք «Կիկոսի մահի սինդրոմով» փորձում եք բացատրել ՀՀ արտաքին քաղաքականությունը նաև այս օրենքի նախագծի տրամաբանության մեջ: Դուք կառուցում եք քաղաքագիտական, աշխարհաքաղաքական բայղուշության մի տեսլական և ասում եք ժողովրդին՝ եթե մենք մի քիչ աջ անենք, ձախ անենք, այս կողմ-այն կողմ անենք, եթե մենք սկսենք սովորել ինքնուրույն քաղաքականություն իրագործել, եթե մենք մեր քայլերի համար ինքներս պատասխանատվություն ստանձնենք, մեզ կպատժեն: Դուք գնում եք հին, կոտրած տաշտակի մոդելը բերում դնում եք սեղանի վրա»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Հայաստանն իրականացնում է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել